44-ամյա Եսայի Քարամյանը, ով հունիսի 12-ին ոստիկանության կիրառած հատուկ միջոցներից ամենածանր վնասվածքներ ստացած քաղաքացին է, վերջապես տուժող է ճանաչվել։ Քարամյանի շահերը ներկայացնող փաստաբան Մանուշ Եսայանի խոսքով, ինքը անցած ուրբաթ օրը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Քննչական կոմիտե, պահանջելով քրեական վարույթ հարուցել Քր օր 441 /Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը/ եւ մի շարք այլ հոդվածներով։
«Մեզ հասած ծանուցման մեջ նշված չէ, թե որ հոդվածով է վարույթ հարուցվել, հավանաբար այն նույն հոդվածներով, որով մենք դիմել էինք»,- ասում է փաստաբանը։ Նրա խոսքով, իրավական տեսակյունից անընդունելի է այն փաստը, որ Եսային տուժող է ճանաչվում իր հետ տեղի ունեցած դեպքից ավելի քան տասը օր անց.
«Երբ դեպքերի նույն օրը քրեական վարույթ հարուցվեց զանգվածային անկարգությունների հոդվածքով, անմիջապես քննչական գործողություններ սկսվեցին, Եսային հարցաքննվեց որպես վկա, որովհետեւ այդ հոդվածը, այսպես ասած, պետության շահից է։ Բայց ի սկզբանե ակնհայտ էր, չէ՞, թե որտեղից է Եսային հիվանդանոց տեղափոխվել, թե ինչ է եղել իր հետ, հետեւաբար պետք է անմիջապես համապատասխան քրեական վարույթ հարուցվեր»։
Ի դեպ, Քարամյանը երկու օրից ընդհանուր անզգայացմամբ երկորդ վիրահատույթյունն է տանելու։ Եսայու փոխանցմամբ, դա լինելու է հերթական վիրահատությունը, որով պետք է լրացուցիչ քայլեր արվեն մատներ կորցրած իր ձեռքը մի քիչ էլ կարգի բերելու համար։
«Ընդհանուր դրական դինամիկա կա, ուղղակի առաջին վիրահատությունը, որը արվեց դեպքից անմիջապես հետո, հրատապ էր եւ խնդիրը շատ արագ քայլեր ձեռնակրել էն։ Հիմա բժիշկները պետք է նայեն, թե ինչ կա էլ անելու։ Մի հատված կա, որ գույնը փոխել է, կարծում եմ այդ մասը կհեռացվի, բայց բարեբախտաբար լրացուցիչ ամպոիտացիայի հարց դեռեւս չկա»,- մեզ փոխանցեց Եսային։
Հիշեցնենք, որ Եսայի Քարամյանը Գաֆեսջյան արվեստի կենտրոնի ֆոնդապահն է։ Նա ոստիկակական գործողությունների հետեւանքով կորցրել է ձեռքի մատները, ստացել բազմաթիվ բեկորային վնասվածքներ։ Դեպքից հետո բժիշկները արել են ամեն ինչ, որ կարիք չլինի ամպուտացնել նրա դաստակը։
Եսայու կնոջ, Նաիրա Սահակյանի խոսքով, բժիշկները իրենց գործը լավ են անում.«Իհարկե, աջ ձեռքի ֆունկցիոնալությունը ետ չենք բերի, բայց չենք հուսահատվում։ Մի օր (հուսով եմ ոչ հեռու ապագայում) մեր երկրում էլ նորմալ ոստիկան կլինի, այլ ոչ թե զինված հանցախումբ, որ պատրաստ է երկու կոպեկի համար ամեն հրաման կատարել։ Դե իսկ հրաման տվողներն էլ իրենց արժանի պատիժը կստանան վաղ թե ուշ։ Չեն մարսելու»:
Անի Գևորգյան
Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։