Հակոբջանյանների բազմանդամ ընտանիքը, 6 անչափահաս երեխաներ են, Արցախից բռնի տեղահանվելիս հոգեբանական բռնության են ենթարկվել։ Դեպքը տեղի է ունեցել Հակարիի անցակետում՝ զինված ադրբեջանցիները հարվածներ են հասցրել ավտոմեքենային և հայհոյանքներ հնչեցրել։ Այս մասին Forrights.am-ի հետ զրույցում ասաց ընտանիքի մայրը՝ Սուսաննա Հակոբջանյանը։
«Հակարիի կամուրջին ամուսնուս ավտոմեքենան փչացավ՝ ռենտգեն ապարատի մեջ, գոռում էին մեր վրա՝ քշի գնա, քշի գնա, հայհոյանքներ էին տալիս մեզ։ Բագաժնիկը բացեցին, քացով խփեցին, էրեխեքը այնպես վախեցան։ Երեխաները մեքենայի մեջ էին, երկու հոգով էին, մեկը քացով մեքենային էր խփում։ Էրեխեքը լացում էին՝ մամա, էս ո՞վ են, ի՞նչ են անում, ասում էի՝ մի վախեցեք, ռուսներն են, բայց չէին հավատում, հասկացել էին՝ ասում էին, մամա թուրքերն են։ Երեխաներս շատ էին վախեցել»,-ասում է մայրն ու շեշտում, որ վախը երեխաներին ուղեկցել է նաև Հայաստան տեղափոխվելուց հետո։
«Այստեղ ինքնաթիռի ձայն էին լսում, վախեցած հարցնում էին՝ մամա, կարո՞ղ է այստեղ էլ սկսվի»,-ասաց արցախցի 40-ամյա կինը։
Հակոբջանյանները Ստեփանակերտից են։ Ընտանիքում ութ հոգի են՝ վեց անչաձահաս երեխա և հայրն ու մայրը։ Փոքրիկներն Արցախում դաժան օրեր են անցկացրել, երկարատև բլոկադայից, թերսնումից հետո սեպտեմբերի 19-ին սկսված պատերազմը սարսափեցրել է նրանց։
«Սեպտեմբերի 19-ին երեխաներս ուշագնաց են եղել։ Ռիտան՝ դպրոցում, Մավրիկը՝ տան դիմաց, հասկացել են կռիվ է։ Մենք էլ տեղ չունեինք գնալու, ամբողջ գիշեր մեր տան առաջին հարկում ենք մնացել։ Ահավոր կրակում էին։ Կրակոցները մեր տան վերևով էին անցնում, բեկորները կտուրին էին ընկում։ Զանգեցի փրկարար ծառայություն, որ գան, օգնեն գնանք նկուղ, ասացին՝ տնից դուրս չգաք, վերևում անօդաչու կա, իրենք էլ չկան»,-ասաց մայրը։
Սուսաննան հիշում է՝ մինչ Արցախից դուրս գալը Ստեփանակերտում ադրբեջանցիները իրեն էլ են ահաբեկել։
«Արցախում մնացել ենք մինչև սեպտեմբերի 29-ը։ Երեխաները սոված, ծարավ, հաց չկար։ Սեպտեմբերի 28-ին իմացա, որ ինչ-որ փուռ կա, որ հաց են թխում, գնացի, որ բերեմ ադրբեջանցիներին հանդիպեցի՝ ոստիկանական ավտոմեքենայով։ Ախպորս 13 տարեկան երեխու հետ էի, ասացի՝ հեսա մեզ կվերցնեն, կտանեն։ Այնպես գոռգռացին, ես դա երբեք չեմ մոռանա»,-վերհիշեց նա։
Ութ հոգանաոց ընտանիքը հոգեբանական ծանր կացությունից հետո հիմա էլ շարունակում են ապրել սոցիալական էլ ավելի բարդ պայմաններում։ Նրանք այժմ բնակություն են հաստատել Մասիս քաղաքում։
«Առաջնային խնդիրն ամուսնուս առողջական վիճակն է, դեղեր են նշանակել, չեն կարողանում գնել։ Աջակցությունների մի մասն անցած տարվա նոյեմբերից, դեկտեմբերի չենք ստացել, այս տարվա ապրիլինը չենք ստացել։ Տան վարձը պարտքով ենք վերցրել տվել, մայիսին աջակցություն ենք ստացել, պարտքն ենք տվել»,-ներկայի խնդիրների մասին պատմում է Սուսաննան։
Նրա ամուսինը՝ 41-ամյա Սասուն Հակոբջանյանը, ոտքի մեջ 37 բեկոր ունի, 44-օրյա պատերազմին մասնակից է։ Նա 15 տարի ծառայել է Արցախի ՊԲ-ում, պատերազմի օրերին եղել է Աղդամի մոտակայքում գտնվող Շուրաբադ բնակավայրում։ Այժմ վիրահատության կարիք չունի, հենակով տեղաշարժվում է, բայց մեծ դժվարությամբ։
Ընտանիքը բռնի տեղահանվելիս չի կարողացել անհրաժեշտ գույքը իր հետ բերել, այժմ կենցաղային տարրական պարագանքերի կարիք ունեն։
«Սեղան, աթոռ, լվացքի մեքենա չունենք, երկու մահճակալ կա, երեխաները գետին են քնում։ Մենք ոչ մի բան չունենք, միայն հեռուստացույցն ենք բերել, սառնարանն էլ այստեղ են տվել»,-ասաց ընտանիքի մայրը։
Տիկին Սուսաննայի փոքրի տղան մեկ տարեկան է։ Մայրական խնամքի կարիք ունի, բացի այս մյուս երեխաների ու հաշմանդամություն ունեցող ամուսնու հանգամանքը թույլ չի տալիս աշխատանք գտնել։ Սակայն, մեկ գաղափար ունի, որը ֆինանսավորման անհրաժեշտություն ունի։ Հույս ունի, որ որևէ տեղից աջակցություն կլինի։
«Տարածքում մի սենյակ կա, որտեղ կուզեի թոնրով հաց թխել։ Թոնիրը չկա, որ գործը սկսես պետք է մի թեթև գումար լինի։ Սա տան մոտ է, կարող եմ աշխատել, Ստեփանակերտում աշխատել եմ հացի փռում։ Միայնակ չեմ կարող, պետք է օգնող ձեռք լինի»,-ասում է բազմազավակ մայրը։
Նարեկ Կիրակոսյան
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։