Հայաստանի իրավապահ համկարգն Արցախից բռնի տեղահանված Արտակ Գասպարյանից ցանկանում է բռնագանցել միակ գույքը՝ ավտոմեքենան։ Այս մասին Forrights.am-ին ահազանգում է Արտակ Գասպարյանը։ Նրա գործունեության հետ կապված Արցախում քրեական վարույթ է նախաձեռնվել և Արտակ Գասպարյանի փոխանցմամբ այն Ստեփանակերտից տեղափոխվել է Երևան։ Խոսքն առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու հետ է կապված։ Նա միաժամանակ պնդում է, որ չնայած Արցախում իրեն զրկել են վարորդական իրավունքից, սակայն, մինչ բռնի տեղահանումը համաներում է կիրառվել։
«Ինձ ասում են առանց վարորդական իրավունքի մեքենա եմ վարել, ասում են զրկված ես եղել, բայց ինձ Ստեփանակերտում համաներել են, պարզապես լույս չի եղել, որ այդ թուղթը տպեն, տան ինձ, բայց ես գիտեմ, որ իմ համաներման որոշումը փոխանցել են Հայաստանի ոստիկանությանը։ Ես խոսել եմ մեր Արցախի ոստիկանության ՃՈ-ի պետի հետ ասում է, որ համաներված եմ ու թղթերը այստեղի ոստիկանությունում է։ Ասել եմ՝ մի թուղթ տվեք, որ իրենց ցույց տամ, ասում են՝ սաղ տվել ենք ՀՀ ոստիկանությանը»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց Արտակ Գասպարյանը։
Արտակ Գասպարյանի փաստաբան Վլադիմիր Հայրապետյանի փոխանցմամբ՝ Արտակ Գասպարյանից ցանկանում են բռնագանձել 375 հազար դրամ, սակայն, քանի որ նա վճարունակ չէ որոշում է կայացվել բռնագանձել գույքը։
«Վարույթը հարուցվել է նրա համար, որ Արցախում անսթափ վիճակում ավտոմեքենա է վարել ՝ ըստ Ճանապարհային ոստիկանության, համապատասխան վարույթ է նախաձեռնվել, զրկել են վարորդական իրավունքից։ Այդ կարգավիճակում կրկին վարել է ավտոմեքենան, դրա համար քրգործ է հարուցվել։ «Դատական ակտը ներկայացրեցին պրոբացիայի համապատասխան ծառայություն՝ կատարման։ Անձը որևէ սեփականություն չունենալով չկարողացավ վճարի, փախստականի կարգավիճակ ունի, հիմա Պրոբացիայի ծառայությունը դիմել է տուգանքին համապատասխան գույքի բռնագանձման համար»,-ասաց փաստաբանը։
Արտակ Գասպարյանը Արցախի ոստիկանության արձանագրության հետ, թե գինովցած ավտոմեքենա է վարել, համաձայն չէ։ Նշում է՝ վարորդական իրավունքից զրկվելուց հետո ստիպված է եղել ավտոմեքենան վարել, քանի որ զինծառայող է եղել, տագնապով կանչել են զորամաս, չգնալ չէր կարող։ Արտակը զինծառայող է, Արիության մեդալակիր, մասնակցել է 2016, 2020, 2023 թվականների պատերազմներին։ Հայաստանում նրան դատում են։
«Դատը գնում է նրա համար, որ ինձ տուգանել են Արցախում։ Տրիվոգով գնացել եմ զորամաս՝ 2022 թվականի փետրվարի 13-ին։ Տագնապ էր, ես էլ Ննգի գյուղում էի ապրում, մեր զորամասն էլ Շուշիի տակն էր, հետ գալուց կանգնեցրել են, ասում են՝ իրավունքդ ուրա, ինչու ես առանց պռավի քշում, ասում եմ՝ տագնապ էր, բա ինչպես գնայի զորամաս, զինվորականի գործն է, հենց տագնապ տան, պետք է գնաս նշված վայր։ Սրա համար գործ են հարուցել, միլիոնները, միլիարդները ջրեցին, թղթերը վառեցին, էս փոքր գործը բերեցին ստեղ։ Սրա համար դատ է գնում, 375 հազար դրամ տուգանք է սահմանվել, պետք է վճարեմ, որ գործը փակվի։ Դատարանի կողմից սահմանված տուգանք է»,-ասում է նա՝ նշելով, որ չունի գումար պետական տուգանքը վճարելու համար։
«Չեմ կարողանում մուծեմ, որտեղի՞ց մուծեմ, տան վարձը չեմ կարողանում վճարել։ Արցախում ասել եմ կտամ, բայց այստեղ չեմ կարողանում տալ, իրենք էլ ասում են՝ չես տալիս մեքենադ բռնագանձում ենք։ Ես էլ ասում եմ մի մեքենա էլ ու տուն էլ Արցախում է մնացել, գնացեք դա բռնագանձեք։ Նոր եմ աշխատանքի անցել Գրանդ Տոբակոյում անվտանգության աշխատող եմ, 135 հազար դրամ է աշխատավարձը, իսկ տան վարձը 150 000 դրամ է, տուգանքը ո՞նց վճարեմ»,-ասաց նա։
Արտակ Գասպարյանը պատմում է, որ իր ավտոմեքենան մեկ ամիս ավելի է գտնվում է Գյումրիում՝ տուգանային հրապարակում։ Ավտոմեքնենան ձեռքից վերցրել են Երևանի ճանապարհին, իր փոխանցմամբ, ստիպված է եղել մեքենայից դատարկել հագուստը, անկողնային պարագաները և տաքսիով տեղափոխել Երևան։
Արտակ Գասպարյանը մեկ այլ խնդիր էլ ունի, չի կարողանում ստանալ անձնագիր։ ՀՀ ՆԳՆ անձնագրային վարչությունից փոխանցել են, որ քրեական գործերով պայմանավորված արգելանք է կիրառված։ Անձնագիր կարող է ստանալ տուգանքը վճարելուց և քրեական վարույթը կարճվելուց հետո։ Արտակը հույս ունի, որ անձնագիրն ավելի շուտ կտրամադրեն, կկարողանա վարկ վերցնել, որպեսզի տուգանքը վճարի, սակայն, իրեն չեն ընդառաջում։
Forrights.am-ն Արտակ Գասպարյանի խնդիրների հետ կապված գրավոր հարցումներ է ուղղել ՀՀ ՆԳ նախարարությանը և ՀՀ Քննչական կոմիտեին, գերատեսչությունների պարզաբանումները կներկայացնենք ստանալուց հետո։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։