Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը և Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով դադարեցնել Արցախի ժողովրդի դեմ ատելության արշավը։
Այս արշավը ակտիվացել է այն պահից, երբ մեկ ամիս առաջ Հայաստանում սկսվեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն՝ ընդդեմ անօրինական «սահմանազատման», որը վերածվեց Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման։
Չնայած այն հանգամանքին, որ շարժումը Տավուշի մասին է և ղեկավարվում է Տավուշի թեմի առաջնորդնի ու տավուշցի պատգամավորի կողմից, արցախցիներին են «մեղադրում» Փաշինյանի իշխանությունը տապալելու մտադրության մեջ։ Ավելին, դա արվում է ամենաբարձր մակարդակով։ Նիկոլ Փաշինյանն, օրինակ, արցախցիներին անվանել է « հանրահավաքների համար 5000-անոց մատերիալ»։ Նա Արցախի գեներալներին մեղադրեց դավաճանության մեջ և ի վերջո հայտարարեց, որ դեռ 2018 թվականին պետք է հայտարարեր, որ «Ղարաբաղն Ադրբեջան է»։
Փաշինյանը պաշտոնապես վերջին անգամ Ղարաբաղում էր 2020 թվականի մայիսին՝ իր հովանավորյալի՝ նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը։ Ավելին, առաջին անգամ երդմնակալությունը տեղի ունեցավ Շուշիում, և բանկետին ներկա էր ողջ նոր հայ «ազնվականությունը», չնայած կորոնավիրուսի ծանր պայմաններին։
«Երդմնակալությունից» հետո Հարությունյանն ու Փաշինյանը հանկարծ որոշեցին «կորոնավիրուսային» սահմաններ հաստատել Հայաստանի և Արցախի միջև. 2020 թվականի պատերազմից մի քանի ամիս առաջ Արցախը ամբողջովին փակվեց տեղաշարժի համար՝ թե՛ ներսից, թե՛ դրսից։ Եվ մինչ օրս ոչ ոք չի գնահատել, թե ինչու պատերազմից 5 պակաս Հայաստանի և Արցախի միջև «կարանտինային սահման» հայտնվեց։
2020 թվականի նոյեմբերի 9-ի ամոթալի հայտարարության տակ ստորագրած Նիկոլ Փաշինյանը երբեք չի գնացել Արցախ, ավելին, նա գրեթե չեր ընդունոմ Արցախի ղեկավարության ներկայացուցիչներին։ Իսկ սեպտեմբերի 19-ի ագրեսիայից, Արցախի ամբողջական օկուպացիայից և նրա բնիկ բնակչության տեղահանումից հետո Փաշինյանը զրոյացրեց Արցախի ղեկավարության հետ բոլոր հանրային հարաբերությունները՝ վտարանդի Արցախի կառավարության գոյությունը Հայաստանի համար «ազգային անվտանգության սպառնալիք» անվանելով։
Հայաստանի ղեկավարության քաղաքական հռետորաբանությունից Արցախը ջնջելուն զուգահեռ, Արցախի պաշտոնյաներն ու զինվորականները դատվում են Արցախի տարածքում ենթադրյալ խախտումների համար։ Ավելին, Փաշինյանն ինքը ուղիղ ցուցումներ է տալիս իրավապահ մարմիններին։
Փաշինյանը, ով 2020 թվականից հետո պնդում է, որ Հայաստանի ԶՈՒ զինուժն ու ծանր զինատեսակները դուրս են բերվել Արցախից, Արցախի պաշտպանության բանակին մեղադրում է դիմադրությունից, իսկ Արցախի ղեկավարությանը՝ բանակցություններից հրաժարվելու մեջ։ Նա ուղղակիորեն նշում է, որ այդ բոլոր գեներալները պետք է ամբողջ կյանքում փտեն բանտում, առանց հստակեցնելու՝ ինչի համար, դիմադրելո՞ւ, թե՞ չդիմադրելու։ «Այդ մարդիկ, որոնց դուք ասում եք, որ բանտում են, վախկոտ դասալիքներ են: Բոլոր վախկոտ դավաճաններին պետք է բանտ նստեցնել, որ բանտում փտեն։ Սա Հայաստանի Հանրապետության արժանապատվության հարց է»,- ասաց Փաշինյանը։
Միեւնույն ժամանակ նա Արցախի ղեկավարությանը մեղադրում է ամբողջ բնակչությանը Արցախից դուրս բերելու համար՝ գրեթե բացահայտ ակնարկելով, որ ծրագիրն այլ է՝ ոչ բոլորը պետք է հեռանաjին։ Այ եթե Արցախի ղեկավարությունը համաձայներ նրա ծրագրին ու բանակցությունների մեջ մտներ, ապա այժմ մի քանի հազար մարդ կապրեր Արցախում, իսկ մնացածը կհամարվեին ոչ թե փախստական, այլ դասալիք։
Հիմա, երբ բոլորը հեռացել են, դժվար է առանձնացնել փախստականներին եւ դասալիքներին։ Թեեւ դա չի խանգարում բռնել նրանց, ովքեր ազդեցություն ունեն Արցախի հասարակության վրա։ Օրինակ՝ բերման են ենթարկվել Ստեփանակերտ, Մարտակերտ, Ասկերան, Հաթերք համայնքների ղեկավարները, որոնց մեղադրել են Արցախում ծառայողական մեքենաները չթողնելու մեջ։ Փաստաբանները փորձում են պարզել, թե այդ գործերով ովքե՞ր են վնասներ կրել, ովքե՞ր են տուժել, սակայն պատասխան չեն կարողանում ստանալ։
Թաթոյանի և Ստեփանյանի հայտարարության մեջ ասվում է, որ ոստիկանության ներկայացուցիչները հատկապես դաժան են ցույցերի վայրերից բերման ենթարկված արցախցիների նկատմամբ, ինչը ուղեկցվում է իրավապահների նվաստացուցիչ արտահայտություններով՝ նրանց մեղադրում են Արցախի կորստի մեջ՝ հայտարարելով, որ իրենք «տեղ չունեն» Հայաստանում։
«ՀՀ իշխանությունները չունեն Արցախի պետության նկատմամբ Արցախի համայնքային կամ պետական պաշտոնյաների պարտավորությունների, նրանց արաքների քննության որևէ իրավասություն։ Հայաստանի իշխանություններն իրենք են հրաժարվել Արցախի հետ իրավական, ինչպես նաև քաղաքական ու անգամ բարոյական բոլոր առնչություններից»,- ասված է հայտարարության մեջ։
Թե ով է մեղավոր 2023-ի իրադարձությունների համար, պետք է դեռ պարզել, բայց դժվար թե դա անի Հայաստանի գործող խորհրդարանը։ Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովը դեռևս չի պարզել 2020 թվականի 44-օրյա պատերազմի առեղծվածը։
Նաիրա Հայրումյան