Հունիսի 12-ին Ազգային ժողովի հարակից հատվածում՝ Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկված քաղաքացիները մանրամասներ են հայտնում իրենց հետ տեղի ունեցած միջադեպից։ Forrights.am-ի հետ զրույցում Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի մասնակցած Մխիթար Աբրահամյանը պնդում է, որ իրեն բռնության են ենթարկել հինգ-վեց հոգով՝ բոլորը ոստիկանության ծառայողներ։

«Ոստիկանները բռնեցին ընկերոջս՝ տարիքով, սպիտակ մազերով մարդ է, որ իրեն գողացան, ես գրկեցի հետ քաշեցի, մի տականք իմ շորերից քաշեց, լկտի բառապաշարով, չեմ ուզում իր խոսքերը կրկնել, ասաց՝ սրան տարեք։ Ինձ քաշեցին, կոշիկները թռավ հագիցս ու սկսեցին բռունցքներով հարվածել։ Ես էլ չկարողացա ոտքի վրա կանգնել, ընկա։ Սկսեցին քացիներով խփել, գազազած կենդանու նման հարվածում էին։ Վեց հոգով ինձ խփում էին, շունչս կտրվեց, մեկն էլ գոռում էր՝ շլանգություն է անում, դրան խփեք»,-ասաց նա և ավելացնելով, որ առնվազն երկու այլ քաղաքացիների ծեծի ենթարկելու դեպք էլ է արձանագրել։

«Ինձ, որ թողեցին տեսա թե ինչպես են մեկ այլ տղայի ծեծում, ճանաչեցի՝ Արշակի եղբայրն էր, Արշակը տղայիս հետ է մասնակցել պատերազմին։ Տեսա, որ որ դեմքը լրիվ արյուն էր չռում։ Հետո տեսա մի տղամարդ՝ մոտ 40 տարեկան, անգիտակից ընկած էր, ոչ մեկ չէր օգնում»,-ասաց Մխիթար Աբրահամյանը։

Նա նշում է, որ բազմաթիվ վնասվածքներ է ստացել ոստիկանների հարվածներից։ Չորս օր ստացիոնար բուժում է ստացել հիվանդանոցում, այժմ էլ մեծ դժվարությամբ է տեղաշարժվում։

«Ես հինգ հատ ստենտ ունեմ սրտիս վրա դրված, այնքան են խփել, որ կողերս ջարդվել է։ Այդ մարմնական ցավին դիմանում էի, բայց բերաները բացել էդ ինչ էին հայհոյում»,-ասաց Մխիթար Աբրահամյանը։

Նրա փոխանցմամբ՝ քաղաքացիական հագուստով ոստիկաններ են եղել, որոնք սադրանք են սկսել՝ համազգեստով ոստիկանների ուղղությամբ ինչ-որ առարկաներ նետելով և սուլելով, ինչից հետո ոստիկանությունն անցել է բիրտ մեթոդների կիրառմանը։ «Ես ոստիկանական պատնեշի դեմն էի կանգնած։ Այն ինչ տեսնում ենք ոստիկանների աշխատանքից դա ոչ մի բան է, ես տեսա, թե ինչպես են ոստիկանական խմբերը ժողովրդին քաշում իրենց մեջ, որտեղ ոչ լրագրող կա, ոչ քաղաքացիական անձ, իրենց գործն այնտեղ են անում»,-պնդում է քաղաքացին և անդրադառնալով իշխանության այն հայտարարություններին, թե Ազգային ժողովի շենք մտնելու մտադրություն են ունեցել, նշեց․

«Ինչ շենք մտնել, նման բան չկա, դա իրենց արդարացնելու համար է։ Տասը ռյադ ոստիկանություն էր կանգնած, անզեն մարդիկ ինչպե՞ս էին շենք մտնելու, սադրանքը իրենցից էր, քաղաքացիական հագուստով ոստիկանները իրեր էին նետում ոստիկանների վրա, մեզ անծանոթ էին»։

Մխիթար Աբրահամյանը դաշնակցական է, արցախյան առաջին պատերազմի մասնակից։ Որդին`Տավրոս Աբրահամյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում՝ 26 տարեկանում, Վարանգաթաղ բարձունքի պաշտպանական մարտերի ժամանակ։

Մխիթար Աբրահամյանը դեռ չի հարցաքննվել, չունի տուժողի կարգավիճակ։  Ազգային ժողովի մոտ բախումներից շուրջ մեկ շաբաթ անց դեռ հայտնի չէ` տարբեր վնասվածքներով հիվանդանոցներ դիմած 101 քաղաքացիներից քանի՞սն է տուժող ճանաչվել: Քննչական կոմիտեից հայտնում են, որ հաշվառումներ են իրականացնում։ Իրավապահ կառույցի փոխանցմամբ՝ «Տավուշը հանուն հայրենիքի» ակցիաների մեկնարկից ոստիկանների գործողությունների առնչությամբ 29 վարույթ է նախաձեռնվել, բայց դեռ ոչ մի ոստիկանի նկատմամբ հարուցված քրեական գործ չկա: Ապրիլից մինչև հիմա ոստիկանությունում էլ 41 ծառայողական քննություն և ուսումնասիրություն է իրականացվում, միայն մեկ ծառայողի լիազորություններ են կասեցվել:

Մխիթար Աբրահամյանը չի որոշել՝ իրեն բռնության ենթարկելու դեպքով հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու է, թե՝ ոչ, իրավապահների նկատմամբ վստահություն, ասաց, չունի։ Հիվանդանոցում իրեն այցելել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը, ասաց՝ հրաժարվել է հաղորդակցվել պաշտպանի հետ։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝ հոդվածում

Pin It on Pinterest