Արցախից բռնի տեղահանված 67-ամյա Նադյա Պողոսյանին դաժան հիշողությունները դեռ երկար կուղեկցեն։ Սեպտեմբերի 19-ին առավոտից սկսած յուրաքանչյուր դրվագ արցախցի կինը մեծ ցավով է հիշում։ Ամենացավոտը, սակայն, Forrights.am-ի հետ զրույցում պատմում է, որ գաղթի ճանապարհն էր։
«Երեք օր ճանապարհ եկանք, մեկը՝ ծնվեց, մեկը՝ մահացավ, ինչ ասես տեսանք»,- Forrights.am-ին փոխանցում է Նադյա Պողոսյանը, որ չի կարողանում մոռանալ սովից լացող երեխաների ձայները։
«Ամբողջ մեքենաների մեջ երեխաներ էին, սովից լացում էին։ Չոփերը հավաքեցինք, երկու քար դրեցինք, կրակ վառեցինք, ցելաֆոնի վրա խմոր հունցեցինք, ժարովնիկներով հաց թխեցինք։ Մի կին մոտեցավ, թե այս 20 հազար դրամը վերցրու, երկու հատ հաց տուր, երեխաները չեն լռում, լացում են, տանեմ, թող ուտեն։ Ասացի՝ չէ, ինչ փող, չես ամաչո՞ւմ։ Երկու հատ վերցրեցի, տվեցի իրեն, ասացի տար, երեխաներդ ուտեն։ Մնացածն էլ տվեցի իմ թոռներին, ասացի մենք մեծերով մի կերպ կդիմանանք։ Պետք է տեսնեիր, թե ավտոբուսի մեջ երեխաները ոնց էին ծվծվալով լացում՝ սոված եմ-սոված եմ։ Հակարին, որ անց կացանք, նոր հանգստացանք»,-հիշում է նա։
Շոշ գյուղից է տիկին Նադյան, չորս որդի և 12 թոռ ունի։ Սեպտեմբերի 19-ին, երբ թշնամին հարձակվել է շրջափակման մեջ գտնվող Արցախի վրա, այդ պահին նա գյուղից քիչ հեռու գտնվող աղբյուրի մոտ է եղել։
«Ես այդ օրը գնացել էի ջուր բերելու, գյուղում Լալ աղբյուր ունենք։ Վերևից սկսեցին ռմբակոծելը։ Բաչոկները գցեցի, ասացի՝ վայ, էրեխեքս տանը մենակ են։ Եկա տեսա տունը չի փոքր հարսս, գնացի մյուս տղայիս տուն։ Մեծ հարսս էլ տանը չէր։ Կրակոցների տակով գնացի գյուղամեջ, երեխաներին ու հարսիս դպրոցի պադվալից գտա։ Այդ պահին փոքր տղաս եկավ, ասաց՝ շուտ արեք, դուրս ենք գալիս, թշնամին արդեն գյուղ է մտել»,-ասում է տիկին Նադյան ու նկարագրում, թե զինված թշնամիները ինչպեես են լցվում Շոշ՝ մարմնական վնասվածքներ հասցնելով համագյուղացիներին։
«Մխիթարաշենի կողմից արդեն գյուղ էին մտել։ Ես տեսնում էի, թե ոնց են կրակելով առաջ գալիս։ Ռուսներին ասացի՝ օգնեք, դուրս գանք, պատասխանեց՝ մեզ հրաման չեն տվել, որ ձեզ օգնենք։ Ինչպես ուզում եք դուրս եկեք։ Խաղաղ բնակիչների վրա էին կրակում, չորս հոգի վիրավորվել են, չորս ջահել տղա էին․ մեկը ձեռքից, մեկը ոտքից, մեկը թիկունքից վիրավորվել են։ Մեկը հեծանիվով, մյուսը բեռնատար մեքենայով, լցվել են տրակտորի մեջ հասել են Ստեփանակերտ»,-պատմում է Նադյա Պողոսյանը։
Նա հարսների և թողների հետ մեկ շաբաթ ապաստանել է Ստեփանակերտում գործող ռեստորաններից մեկի նկուղում՝ մինչև որդիներն առաջնագծից հասել են իր մոտ։ Պատմում է, որ մեկ շաբաթ նրանցից տեղեկություն չի ունեցել, քանի որ շրջափակման մեջ են եղել։
«Երեք տղաներս առաջնագծում էին, երկուսը գերության մեջ են եղել։ Ռուսներն են փրկել։ Մեկն էլ սողալով հազիվ դուրս է եկել։ Մեկ Շուշիի մոտակայքում է եղել, մյուսն էլ Դաշուշենում է եղել»,-ասում է նա։
Տիկին Նադյան տղաների և թոռների հետ ապրում Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում։ Ամեն օր մտածում է Շոշ վերադառնալու մասին։ Այնտեղ է գտնվում ամուսնու շիրիմը, որին այցելելու հնարավորություն չունի, իսկ մեր հարցազրույցից մեկ օր անց նրա ծննդյան օրն է։
Բազմանդամ ընտանիքը նաև սոցիալական խնդիրներ ունի։ Տիկին Նադյան, որդիները և թոռներն ընդգրկված չեն ՀՀ կառավարության աջակցության ծրագրերում։ Պատճառն այն է, որ ՀՀ-ում անշարժ գույք են ունեցել, բայց այն 30 տարի առաջ վաճառել են, սակայն, Նադյա Պողոսյանի փոխանցմամբ՝ ամուսնու անունով է եղել, երեք տասնամյակ շարունակ անվանափոխություն չեն արել, այժմ էլ տվյալների բազայում ցույց է տալիս, որ սեփականություն ունեն։ Սակայն, նշում է, որ որևէ գույք չունեն։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։