Անցած տարի Արցախի հայաթափմանը նախորդած ռազմական գործողությունների հետեւանքով Մարտակերտի Վաղուհաս գյուղը ունեցել է երեք զոհ։ Սահմանամերձ գյուղի  բնակիչները մի կերպ են կարողացել հեռանալ՝ մինչեւ թշնամու թափանցումը իրենց բնակավայր։

Ասատուր Վերդյանը, ով բռնի տեղահանությունից հետո ընտանիքի հետ հաստատվել է Արարատի մարզի բնակավայրերից մեկում, պատմում է.«Թշնամին արդեն մտել էր գյուղ, ժողովուրդին կամազներով ենք հանել։ 150-200 հատ ավտո ենք թողել գյուղում։ Էլ բանակ չկար, գյուղի տղերքն էին պոստերը պահում, ամեն մեկին մեկն էլ 4-5 երեխա ունեցող։ Տղերքը մնացին այնտեղ զասադում, որ մյուսները կարողանան գյուղից հեռանան։ Մարդկանց կեսին չկարողացանք հանենք, անտառների միջով գնացինք, գիշերը մնացինք Դրմբոն գյուղում, առավոտը շարժվեցինք Ստեփանակերտ։ Այնտեղ էլ վիճակը շատ վատ էր։ Ոչ հաց կար,  ոչ անհրաժեշտ այլ բաներ։ Հետո էլ երկու օր ճամփեքին… մի կերպ եկանք հասանք այստեղ»։

Ասատուրը հիշեցնում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ եւս գյուղը զոհեր էր ունեցել, նաեւ անհետ կորածներ։ Նրանց թվում նաեւ կին կար։ Ինչպես հայտնի է, 42-ամյա Իրինա Մուսայելյանը 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած միակ կինն է։ Նրա անունը մի անգամ սխալմամբ ընդգրկվել էր զոհվածների ցուցակում, ընտանիքի անդամները բազմիցս ԴՆԹ թեստ էին հանձնել, բայց համընկնում չէր եղել։ Հարազատները կարծում են, որ Իրինան գերի է Ադրբեջանում։

Ասատուր Վերդյանը հիշում է, թե ինչ էր կատարվում Ստեփանակերտում, երբ իրենք հասան այնտեղ. «Դե պարզ է, բլոկադա, ահավոր վիճակ։ Ջահել տղերքն էլ դեռ չկային, երեք-չորս օր զասադի մեջ են մնացել։ Նոր մի երեք օրից հետո խաբարներ են սկսել գալ, թե ով է սաղ մնացել, ով էլ չկա…Այդ մարդկանց ընտանիքները ցրված՝ կեսը համալսարանի, կեսը դպրոցների պոդվալներում էին… գնացել սալյարկա ենք գտել յոթ հոգով, այդքանով ֆորդն ենք նստել, գնացել կողքի գյուղերից անասուն ենք գտել, մորթել ենք, կարտոֆիլ ենք բոստաններից հավաքել, մաքրել ենք, լցրել ենք քառասուն կգ-անոց ղազանների մեջ, եփել ենք, այն ընտանիքներին, որի տղամարդիկ դեռ բլոկադայի մեջ էին, լուր չկար, իրենք էլ վատ վիճակում, բերել ենք մի քանի կտոր միս տոոպրակներով տվել ենք։ Մի շաբաթ մարդկանց այդպես ենք պահել, հետո ճամփա ենք ընկել դեպի Հայաստան։ Մի 40 հոգի միայն Կամազի կուզովում են եղել։ Արդեն երկրորդ օրն էր ճամփին, բայց միայն  հարյուր մետր էինք առաջ գնացել… որ ասում են ցեղասպանություն… սա է։ Երկու օր մեքենաների մեջ այդքան սոված-ծարավ մարդ, երեխաներ, ծերեր, ոչինչ անել չես կարող։ Ճամփի հանդիպած գյուղերը արդեն դատարկ էին, մարդիկ հապշտապ սաղ թողել դուրս էին եկել, հեռացել էին։ Մեր կանայք ասացին, եթե ալյուր կարողանաք գտնեք, բերեք, մի հատ էլ մետաղական լիստ բերեք, մենք լավաշ կսարքենք։ Մենք ալյուր գտանք, կանայք սկսեցին ճամփի եզրին լավաշ սարքել։ Հիշում եմ այդ պահը. Ավտոշարասյան կողքով սկսեցինք քայլել, մարդկանց լավաշ բաժանել, գոնե դրանով կարողացել ենք մարդկանց օգտակար լինել»։

Ասատուրը ժպտալով պատմում է, որ ընդամենը տասը օր առաջ է հայր դարձել, եւ քր թոռան հայտնվելը ընտանիքի մեծերին օգնել է մի փոքր շեղվել իրենց վշտից։

«Ընտանիքների մեծերն են շատ վատ վիճակում, որ երեսուն տարվա իրանց արածը կորցրել են։ Հիմա որ տանը երեխա կա, մի քիչ շեղվում են դրանով,, բայց առաջին երկու ամիսներին ահավոր վիճակ էր, ոչ հետները խոսալ էր լինում, ոչ էլ։ Շատերը այստեղ չեն պատկերացնում, չեն հասկանում, կամ չեն ուզում հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել մեզ հետ։ Մեր մասին շատ են վատ բաներ ասում, ասում են՝ թողել եք, փախել եք Հայաստան, ես էլ ասում եմ՝ բա ինչի՞ չեկաք մեր հետ պահելու։ Շատերը չեն հասկանում, թե մենք այնտեղ ինչեր ենք թողնում, ինչպես ենք ապրել, ինչպես ենք մեր կյանքը կառուցել, ամեն ինչ ստեղծել… Հիմա այնքան որ ապրում ենք, մինչեւ հասկանանք, թե ինչ կլինի։ Այսօրվա խնդիրներով ենք ապրում, ավելին չենք կարող մտածել։ Ինչ կար-չկար թողել ենք, անգամ հին նկարները չենք վերցրել։ Հիմա որ ուզում են փոքր ժամանակվա նկար մեկին ցույց տաս՝ չկա։ Ոնց որ մեր կյանքը, մեր մանկությունը ջնջված լինեն»,- ասում է Ասատուրը։

Նա ասում է՝ շատ է ցավում, որ որդին ծնվել է իր պապերի, իր հոր տանից հեռու, ու անգամ լուսանկար չկա, որով ինքը մի օր կարողանա իր զավակին ցույց տա իր նախկին կյանքը։

Անի Գևորգյան

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest