Երեկ իրավապաշտօան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության», կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան էջի միջոցով հանրայնացրեց ազգության եզդի երիտասարդի՝ Անդրեյ Խալիլյանի նկատմամբ կատարված ապօրինությունները, որոնց մասին քրեակատարողական ծառայութունը նախընտրում էր լռել։ «Արդեն 15 օր, Մայիսի 27-ից Նուբարաշեն ՔԿՀ-ում հացադուլ է սկսել ազգությամբ եզդի դատապարտյալ, 25 ամյա Անդրեյ Խալիլյանը, — գրում է իրավապաշտպանը, — նրա ճնշումը վերջին անգամ չափելուց հետո բժիշկն ասել է՝ եթե մի 5 օր էլ անցնի դու չես դիմանա, կմեռնես։ Նրա պահանջը պարզ մի բան է՝ փոխել իր խուցը, ինչը չեն անում»,։
Մեկ անգամ, ըստ Ժաննա Ալեքսանյանի, նրան տեղափոխել են մի խուց, որտեղ նրան ծեծի են ենթարկել, չնայած որ զգուշացրել էր, որ այդ անձի հետ խնդիրներ ունի։ Հացադուլի, խնդիրների մասին երիտասարդնը տեղեկացրել է «Նուբարաշեն», ՔԿՀ ղեկավարությանը, ՔԿԾ-ին, սակայն անարձագանք է մնացել։ «Նրան Նուբարաշենում նսեմացնում են և երիտասարդը տպավորություն ունի, որ իր նկատմամբ խտրական վերաբերմունք կա։ Հացադուլավորին չի այցելել ոչ ՄԻՊ-ը, ոչ էլ ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը»,, — գրել էր երեկ Ժաննա Ալեքսանյանը։
Դատապարտյալի մայրը՝ Ռուզաննա Խալիլյանը մանրամասներ պատմեց Forrights․am-ին․ «Արդեն 16 օր է, տղաս հացադուլում է, նա նվազ երեխա է, եթե մի 10-15 օր էլ մնա հացադուլի մեջ, կմահանա։ Երեկ երեկոյան տղաս ասեց՝ մամա, ինձ ճնշում են։ Նա առաջ մենակ էր ապրում իր խցում։ Հիմա Հսկողություն են սահմանել տղայիս վրա։ Հունվարին իրեն ծեծի են ենթարկել։ Տղաս հիմա էլ շատ վատ վիճակում է»,։
Ռուզաննան պատմեց, որ իր 7 տարեկան երեխայի հետ, որը սրտի հիվանդություն ունի, մի քանի անգամ գնացել է ՔԿԾ տարբեր պետերի մոտ, ժամերով սպասել է ընդունարաններում, նրան ոչ ոք չի ընդունել։
«Տղաս միակողմանի ծնողազուրկ երեխա է, ես սոցիալապես անապահով եմ, հինգ տարի ինքը բանտում աշխատում էր, շատ քիչ էր վճարվում, բայց ես դրան էլ եմ համաձայն եղել, միայն թե տղայիս թողնեն ապրի։ Նա կոնֆլիկտ ունի պետերի հետ, նրան հսկողության տակ են առնում։ Շատ անհանգիստ եմ իր վիճակի համար։ Եթե նրա հետ մի բան լինի, Ես ինքնասպան կլինեմ»,, բողոքում է եզդի կինը, մեղադրելով ՔԿԾ ղեկավարությանը դատապարտյալների միջև ազգային խտրականություն դնելու համար։
Ժաննա Ալեքսանյանի գրառմանը այսօր արձագանքել է քրեակատարողական ծառայությունը, հայտնելով, որ դատապարտյալ Խալիլյանը դադարեցրել է հացադուլը։ <<Հունիսի 10-ին «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան օգտահաշվում զետեղել էր հրապարակում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Անդրեյ Խալիլյանի վերաբերյալ։ Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ Անդրեյ Խալիլյանի կյանքին վտանգ չի սպառնում, ներկա պահին նա դուրս է եկել հացադուլից։ Ա․ Խալիլյանի վերաբերյալ միջադեպի նախապատմությունը հետևյալն է․ Ա․ Խալիլյանը 2023 թվականի դեկտեմբերին դիմում է ներկայացրել՝ խնդրելով, որ իրեն տեղափոխեն կոնկրետ մասնաշենքի կոնկրետ խուց, ինչը բավարարվել էր։
2024թ․ մայիսի 24-ին Ա․ Խալիլյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է խցակցի հետ, որի ընթացքում ստացել է մարմնական վնասվածքներ։ Դեպքի առթիվ նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ հարուցվել է քրեական վարույթ։
Սույն թվականի մայիսի 27-ին Ա․ Խալիլյանը դիմում է ներկայացրել հացադուլի մասին՝ պատճառաբանելով, որ ցանկանում է պահվել մեկուսի։ Նրան տեղափոխել են հացադուլ հայտարարած անձանց համար նախատեսված խուց։
Մայիսի 30-ին նշված խցում իրականացվել է խուզարկություն, որի արդյունքում խցում հայտնաբերվել է քաղցրավենիք։ Հիմնարկի պետի որոշմամբ հացադուլը համարվել է դադարեցված։ Սակայն նույն օրը՝ մայիսի 30-ին, Ա․ Խալիլյանը նորից հայտարարել է հացադուլ միևնույն պատճառաբանությամբ։ Նրա՝ մեկուսի պահվելու դիմումը մերժվել է օրենքով սահմանված պայմանների բացակայության պատճառաբանությամբ։
Հավելենք, որ Ա․ Խալիլյանը հունիսի 10-ին տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց՝ ընդհանուր հետազոտության, առողջական վիճակը գնահատվել է բավարար, որից հետո նա վերադարձվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Դատապարտյալի հետ պարբերաբար տարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս հունիսի 11-ին հրաժարվել է իր անօրինական պահանջից և դադարեցրել հացադուլը։ Ինչպես նախկինում, ներկայում ևս Ա․ Խալիլյանի առողջությանը որևէ վտանգ չի սպառնում։Խալիլյանին այցելելլ են ՄԻՊ գրասենյակից>>։ ՄԻՊ տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Անդրեյ Խալիլյանին տեղափոխել են այլ խուց։
Պատասխանը ՔԿԾ-ին բնորոշ ոճով մեղադրանքներ է պարունակում դատապարտյալի հասցեին։ Նոիբարաշեն ՔԿՀ ղեկավարությունը պարտավոր է դատապարտյալի համար ստեղծել պայմաններ և տեղավորել նրան այնպիսի խցակցի հետ, որի հետ նա խնդիրներ չունի
Իրադարձությունների զարգացմանը, դատապարտյալի հետագա ճակատագրին կհետևենք։
Սյուզան Սիմոնյան