24-ամյա Դիանա Փահրամազյանը իր երրորդ երեխային ունեցել է 2022-ի դեկտեմբերի 7-ին, այն նույն օրը, երբ փակվել է Լաչինի միջանցքն ու Արցախը հայտնվել է շրջափակման մեջ։ Երիտասարդ կինը պատմում է՝ այն ժամանակ պատկերացնել անգամ չէր կարող, որ իր փոքրիկ դստեր առաջին տարեդարձը նշելու է հարազատ բնակավայրից հեռու, Արարատի մարզի Սուրենավան գյուղի կիսաքանդ տնակում։

Փահրամազյանների ընտանիքը Մարտունիից է։ Դիանայի ամուսինը՝ Աշոտը գյուղում զբաղվել է անասնապահությամբ։ «Ծնվել, մեծացել եմ Ճարտար գյուղում, ամուսնանալուց հետո տեղափոխվել եմ Մուշկապատ գյուղ»,- պատմում է Դիանան։

Երեք երեխաների մայրը հիշում է շրջափակման ծանր ամիսները, երբ չկային առաջին անհրաժեշտության իրեր ու մթերք, եւ իրենք փորձում էին այնպես անել, որ երեխաները ոչնչի պակասը չզգան.«Գյուղում համեմատ հեշտ էր։ Մեկը մի բան էր վարում, բոստան էր դնում, մի քիչ հեշտանում էր, բայց շատ դժվար էր… եղածը անմոռանալի է…Հիմա հետ նայելով եւ այդ ծանր շրջանն ենք հիշում, երբ բան չկար, համ էլ մեր երեխա ժամանակներն ենք հիշում մեր ծննդավայրում… մեր ծննդավայրն այնտեղ է։ ՈՒրիշ տեղ կարո՞ղ ես ապրել այնպես, ինչպես քո ծննդավայրում»:

Ընտանիքը կարողացել է հեռանալիս տանից վերցնել միայն հեռուստացույցը։ «Այստեղ ինչ տեսնում եք, հարեւանների տվածն է, մենք այստեղ ոչինչ չունենք… մեր գյուղում, մեր տանը ամեն ինչ ունեինք՝ 65 գլուխ անասուն, հողեր, երկու տուն, մեքենա… հազիվ ենք նստել, հասել ենք Ստեփանակերտ, միայն թե մեր ընտանիքը մեր երեխաների փրկեինք… Գյուղից բոլորը գնացել էին, մենք էինք մնացել։ Սնարյադները հենց մեր տան մոտ էին տրաքում, երեխաները սարսափում էին։ Ասկոլկեքը ցրիվ էին գալիս մեր տան կողքը»,- ասում է Դիանայի ամուսինը՝ Աշոտը։ Նա պատմում է, որ իրենք Հայաստան են տեղափոխվել Նիվա մակնիշի ավտոմեքենայով, ընդ որում այդ մեքենայում տեղավորվել են ութ հոգով։ «Մեջս հույս կա, որ մի օր կարող է հետ գնանք։ Առավոտյան որ արթնանում եմ, մեր գյուղն եմ հիշում, մեր տունն եմ հիշում.. Հորեղբորս տղան է զոհվել, հորքուրիս տղան էլ։ Երկուսն էլ պոստերում… Ով էր պատկերացնում, որ կարող ենք Արցախից մի օր հեռանալ։ Ամեն օր ասում էինք՝ սաղ լավ ա լինելու ու այդպես օրերը անց էինք կացնում»,- ասում է Աշոտը։

Այժմ նա աշխատում է մոտակա գործարաններից մեկում, սակայն նշում է՝ աշխատավարձը տալիս են երեք ամիսը մեկ, իսկ ստացած գումարն էլ չի բավարարում ընտանիքի կարիքները հոգալու համար.

«Վերջին ցուրտ ամիսների ընթացքում փայտ ենք բերել, որ կարողանանք տունը տաքացնենք, այստեղ գազ չկա։ Շատ դժվար էր, չգիտեինք, մեր ունեցած միջոցները փայտ գնելու վրա ծախսենք, թե երեխաների համար անհրաժեշտ բաներն առնենք, ջերմություն ստեղծենք… հիմա ամառ է, բայց երբ նորից ցրտերն ընկնեն, չգիտենք ինչ ենք անելու։ Հիմա մեզ համար ամեն ինչն անորոշ է…Մարդ եթե իր տանիքն ունենա, մնացած ամեն ինչը ստեղծող է, եթե մի փոքր հողակտոր լինի, մարդ ամեն ինչ կարա կառուցի»։

Անի Գևորգյան

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest