Արցախից բռնի տեղահանված Արտակ Գասպարյանը Հայաստան տեղափոխվելուց հետո հայտնվել է գերատեսչությունների քաշքշուկների մեջ։ Այս մասին Forrights.am-ի հետ զրույցում ասում է 37-ամյա Արտակ Գասպարյանը։
Հայաստան հասնելուց որոշ ժամանակ անց նրան Քննչական կոմիտե են հրավիրել Արցախում հատած ծառերի հարցով և նշել, թե քրգործը այժմ ՀՀ ՔԿ-ի վարույթում է։
«Ես Արցախում անտառից ծառ հատելու թույլտվություն եմ ունեցել, Ննգի համայնքում։ Անտառտնտեսությունից եկել պեչատել են, թե ես որ ծառերը պետք է կտրեմ։ Իրենց որոշմամբ ես ծառերը կտրել եմ, բերել եմ մեր բակ, օրենքով է եղել, ես վճարում եմ կատարել դրա համար։ Հետո անտառապահը եկավ ասաց, թե ինչու ես մտել անտառ, ես չեկ եմ ունեցել, ցույց եմ տվել։ Արցախում քրգործ է հարուցվել, հետո տեղափոխվել է Հայաստան»,-ասում է Արտակը և նշում, որ Հայաստանում ստիպված է եղել տույժ վճարել այժմ օկուպացված Արցախում ծառեր հատելու համար։
«Ինձ այստեղի քննչականից զանգեցին, կանչեցին, ասացին, որ պետք է 28 հազար դրամ վճարեմ՝ որպես տույժ։ Ես էլ վճարեցի, գործը փակվեց»,-ասում է նա։
Արտակը Նննգի համայնքից է, պայմանագրային զինծառայող, մարտական գործողությունների մասնակից։
ՔԿ-ի գործը փակվելուց հետո նա մեկ այլ գերատեսչությունում՝ Ներքին գործերի նախարարությունում է, խնդիրների բախվել։ Արտակի ավտոմեքենան տարել են տուգանային հրապարակ՝ վարորդական իրավունք չունենալու հիմնավորմամբ։
«Ինձ Արցախում զրկել էին վարորդական իրավունքից, բայց հետո համաներում էին կիրառել, որ կարող եմ մեքենա վարել։ Եկել եմ այստեղ էլի ցույց է տալիս, որ ես վարորդական իրավունքից զրկված եմ։ Հարցնում եմ՝ ինչու է այդպես, բան չեն պատասխանում։ Հիմա էլ այստեղ ուրիշ քրեական գործ են հարուցում, որ առանց վարորդական իրավունքի մեքենա եմ քշել, մեքենաս էլ տարել են Գյումրի՝ տուգանային հրապարակ։ Մեքենան մայիսի 16-ին ձեռքիցս վերցրել են»,-ասում է նա։
Ավտոմեքենան միակ արժեքավոր գույքն է եղել, որ Արտակը կարողացել է Արցախից բերել։ Նա բռնի տեղահանվել է 2023 թվականի սեպտեմբերի 29-ին՝ ծնողների և եղբոր ընտանիքի հետ։ Այժմ բնակվում է Մասիս քաղաքում, Երևանում աշխատանք է գտել, բայց ավտոմեքենայի բացակայության պատճառով մայրաքաղաք հասնելու խնդրի առջև է կանգնել։
«Այդ ավտոյով ես գնում էի գործի, գալիս էի տուն։ Երևանում եմ աշխատանքի անցել՝ Գրանտ Տոբակոյում»,-ասում է նա ու անցում կատարում մեկ այլ խնդրի՝ նշում է, ՀՀ-ում իրեն նոր անձնագիր չեն տալիս։
«Ինձ անձնագիր էլ չեն տալիս, ասում են՝ վրադ զապրետ է դրած, բայց չգիտեմ թե ինչու է դրած։ Հարց եմ տալիս՝ ինչու եք ինձ զրկել անձնագրից, ինձ է նայում, պատասխան չի տալիս։ Իմ անձնագրի ժամկետն անցել է, հինը տվել եմ իրենց բայց նորը չեն տալիս, ասում են զապրետ է դրված»,-ասում է նա։
Forrights.am-ն Արտակ Գասպարյանի հարցով դիմել է Ներքին գործերի նախարարություն՝ պարզելու համար, թե ինչու են մեքենան տարել տուգանային հրապարակ, երբ Ստեփանակերտում վերացվել է վարորդական իրավունքի վրա դրված արգելը, և, ինչու չեն տրամադրում նոր անձնագիր։ Գերատեսչությունից դեռ պարզաբանում չեն ներկայացրել։ Forrights.am-ը հետևողական կլինի, որ Արտակ Գասպարյանի խնդիրները պետական գերատեսչությունների հետ կապված լուծումներ ստանան։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։