Կառավարությունը ապրիլի 18-ին որոշում ընդունեց, որի համաձայն՝ կրճատվում է հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակա անձինք ոչ պիտանի են ճանաչվում։ Այս որոշմամբ բանակ կարող են զորակոչվել թեթև աստիճանի մտավոր հետամնացություն, գանգոսկրեր, գլխուղեղի նորագոյացություններ՝ կիստաներ, գիշերամիզություն ունեցող  երիտասարդները։ Նիկոլ Փաշինյանի կառավարության հիմնավորումն այն է, որ  այս խստացմամբ փորձում են վերացնել կոռուպցիոն ռիսկերը։

Կառավարության նիստի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հիմնավորել էր, որ այս հիվանդություններով զորակոչից ազատվող անձանց թիվն ամեն տարի կասկածելիորեն աճել է։ Ըստ նրա՝ եթե 2020-ին թեթև աստիճանի մտավոր հետամնացության ախտանիշներով ոչ պիտանի է ճանաչվել 188 զորակոչիկ, 2022-ի ձմեռային զորակոչի ժամանակ այդ թիվը գրեթե կրկնապատկվել է։

Կիստաների ախտորոշմամբ զորակոչիկներին հետազոտելու և փորձաքննելու համար մեծ մասամբ հիմք են հանդիսացել հենց զորակոչիկների նախաձեռնությամբ իրականացված ՄՌՏ հետազոտությունները։ 2023-ի ամառային զորակոչի ընթացքում ներկայացված ավելի քան 1400 ՄՌՏ հետազոտություններից կեսի դեպքում զորակոչիկները ճանաչվել են ծառայության համար ոչ պիտանի։

Կառավարության այս որոշումն ու պաշտոնյաների հիմնավորումները անհանգստություններ են առաջացրել առողջական խնդիրներ ունեցող ծնողների մոտ, որոնց տղաները նախազորկոչային տարիքում են գտնվում։ Forrights.am-ի խմբագրություն ահազանգած կինը, որի որդին 17 տարեկան է՝ նշեց, զինկոմից արդեն ծանուցում են ստացել ներկայանալու համար։ Քաղաքացին անանուն մնալու պայմանով է միայն ներկայացնում որդու վիճակը պետական գորատեսչությունների կողմից չթիրախավորվելու համար։ Նրա փոխանցամբ՝ որդին թեթև աստիճանի մտավոր հետամնացություն ունի։

«Իմ տղան մի շարք խնդիրներ ունի․ մոռանում է իր անունը, մեր տան տեղը, իր ծննդյան օրը։ Հինգ տարեկանից հետազոտվում է ու բուժվում է։ Մարդկանց հետ մեծ դժվարությամբ է շփվում, նոր շփումներ չի կարողանում հաստատել։ Լուրջ խնդիր է, երբ երեխան կոնտակտի մեջ չի մտնում»,-ասում է մայրը և պատմում, թե տղան ինչպես է կորել, երբ տանից միայնակ դուրս է եկել։

«Դեպքեր են եղել, որ տանից դուրս է գալիս և կորում է։ Մի անգամ սխալմամբ այլ վարչական շրջան է գնացել, մի անծանոթ կին, երբ հասկացել է, թե որտեղ ենք ապրում բերել է այդ տարածք, նոր ինքը կարողացել է կողմնորոշվել։ Իմ համարն էլ չի հիշել, որ զանգի։ Այս դեպքը մեկ տարի առաջ է եղել։ Իրեն, որ հարցնես մեր տան հասցեն, չգիտի, չի կարող ասել։ Նման խնդիրներ ունեցող երեխաները պատասխանատվություն չեն կրում, իրենց անկողինը չեն հավաքում, հագուստը հանում գցում են գետնին։ Իմ երեխայի հետ այդպես կապրե՞ն բանակում, չեն ապրի»,-ասում է մայրը՝ մտավախություն հայտնելով, որ որդին կարող է անգամ իրեն վնասել։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը նշում է՝ ակնհայտ է, որ առողջական խնդիրներ ունեցողները կհայտնվեն ավելի խոցելի վիճակում։ Ըստ նրա՝ հարց է առաջանում, թե նրանց իրավունքերը բանակում ինչպես է պաշտպանվելու, ովքեր են երաշխավորելու նրանց անվտանգությունը, երբ հիմա բազմաթիվ են խաղաղ պայմաններում միջանձնային հարբերությունների հետևանքով դժբախտ պատահարների դեպքերը։

«Օրինակ մտավոր խնդիրներ ունեցող նորակոչիկների դեպքում նախկինում գործում էր մի կարգավորում, երբ  տանում էին ծառայության և ծառայության ընթացքում խնդիրներ էին առաջ գալիս, ժամանակից շուտ զորացրում էին։ Օրենքը փոփոխվեց ի օգուտ նորակոչիկների, որն արդարացված էր։ Հիմա, փաստորեն, վերադարձել ենք նախորդ վիճակին։ Անընդունելի է, երբ շփման հետ խնդիրներ ունեցող նորակոչիկը, մտավոր զարգացման հետ կապված խնդիրներ ունեցող նորակոչիկը գնալու է բանակ, իրենց խնդիրները խորանալու են»,-ասաց նա։

Իրավապաշտպանի խոսքով՝ եթե խնդիրներ ունեցողների  համար կան առանձնացված զորմասեր, միևնույն է, նրանք թիրախավորվում են։

«Առանձնացված զորամասներ կան, որտեղ գիշերամիզություն ունեցող զորակոչիկները ծառայություն են անցնում, սա ևս ռիկսեր ունի, քանի որ հասարակության կողմից նրանց նկատմամբ վերաբերմունքը որոշ դեպքերում բացասական է։ Զորակոչիկները նշում էին, որ այդ տարածքում որտեղ իրենց զորամասն է գտնվում, շրջապատի բնակիչները ճանաչում են իրենց դեմքով և խտրական վերաբերմունք կար, թե ինչ առողջական խնդիրներ ունեն, որ այդ զորամասում են ծառայում։ Սրանք խնդիրներ են, որոնք պետք է ուսումնասիրվի և պատճառները հաշվի առնելով նոր արդեն պիտանի լինելու հետ կապված որոշում կայացվի։ Փաստացի ունենք փոփոխություն, որոը ի վնաս է զորակոչիկներին»,-նշեց Նազելի Մովսիսյանը։

Նարեկ Կիրակոսյան

 

Pin It on Pinterest