Մայիսի 16-ին ՀՀ կառավարությունը հաստատել է «ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը: Որոշման նպատակը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության տրամադրումն է»։
Չմանրամասնելով ծրագիրը, նկատենք միայն, որ ՀՀ կառավարությունը առաջարկում է արցախցիներին աջակցության երեք տարբերակ՝ տուն կառուցելու, բնակարան գնելու կամ արդեն գոյություն ունեցող վարկերը մարելու համար։ Աջակցությունը մեկ շնչի հաշվով կկազմի 2-ից 5 մլն․ դրամ։ Ընդ որում, ծրագրրը երեք փուլով կիրականացվի՝ 3 եւ ավելի անչափահաս ունեցող ընտանիքների, 2 անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների, ապա եւ մնացածների համար։ Հիմնական պահանջը՝ ՀՀ քաղաքացիություն ստանալն է։
Ծրագրի սահմանափակումներն ու պահանջներն այնքան շատ են, որ, ըստ հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանի հարցման արդյունքների՝ 89% մասնակիցներ հրաժարվել են օգտվել այս ծրագրից։
Ծրագիրը կմեկնարկի մեկ ամսից, սակայն եթե բոյկոտելու լռելյայն որոշում ընդունվի, կառավարության կողմից արցախցիներին որպես «շատ լավ» նախագիծ առաջարկվող ծրագիրը պարզապես կտապալվի։ Ինչպես արցախցիների միակամ արտագաղթը 2023 թ․ տապալեց որոշ ուժերի պլանները՝ Արցախում թողնել մի քանի հազար հայ, որոնք Ադրբեջանի քաղաքացիություն կվերցնեն, իսկ ով չցանկանա՝ Հայաստանի պետությունը դրանց հանդեպ պարտականություն չի ունենա։ Ռուսներն էլ մնալու առիթ կունենային։
Բոյկոտը այս ծրագրի հանդեպ եւս հնարավոր է, թեկուզ նույնիսկ բոյկոտի բացակայության դեպքումծրագիրը հաջողվելու քիչ շանս ունի։ Խոսքն առաջին հերթին քաղաքացիություն ստանալու պահանջի մասին է։
Ըստ պաշտոնական տվյալների, ՀՀ անձնագրային բաժինների սահմանափակ ռեսուրսը թույլ կտա 100 հազ․ քաղաքացիներին մի քանի տարվա ընթացքում միայն ընդունել դիմումներ։ Մինչեւ 6 ամիս էլ անհրաժեշտ է դիմումը դիտարկելու եւ քաղաքացիություն շնորհելու համար։ Այսինքն, մարդիկ կրկին պետք է անցնեն քաշքշուկների եւ երկարատեւ սպասման միջով
Բացի այդ, ոչ բոլոր արցախցիներն են ուզում ՀՀ նոր անձնագիր ստանալ, քանի որ համարում են իրենց ՀՀ քաղաքացիներ եւ չեն ուզում 070 կոդով ՀՀ անձնագիրը փոխել մեկ այլ կոդով նույն ՀՀ անձնագրով։
Բազմաթիվ մարդիկ հարց են տալիս, թե ինչո՞ւ է ՀՀ կառավարությունը պարտադրում ՀՀ քաղաքացիությունը՝ որպես ծրագրի պայման։ Չէ որ միջազգային դոնորները գումարներ են տրամադրում բնակարանային ծրագրին հենց արցախցիներին օգնելու համար, այսինքն, դոնորները խնդիր չունեն արցախցիների՝ ՀՀ քաղաքացի լինելու կամ չլինելու հետ։
Արդյոք պայման դրվել է ծրագիրը հնարավորինս ձգձգելու եւ շահառուների թիվը կրճատելու համար։ Եւ ի՞նչ է լինելու միջազգային դոնորների եւ պետական միջոցների հետ, եթե արցախցիները բոյկոտեն ծրագիրը կամ քաղաքացիության պատճառով չկարողանան ժամանակին գրանցվել ծրագրում։ Արդյո՞ք այդ գումարները «տոկոսի տակ կդնեն» կամ այլ կերպ կօգտագործեն։ Եւ կհետաքրքրվե՞ն միջազգային դոնորները, թե որքանով է նպատակային օգտագործվում տրամադրված միջոցները։
Դժվար է պարզել, թե ով եւ ինչքան գումար է տրամադրել արցախցիների բնակապահովման համար եւ որքանով է հաշվառկված կառավարության ծրագիրը։ Գուցե եւ միջազգային աուդիտի կարիք առաջանա։ Հատկապես, որ ՀՀ կառավարությունը չի քննարկել ծրագիրը շահառուների, կազմակերպությունների հետ, կամ քննարկել է, նախնական տարբերակում որոշ շտկումներ է մտցրել, սակայն հիմնական սահմանափակումները պահպանել է։
Ըստ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանի, մայիսի 15-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից ստացվել է քաղաքացիության 1942 դիմում, 1274 մարդ ստացել է քաղաքացիություն։
Քանի արցախցի է դիմել քաղաքացիության համար կառավարության կողմից ծրագիրը հաստատելուց հետո, հայտնի չէ, սակայն աժիոտաժ չի նկատվում։