27-ամյա Լուսինե Գասպարյանը՝ մասնագիտությամբ երաժիշտ, քանոնահարուհի, Արցախի Մարտունի քաղաքից բռնի տեղահանվածներից է ու այժմ հաստատվել է Գյումրիում։ «Գյումրիում էնքան տաք ու ջերմ ընդունեցին մեզ», -Forrights.am-ի հետ զրույցում ասում է Լուսինեն։

Նա երկու անչափահաս երեխաներին միայնակ է մեծացնում, Արցախում արվեստի մի քանի դպրոցներում դասավանդել է, ինչպես նաև Մարտունի քաղաքի ժողգործիքների համույթում երաժիշտ է եղել։ Այժմ Գյումրիում ապրում է ծնողների հետ ու փորձում են աստիճանաբար ինտեգրվել հայաստանյան կյանքին։

Տեղահանման մղձավանջը Լուսինեի ու մարտունեցիների համար սկսել է 2023-ի սեպտեմբերի 19-ին․ «Երեխաները դպրոցից նոր էին տուն եկել ու հանկարծ կրակոցների ձայներ ենք լսում, և սկսում է խուճապը։ Այդ ժամանակ ավելի շատ էինք վախեցած, քան 2020 թվականին, որովհետև մտածում էինք, որ էս անգամ մեր պաշտպանության մակարդակը բարձր մակարդակի վրա չէր։ Բոլորս հասկանում էինք, որ շրջապատված ենք թուրքերով, ու հենց դա էլ խուճապ էր առաջացրել»։

Թեժ մարտերի պահին Լուսինեն երեխաների հետ երեք օր անցկացրել է Մարտունու շենքերից մեկի նկուղում, կերել են տնային կենդանիների միս՝ ամեն պահի վատ լուրերի սպասումով․ «Բոլորս սպասում էինք, որ ամեն պահի թուրքերը կմտնեն ու իրենց ոճի մեջ կկոտորեն մեզ։ Սրանք զուտ խոսքեր չեն։ Չեմ ուզում տարբերակում դնել, բայց կարող եմ ասել, որ Մարտունու պաշտպանությունը ավելի բարձր մակարդակի վրա էր։ Համենայնդեպս, մենք որ դուրս եկանք քաղաքից, այդ ժամանակ Մարտունի թուրք չէր մտել։ Մարտունեցի տղերքը, որ բոլորը միանգամից առաջնագիծ էին մեկնել, մեզ շատ լավ են պաշտպանել»

Լուսինեն ասում է՝ սկզբում չեն սպասել, որ նման մասշտաբի ողբերգական ավարտ կունենա ադրբեջանցիների հարձակումը, սակայն օրերի ընթացքում արդեն պարզ է դարձել՝ խնդիր էր դրված դատարկել Արցախը։ Դա հասկանալով, ասում է, փորձել են վայելել Արցախում գտնվելու վերջին օրերը․

«Ես ընթացքում հասկացա, որ Արցախում մեր պաշտպանությունը լավ չի, որ ղեկավարության կողմից ոչ թե պաշտպանական մեխանիզմներ են մշակվում, այլ խրախուսում են լքել Արցախը։ Մեզ մնում էր միայն կարողանալ ինքնուրույն հաղթահարել դժվարությունները: Արցախից դուրս գալու վերջին չորս օրերը ինձ համար լավագույն օրերն էին, շատերը գուցե չհասկանան, որ էսպես եմ ասում, բայց ես երեխաներիս հետ փորձել եմ վայելել վերջին օրերը Արցախում, որովհետև արդեն գիտակցում էինք, որ պետք է գնանք, լքենք մեր հարազատ տարածքը։ Վարչակազմի ղեկավարը բոլորին հավաքել էր հրապարակ ու հայտարարել, որ պիտի դուրս գանք»։

Լուսինեն իր ընտանիքի հետ Արցախից դուրս է եկել սեպտեմբերի 26-ին։ Ասում է՝ մարդիկ խուճապի մեջ էին, վառելիք չլինելը շատերի մոտ կոտորվելու վախ էր առաջացրել։

«Հինգ լիտր բենզինով կարողացել եմ դուրս գալ Մարտունուց, հասանք Ստեփանակերտ գազալցակայանի պայթյունը եղավ։ Սրասափելի էր, մտածում եմ՝ եթե մի քիչ շուտ գնայի, պետք է ես էլ հերթում լինեի ու ․․․ սարսափում եմ։ Հայաստան ճանապարհը շատ ծանր էր, մեքենաս փչացավ ճանապարհին, ինչե՜ր ենք տեսել ճանապարհին՝ սովից մահ, սարսափելի վթարներ, սոված մարդիկ, դատարկ, փչացած մեքենաներ, կատարյալ քաոս էր, անօգնական մարդիկ ու վերջապես ոտք դրեցինք Հայաստան։ Մտել ենք Երևան, կյանքը աշխույժ, ուրախ, անհավատալի էր՝ մի քանի կլիոմետր այն կողմ ինչ իրականություն, ու այստեղ ինչ իրականություն», — պատմում է  Լուսինեն։

Երեխաները միանգամից ինտեգրվել են հայաստանյան կյանքին, ասում է՝ Արցախի շրջափակումից հետո, այստեղի կյանքը իրենց դրախտ էր թվում․ կարող էին իրենց ուզած ամեն ինչ ուտել, զվարճանալ, ուրախանալ։

Գյումրիում Լուսինեի հայրը անցել է աշխատանքի, էլեկտրիկ է, իսկ ինքը երկու ամիս կարողացել է աշխատել Գյումրու քաղաքապետարանին կից ժողգործիքների անսամբլում, սակայն պայմանագրի ավարտից հետո այլևս չեն կանչել․ «Ճիշտն ասած, շատ դուրս եկավ էնտեղ աշխատանքը, կուզեի շարունակել այնտեղ աշխատանքը, շատ բան կսովորեի, բայց էլ չկանչեցին։ Չգիտեմ՝ ինչն էր խնդիրը՝ ես էի թո՞ւյլ, հաստիք չկա՞ր, թե՞ բյուջե։ Չեմ կարող ասել»։

Բացի հիմնական մասնագիտությունից, Լուսինեն յուրացրել է լուսանկարչական հմտություններ և պատվեր լինելու դեպքում մատուցում է ծառայություններ։ Բացի այդ, վերջերս արձագանքել է հարսնագովք անելու համար բենդ ստեղծելու հայտարարությանը, և փոքրաթիվ բենդում նա քանոնահարուհին է։ Բենդը հարսանեկան արարողությունների ժամանակ հարսին հայրական տնից դուրս բերելուց երգում է, գովերգում․ «Տաթևը գյումրեցի երգիչ է, հայտարարություն էր արել, ու մենք իրար գտանք, փորձեցինք բենդը ստեղծել, հանրայնացնել մեր մասին, որ պատվերներ ունենանք։ Սակայն դեռ որևէ պատվեր չկա»։

Շուրջ  չորս ամիս է՝ Լուսինեն աշխատանք չունի, զբաղվածությունը քիչ է և հենց այդ ժամանակ էլ ուժգնանում է Արցախի նկատմամբ կարոտը, հիշողությունները թարմանում են․

«Վերջին օրերին չնայած խաղաղվել էր, կրակոցներ չկային, բայց ամենուրեք մարդկանց աչքերում կարոտն էր, ցավը, հրաժեշտը ու միևնույն ժամանակ շատ դրական էներգետիկա կար երևի չկարողանամ նկարագրել, թե ինչքան ուրիշ էր կյանքը այդ մի քանի օրվա՝ հրաժեշտի պահերին։ Այստեղ գալուց հաստատ որոշել էի՝ բլոկելու եմ ամեն ինչ, չեմ հիշելու, չեմ կարոտելու, փորձելու եմ ամբողջ էներգիաս ներդնել այստեղ ինտեգրվելու վրա։ Բայց չստացվեց՝ պարբերաբար հետ եմ նայում, կարոտում եմ, ամբողջ էներգիաս մաշվում է կարոտի վրա։ Չեմ կարողանում բաց թողնել անցյալը նաև անորոշության պատճառով։ Մտքերումս քաոս է»։

 

Հասմիկ Համբարձումյան

Լուսանկարները՝ Լուսինեի անձնական արխիվից

 

 

 

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest