«Ընկերներ, որպես փախստական ինչպե՞ս կարող ենք դուրս գալ երկրից, ո՞ր երկիրն է ընդունում, ո՞վ է տեղյակ հստակ, խնդրում եմ մի փոքր մանրամասնեք»․ սոցիալական ցանցերի՝ բռնի տեղահանված արցախցիների խմբերում Հայաստանից հեռանալու տրամադրություններ են, և մարդիկ նման հարցադրումներով փորձում են հասկանալ՝ արտագաղթի ինչ հնարավորություններ կան։

Այս հարցին տված պատասխաններում օգտատերերը մատնանշել են Ֆրանսիան՝ որպես փախստականներին ընդունող երկիր և ընդգծել՝ «թղթերը սարքելը մարդա 5000 եվրո արժի»։ «Իրականում էնքան մեծ ցավա ամեն անգամ տեսնալ վեր իմ ազգս ստիպված քինամա երկրից,անհայտ ուղությամբ, անհայտ ժամանակավ, ոչ լավ կյանքան, ամեն անգամ սկնալավ,կամ կարդելավ վեր քինամն սերտս կտոր-կտոր ա ինում», -հարցադրում արած քաղաքացուն պատասխանել է մի օգտատեր։ Մյուսն էլ հռետորական հարցեր հնչեցրել․ «Էտ արդեն էտ պահնա եկալ վեր ստեղաս էլ քինանք, պա մեր հայրենի՞քը, պա մեր խոխե՞քը, մեր տներն ու գերեզմաննե՞ն»։

Հայաստանից արտագաղթած արցախցիների թիվ օրերս հնչեցրել էր Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ հայտարարելով թե շուրջ 11 հազար արցախցի արդեն իսկ լքել է երկիրը։ «Հիմնական պատճառը սոցիալ-կենցաղային պայմաններն են, որոնք խաթարում են մարդկանց բնականոն կյանքը Հայաստանում, դրա համար նախընտրում են տեղափոխվել օրինակ՝ Ռուսաստանի հարավային հատվածներ, որտեղ շատ ավելի էժան է կազմակերպել կյանքը, քան Հայաստանում»,- ասել է Ստեփանյանը։

Ներքին գործերի նախարարության Միգարցիոն ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը չի տիրապետում տվյալներին, թե որքան արցախցի է լքել Հայաստանը, քանի որ «սահմանների էլեկտրոնային համակարգի պատասխանատու մարմինը Ազգային անվտանգության ծառայությունն է»։ Իսկ թե ինչ է արվում, որպեսզի արցախցիները չլքեն երկիրը, պաշտոնյան մատնանշում է «կառավարության ընդհանրական քաղաքականությունը», օրինակ՝ բնակարանային ապահովման ծրագիրը։

Կառավարության առաջարկած ծրագրով նախատեսվում է բնակարան գնելու կամ կառուցապատելու համար մեկ անձի հաշվարկով հատկացնել 3–5 միլիոն դրամ՝ կախված բնակավայրից։ Առաջին հերթին ծրագրի շահառու են դառնալու այն ընտանիքները, որոնց կազմում կան 3 կամ ավելի անչափահաս, զոհված զինծառայողների ընտանիքները, որոնք նույնպես ունեն անչափահասներ, ինչպես նաև խոցելիության որոշակի մակարդակ ունեցող ընտանիքները։ Այնուհետև ծրագրից կօգտվեն այն ընտանիքները, որտեղ կա 1 կամ ավելի անչափահաս երեխա, ապա այլ խմբերի ներկայացուցիչները։ Իսկ տվյալ բնակարանի կամ տան սեփականության իրավունքն իրենց կանցնի միայն 10-րդ տարվա ավարտին, եթե նրանք այդ ամբողջ ժամանակահատվածում բնակվել են տվյալ տանը կամ բնակարանում։ Բնակարանային ապահովման աջակցությունից կարող են օգտվել այն անձինք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի։  Նշենք՝ եթե աջակցության միջին չափը լինի 3 մլն դրամ, ապա ամբողջ ծրագիրը պետության համար կարժենա մոտ 400 մլրդ դրամ: Կառավարությունից ընդգծել են՝ այս ծրագիրը թույլ կտա բոլորին բնակարանով ապահովել 5 տարվա ընթացքում:

Ինչպե՞ս է հնարավոր Հայաստանում 3-5 մլն դրամով բնակարան գնել։ Կառավարության ծրագրի վերաբերյալ արցախցիներն իրենց այս ու այլ մտահոգությունները հայտնել էին Ազատության հրապարակում կազմակերպված հավաքի ժամանակ, լրագրողների հետ տարբեր հանդիպումներում, ինչպես նաև կառավարությանն հղած բաց նամակով։

Արցախցիներն առաջարկում են ծրագիրն իրականացնել արցախյան համայնքների պահպանման սկզբունքով և յուրաքանչյուր բռնի տեղահանվածի հատկացնել բազային 5 միլիոն դրամ` անվերադարձելիության սկզբունքով: Ինչպես նաև՝ ծրագրի իրագործման ժամկետը սահմանել 2 տարի՝ ակտիվ կերպով ներգրավելով միջազգային ու սփյուռքյան ֆինանսական ռեսուրսներ։ Բնակելի անշարժ գույք ձեռք բերելու նպատակով յուրաքանչյուր բռնի տեղահանված անձի հատկացնել բազային 5,000,000 (հինգ միլիոն) դրամ, որը համապատասխանում է մարզային բնակավայրերի երկրորդային շուկայի միջին գներին։

Արցախցիները նաև առաջարկում են հրաժարվել ծրագրի շահառուների համար ներկայացվող ՀՀ քաղաքացիության պահանջից։ «Փոքրակազմ՝մինչև 3 անդամ ունեցող ընտանիքների համար ծրագրում նախատեսել առանձնահատուկ մոտեցում։ Յուրաքանչյուր ընտանիքին, ըստ անդամների քանակի, հատկացնել ողջամիտ չափի ֆինանսական աջակցություն գույք ձեռք բերելու նպատակով։ Ծրագրում սահմանել առաջնահերթություններ և լրացուցիչ արտոնություններ զոհվածների ու առաջին խմբի հաշմանդամների ընտանիքների համար։ Ծրագրում նախատեսել նաև համակարգային լուծումներ Արցախից բռնի տեղահանված անձանց և հյուրընկալ բնակավայրերի բնակչության կայուն զբաղվածության ապահովման համար»,- նշվում էր արցախյան 32 կազմակերպությունների տարածած բաց նամակում։

Արցախյան կազմակերպությունները համոզմունք էին հայտնել, որ առաջարկվող ծրագիրը կբացառի արտագաղթը։

Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության ներկայացուցիչ Սոնա Համբարձումյանը ապրիլի 2-ին հայտարարել է, որ բնակարանային ապահովման ծրագրի վերաբերյալ մտահոգություններից ու առաջարկություններից կազմված արցախյան կազմակերպությունների բաց նամակը գործադիր իշխանության կողմից անտեսվել է, որևէ պատասխան չեն ստացել։

«Այս ընթացքում ակնհայտ է, որ Հայաստանի կառավարության մոտ մեր պայքարի արդյունքում որոշակի մոտեցումներ վերանայվել են, մասնավորապես, եթե մինչև մեր նախաձեռնությունը հայտարարվում էր, որ ապրիլից էականորեն կրճատելու են գործող բնակվարձի՝ 40 հզր+10 հզր դրամ աջակցության ծրագիրը, ապա մարտի վերջին կառավարությունը հաստատեց նոր որոշում՝ մինչև տարեվերջ երկարաձգել բնակվարձի ապահովման ծրագիրը և նույնիսկ ըդլայնել այն։ Սա կարող ենք համարել միջանկյալ կարևոր արդյունք», -իր հերթին հայտարարել է «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը։

Այդուհանդերձ, նրա խոսքով, սկզբունքային մի շարք հարցերի մասով դեռևս խնդիրներ կան։ Բեգլարյանն ասում է՝ պատրաստ են այդ խնդիրների շուրջ բաց ու փակ ֆորմատով հանդիպումներ ունենալ և միաձայն փոխադարձ ընդունելի որոշումներ կայացնել։

«Կառավարությունը խուսափում է մեզ հետ հանդիպել, մեզ հետ քննարկել ինչ-ինչ պատճառներից ելնելով», -ասել է Բեգլարյանը՝ հույս հայտնելով, որ կառավարությունը բռնի տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովման ծրագրի նախագիծը առանց թիրախային խմբի հետ քննարկման չի ընդունի։

 

Հասմիկ Համբարձումյան

 

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest