Արցախից բռնի տեղահանված ընտանիքը Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպարի հարակից տարածքներն Ադրբեջանին հանձնելուց մասին հայտարարելուց հետո, լքել է գյուղը։ Այս մասին Forrights.am-ի հետ զրույցում ասաց արցախցի Գագիկը, որն ընտանիքի հետ բռնի տեղահանվելուց հետո տեղափոխվել էր Ոսկեպար։
«Հինգ օր է՝ ինչ գնացել ենքԼ Ընտանիքում ես եմ, հերս ա, մերս, կինս, զոքանչս ու իր քույրը։ Ընդհանուր վեց հոգի ենք»,-ասաց 38-ամյա Գագիկը։
Նա մեզ հետ զրույցում նշեց, որ Ոսկեպարից հեռանալու պատճառը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է։ Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը շուրջ 10 օր առաջ էր գնացել Տավուշի մարզի Ոսկեպար և Կիրանց գյուղեր և նշել, որ այս գյուղերի հարակից տարածքները պետք է հանձնել Ադրբեջանին, որպեսզի պատերազմ տեղի չունենա։ Նշենք, որ այդ տարածքներում են գտնվում Իջևանից նշված և այլ գյուղեր տանող միակ ավտոճանապարհից հատվածներ, արոտավայրեր, անտառներ։ Այդ ճանապարհը նաև ապահովում է Հայաստանի և Վրաստանի կապը։ Եթե տարածքները տան, ապա նաև գազամուղը կանցնի ադրբեջանական վերահսկողության ներքո։
«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը լսեցինք, վախ առաջացրեց։ Մենակ վախ ա՞»,-ասում է Գագիկն ու նշում, որ 2020 թվականի պատերազմից հետո արդեն չեն հիշում, թե քանի անգամ են բռնի տեղահանվում։
Ընտանիքն Արցախի Ավետարանոց գյուղից է։ Այն գտնվում է Ասկերանի շրջանում։ Գյուղն ադրբեջանական վերահսկողության տակ էր անցել դեռ 44-օրյա պատերազմից հետո։ «Առաջին անգամ այդտեղից ենք տեղահանվել, հետո եկել ենք Խնածախ գյուղ, այնտեղից էլ եկանք Ոսկեպար, այստեղից էլ եկել ենք Արտաշատ։ Երեք անգամ տեղահանվել ենք»,-ասում է Գագիկը, որն այժմ աշխատանք է փնտրում, որպեսզի կարողանա ընտանիքի կարիքները հոգալ։
Բռնի տեղահանումների մասին շատ չի ցանկանում խոսել՝ նշում է, որ ինչպես մյուսների, այդպես էլ իր ընտանիքն անցել է դժվարությունների միջով մինչև հասել են Հայաստան։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։