«Երեխային մինչեւ հոկտեմբերի 7-ն էինք սպասում, բայց շուտ եղավ»: Մարտակերտի Գետավան գյուղից Անահիտ Ղազարյանը այսպես է սկսում Արցախից տեղահանվելու ճանապարհին իր ծննդաբերության պատմությունը:
«Մեր գյուղը հենց առաջնագծում էր: Ամուսինս ծառայության մեջ էր գտնվում, ճանապարհային ոստիկան է: Առավոտ աշխատանքի էր: Երբ ամեն ինչ սկսվեց, մեր հարեւանի տուն գնացինք, մի քիչ ցածր տեղ է տունը: Գնացինք այնտեղ, մնացինք մինչեւ ժամը 16.00-ն, մինչեւ մեր գյուղապետը հայտարարեց, որ թշնամին մոտենում է, պետք է դուրս գանք գյուղից, ապահով վայր գնանք: Ինչ պատահեց ձեռքիս տակ երեխայիս (2 տարեկան Մարինկայի- հեղ.) շորերից, վերցրի ու դուրս եկանք: Կրակոցները լսվում էին»,- պատմում է կինը ու հիշում, որ դստեր ու ամուսնու մոր հետ գնացել է գյուղի հիվանդանոց:
«Հիվանդանոցում ես էի, որպես հղի, մի քանի հիվանդ երեխաներ կային: Հետո ինձ երկու վիրավորի հետ միասին Շտապ օգնության մեքենայով գյուղից հանեցին: Գյուղը տեղահանվեց, մնացին միայն տղամարդիկ ու ծառայության մեջ գտնվողները: Նրանք էլ մնացել են մինչեւ գիշերը: Երբ ասել են` վերջ գյուղը հանձնում ենք, նրանք էլ են դուրս եկել: Այդ ամբողջ ընթացքում շատ անհանգիստ էի, փոքրիկի համար էի մտածում, հանկարծ բան չլինի, մեծ բալիկս էլ այդ ժամնանակ ջերմում էր: Ինչ-որ իմաստով հանգիստ էի, կիսուրս գյուղի հիվանդանոցում բուժքույր է, շատ էր ծնունդներ ընդունել, բայց անհանգիստ էի, որ այդ պայմանների մեջ երեխային կարող է մի բան լինել»,- ասում է Անահիտը:
Ստեփանակերտում հղի կինը իր դստեր եւ ամուսնու մոր հետ նախ թաքնվել է մի բնակելի շենքի նկուղում, որտեղ բնակիները նրանց սնունդ ու ծածկոցներ են տվել, իսկ առավոտյան գնացել են օդանավակայան:
«Այնտեղ էլ խառը վիճակ, ցուրտ, ոչ ոք չգիտեր ինչ անել, ոչ ոքից տեղեկություն չկար: Այնտեղ ամուսինս եկավ մեզ հասավ: Մի քանի օր տարբեր տեղեր մնացինք, բայց հետո մեր գյուղի գլխավոր բժիշկի անձնական մեքենայով դուրս եկանք: Ամեն ինչ սկսվեց ճանապարհին: Այդ օրերին արդեն ինձ լավ չէի զգում: Դեռ Ստեփանակերտում գնացի ստուգվեցի, ցավեր ունեի: Ասացին` բան չկա, նորմալ է, ժամկետի մեջ ես: Ամսի 25-ին բոլորի պես դուրս եկանք Ստեփանակերտից: Գիշերը ցավերը բռնեցին: Այդ ժամանակ մեր կողքով շտապ օգնությա մեքենա անցավ, բայց ես չուզեցա, որ ինձ համար կանգնացնեն, մտածեցի, որ վիրավորներ է տեղափոխում: Մեր բժիշկը ճանապարհին ռուս խաղաղապահներին խնդրեց, պայմանավորվեց, ճանապարհը բացեցին, սկսեցին մեզ ուղեկցել, մարդիկ էլ տեղ տվեցին, հասանք Մեծ Շեն, հետո Հակարի կամուրջ: Ադրբեջանցիները կանգնացրին մեքենան, տեսան, որ հղի եմ, ճանապարհ տվեցին: Այդ պահին մի քանի ժամ առաջ անցած Շտապ օգնության մեքենան հետ էր գալիս, դրանով ինձ վերցրին, տարան հիվանդանոց ու միանգամից երեխան ծնվեց»:
Փոքրիկը բարեբախտաբար առողջ է ծնվել, սակայն 2.5 կգ քաշով, 48 սմ հասակով: Անահիտն ասում է` իրենից առաջ էլ, հետո էլ տարբեր կանայք են ծննդաբերել, բոլորի երեխաներն էլ փոքրիկ են եղել: Նրա խոսքով, պատճառը ոչ միայն շրջափակման վերջին շաբաթներին սննդի եւ անհրաժեշտ ամեն բանի պակասն էր, այլ բոլորի` առաջին հերթին հղի կանանց մոտ օր օրի ահագնացող լարվածությունն ու անորոշության վախն էր:
Ընտանիքն այժմ վարձով ապրում է Հրազդանում, սակայն նախատեսում էր առաջիկայում մեկ այլ բնակարան գտնել:
Անի Գևորգյան
Մանրամասները՝ հոդվածում
Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։