Արցախից բռնի տեղահանված յուրաքանչյուր հայի պատմությունը դաժան է՝ նախորդների և հաջորդների համեմատ։ 60-ամյա Լյուդմիլա Մարգարյանը միայնակ էր բնակվում Կարմիր Շուկա գյուղում, երբ սկսվեց սեպտեմբերի 19-ի հարձակումը։
«Գիշերը տրաքոց լսեցի, իմ տունը մենակ տեղ է, հարևան չունեմ, ասացի՝ ի՞նչ է, պատերազմ սկսվեց, շատ անհանգստացա։ Էլ չկարողացա պարկեմ, ժամը 4-ն էր, շատ ծանր գիշեր ունեցա»,- Forrights.am-ի հետ զրույցում ասաց տիկին Լյուդմիլան։
Չնայած արցախցի կինը ցանկացել էր հավատալ, որ ոչ մի բան էլ տեղի չի ունեցել, սակայն, սեպտեմբերի 19-ին սկսվել էր լայնամասշտաբ հարձակումը։
«Ժամը մեկին սկսեցին կրակել, կրակոց ասել մի քիչ մեղմ է, ամեն կողմից կրակ էր թափվում։ Գյուղում սաղ լացելով դես ու դեն էին վազում։ Դուրս եկա, ասացին պատերազմ է սկսվել, թուրքերը մտել են գյուղերը։ Բոլորով հավաքվեցինք դպրոցի նկուղում, ամբողջ գիշեր կրակոցները չլռեցին, առավոտյան ասացին գյուղից դուրս ենք գալիս»,-ասում է տիկին Լյուդմիլան և նկարագրում, թե ինչպես սկսվեց գաղթական դառնալու ճանապարհը։
«Մի քիչ կոպիտ կասեմ, բայց կասեմ, էն որ ոչխարները մեքենաների մեջ են լցնում՝ ոնց պատահի, այդպես լցրեցին մեքենաները։ Չեք պատկերացնի, թե ինչ էր կատարվում, մի կերպ գյուղից դուրս եկանք։ Կես ոտքով, կես մեքենայով հասանք Ծվատեղ գյուղ (Մարտունու շրջան)։ Չորս օր մնացինք դպրոցում, բլոկադա էր, հաց չկար, մարդիկ ուզում էին օգնել, բայց ի՞նչ տային»,-այուհետ տիկին Լյուդմիլան պատմում է, թե ինչպես ոտքով կրկին վերադարձավ Կարմիր Շուկա։
«Հինգ օր մնացինք, հետո ասացին, որ գանք մեր տները։ Ծվատեղից ոտքով եկա մեր տուն, այդ օրը մնացի մեր տանը, առավոտյան հարևանն ասաց՝ հինգ րոպե ժամանակ ունես, թուրքերը մտել են գյուղը, հինգ րոպեի ճանապարհ էր, որ թուրքերը հասնեին մեր տանը։ Եկանք այդ գիշերը մնացինք Ճարտարում։ Առավոտյան ճանապարհ ընկանք Գիշի, որ բենզին տան, դուրս գանք։ Այդ օրն էլ անձրև, ցուրտ, նույն վիճակն էր ճանապարհին, ինչը նկարներով ցույց էին տալիս Ստեփանակերտից Գորիս ճանապարհին։ 24 ժամ մնացինք Գիշիի խաչմերուկում, հետո խաբար եկավ, որ բենզինի պահեստը տրաքել է, բոլորը խառնվեցին իրար։ Ժողովուրդը սկսեց ոտքով գնալ, մի կերպ հասանք Ստեփանակերտ, եկա փոքր աղջկաս մոտ»,-ասաց նա։
Ստեփանակերտում կինը գտել է երկու աղջիկներին, փեսային և թոռներին։ Տիկին Լյուդմիլայի փեսան զինվորական մի անսարք մեքենա է գտել, երկու օր վերանորոգել է, որ կարողանան դուրս գալ Արցախից։ «Եկանք, մեզ հետ էլ զոհվածների ընտանիքներին բերեցինք»,-ասում է նա ու պատմում, թե ինչպես Հայաստանում այդ մեքենան իշխանությունները խլեցին, որը թոռների համար ննջասենյակ էր ծառայում։
«Այդ մեքենան երեխաների համար ծառայեց որպեսզ քնելատեղ, մեկ ամիս երեխաները մեքենայի մեջ քնեցին։ Աղջիկներս քեռու տան էին քնում, տունը շատ փոքր էր, էլի տեղահնվածներ կային այնտեղ, մեքենան էլ կանգնացել էին դարպասի մոտ, որ երեխաները մեջը քնեին։ Եկան այդ մեքենան տարան, որի մեջ երեխաները քնում էին, ես իջա, ասացի, որ դրա մեջ երեխաներն էին քնում, փեսաս տանը չէր, ասացի այդ մեքենան մեզ համար սենյակ է ծառայում, պատասխանեցին՝ մեզ ուղարկել են, որ տանենք՝ ռազմական ոստիկանությունից էին։ Մեքենան վերցրեցին, գնացին։ Ոչ մի բան էլ չմտածեցին։ Փեսաս էլ ոչ մի օգնություն չի ստացել, ասում են՝ դու Արցախում չես եղել։ Բա որ եկան մեքենան տարան, ինչո՞ւ չասացին, որ Ղարաբաղում չես եղել, այս մեքենան ո՞նց ես բերել։ 40 հոգի է այդ մեքենայով բերել, գալիս մեքենան տանում են, բայց օգնություն չեն տալիս։ Իր ոչ մի աջակցությունը չեն տվել»,-վշտացած պատմում է կինը։
Այս ընտանիքում 10 հոգի են․տիկին Լյուդմիլան, որդին, փեսան, երկու դուստերը և հինգ թոռները։ Ապրում են Բյուրեղավան գյուղի մի ամառանոցում, որի համար 160 հազար վարձ են վճարում, ևս 70 հազար դրամ էլ էլեկտրաէներգիայի համար են վճարում։ Տիկին Լյուդմիլայի թոռները զրկված են կրթություն ստանալու հնարավորությունից, քանի որ Բյուրեղաբանից մայրաքաղաքի համալսարաներ հասնելու համար ֆինանսական միջոցներ չունեն։
Նրա փեսաներից մեկն էլ՝ Ալեքսանդր Բաբայանը, զոհվել 44-օրյա պատերազմի ժամանակ։ «Ինքը շատ լավ էր կռվում։ Ամսի մեկին մեզ ուղարկեց Երևան, երկուսին ինքը զոհվեց։ Հասանք Երևան, զանգեցի անհասանելի էր։ Ջրականում է զոհվել, վեց ամիս անց են մասունքերը մեզ տվել, ապրիլին հաստատվեց ԴՆԹ-ի պատասխանը»,-ասաց կինը՝ Տաթևը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։