«Տան մեծը ես եմ արդեն, պետք է գնամ աշխատեմ, որ կարողանամ տունը պահել»,- ասում է արցախից բռնի տեղահնված Գոռը։ 16-ամյա տղան Ճարտարից Սևան տեղափոխելուց հետո կրթության մասին մտածելու ժամանակ չունի։ Իր ուսերին են մնացել առողջական խնդիրներ ունեցող մոր ու անչափահաս եղբոր հոգսերը։
«Դե սովորելը չէ արդեն, գործ եմ ուզում անեմ»,- Գոռը ցանկացած աշխատանք կկատարի՝ թեկուզ ֆիզիկապես ծանր, միայն թե կարողանա ընտանիքի կարիքները որոշ չափով հոգա։
«Գնալու եմ մի աշխատանք ճարեմ, մտնեմ, աշխատեմ։ Ինչ աշխատանք լինի անելու եմ, թեկուզ ծանր, ինչ լինում է՝ լինի, կանեմ»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է արցախցի պատանին։
Գոռը Ճարտար քաղաքից է։ Այս քաղաքից բռնի տեղահանվածների հիշողություններում մի դաժանություն կա․ բոլորն ականատես են եղել գիշերային հուղարկավորություններին։ Գոռն ու ընտանիքը՝ նաև մասնակից։ 42-ամյա հորն էլ են ստիպված եղել գիշերով հուղարկավորել, որ թշնամին չնկատի մարդկային կուտակումներն ու չկրակի։
«Սեպտեմբերի 19-ին դպրոցում էի, ժամը 12:30 դուրս եկա, որ գամ տուն, արդեն տուն էի հասնում՝ ձայները լսեցի, փոքր դպրոցականներ կային՝ աղջիկներ, նրանց տարա ապաստարան։ Գնացի տուն պապան արդեն շորերն էր վերցնում, որ դուրս գար, սիրտս մի բան զգում էր, ասացի՝ պապ, մի գնա, գնա՛ց։ Մեզ էլ ասաց՝ գնացեք ապաստարան»,-հոր՝ պայմանագրային զինծառայող Վիտալի Աբաղյանի հետ վերջին հանդիպումն է հիշում որդին։
Գոռը չի լսել հորը, զենք է պահանջել, որ կամավորագրվի Ճարտարի պաշտպանությանը, չեն տվել, բայց չասելով, թե որտեցից, գտել է։
«Գնացի զենքի ուզեցի, չտվեցին, ուրիշ տեղից զենք վերցրեցի, ասացի՝ գնում եմ պապայի մոտ։ Զենքը ձեռքս չէին թողնում, որ դիրքեր գնամ։ Պապայի հետ ոչ մի ձև չէի կարողանում կապ հաստատել։ Գնացի տուն, տեսնեմ բոլորը հայաթում նստած լացում են, իրենք գիտեին, որ պապան վիրավորվել է։ Վառելիք ճարեցի, ես, մամաս ու փոքր եղբայրս գնացինք Մարտունու հիվանդանոց։ Մի ծանոթ մարդ կար, հարցրեցի՝ պապան որտեղի՞ց է վիրավորվել, պատասխանեց՝ պապադ էլ չկա, զոհվել է»,-հիշեց Գոռը։
Երբ արդեն հայտնի է դարձել, որ արցախցիները պետք է լքեն իրենց տները։ Գոռը որոշում է կայացրել։
«Պապային հուղարկավորելուց երկու օր անց ասացին, որ բոլորը պետք է Ղարաբաղից դուրս գան։ Գնացի վառելիք ստացա, եկա, ասացի՝ պապայի ավտոն պետք է հանեմ, որպես հուշ։ Մեքենան խնդիրներ ուներ, մամայիս ու եղբորս փեսուս ավտոմեքենայով ճանապարհեցի, ինձ ասում էին՝ մեքենան թող, արի։ Չթողեցի, վերջին հուշն էր, պապայի ավտոն էր, պետք է հանեի։ Վառելիքը լցրեցի, մենակ ճանապարհ ընկա, մամայենց Ստեփանակերտում եմ տեսել։ Ամբողջ ճանապարհին մենակ եմ եղել, վառելիքն էլ քիչ էր, մրսում էի, բայց փեչերը չէի միացնում, որ բենզինը չպրծներ։ Հակարի կամուրջին յոթ կիլոմետր էր մնացել, նկատեցի, որ վառելիքը վերջանում է»,-այստեղ Գոռնին են հանդիպել հոր ծանոթները, երեք լիտր բենզին են տվել, որ կարողանա անցնի Հակարիի անօրինական տեղադրված անցակետն ու հասնի Կոռնիձոր։ Աանցակետերում թշնամու զինյալներն են կանգնեցրել մեքենան։
«Իմացան, որ 16 տարեկան եմ ջուր ու քաղցրավենիք բերեցին, ասացի պետք չի, ջուրը վերցրեցի, որ ավտոյի մեջ լցնեմ։ Հետո մամայենք հասան Կոռնիձոր, միասին եկանք Վայք։ Տուն չճարեցինք, երկու օր ավտոյի մեջ մնացքինք, դրանից հետո եկանք Սևան։ Հիմա գործ չեմ գտել, ուզում եմ Երևանին մոտիկ տուն ճարեմ, որ կարողանամ աշխատել, հետաքրքրվել եմ՝ գործ կա, տեղափոխվենք, գործ անեմ»,-ասում է Գոռը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։