Ընդամենը մեկ շաբաթում՝ 2023 թվականի սեպտեմբերի 24-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը, Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն տեղափոխվեցին մոտ 100 հազար արցախցիներ։ Ստեղծվեց մի իրավիճակ, երբ չկա Արցախ, բայց կան արցախցիներ` իրենց բազմապիսի սոցիալական, հոգեբանական, կենցաղային խնդիրներով։

Ըստ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տրամադրած տվյալների, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված են ավելի քան 108 հազար բռնի տեղահանված արցախցիներ։ Ծառայությունից հաղորդում են, որ թվերը ճշգրտվում են, հաշվառման բազաների տվյալները վերանայվում և մաքրվում են։

 

Հայաստանում որտե՞ղ են տեղավորվել արցախցիները

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից Forrights.am-ի հարցմանն ի պատասխան ներկայացրեցին հետևյալ թվերեը։ 4 հազար 313 տեղահանված արցախցի տեղավորվել է Արագածոտնի մարզում, մեծ մասը՝ 3 հազար 136 հոգի, քաղաք Աշտարակում են։ 14 հազար 653 անձ բնակություն են հաստատել Արարատում, մոտ կեսը՝ 7 հազար 250 մարդ, Մասիսում են։ Արմավիրում 9 հազար 405 անձինք են, որոնց մեծ մասը՝ քաղաք Վաղարշապատում։ Գեղարքունիքում 4019 բռնի տեղահանվածներ են հանգրվանել, 1719՝ Սեւանում։ 6 հազար 290 անձ բնակվում է Լոռու մարզում, որոնց կեսը Վանաձորում են։ Տեղահանվածներն ամենաշատը Կոտայքի մարզում են տեղավորվել` Հրազդան, Աբովյան քաղաքներում, ընդհանուր թվով՝ 22 հազար 480 անձ։ Շիրակի թվերն ավելի համեստ են՝ 4 հազար 111, կեսը Գյումրիում են։ Սյունիքի մարզում 3 հազար 740 անձ է ապրում, առաջատարը Գորիսն է` 1341 տեղահանվածով։ Վայոց Ձորում 1566 մարդ է բնակվում, Տավուշում՝ 2 հազար 963, որից 1272-ը` Դիլիջանում։ Ընդհանուր առմամբ, ՏԿԵՆ տվյալներով, Հայաստանի մարզերում, Երեւանը չհաշված, այս պահին բնակվում է 73 հազար 540 անձ։ Նրանցից 49 հազար 598-ը տեղավորվել է պետության աջակցությամբ։ ՀՀ-ում հաշվառված 108 հազարից 34 հազար 460 անձ էլ բնակվում է Երեւանում կամ արտագաղթել են։

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասում է, թե արտագաղթը արցախցիների շրջանում կանգ է առել

Նոյեմբերի 23-ին, կառավարության նիստի ժամանակ վարչապետը հայտարարել է․ «Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ մենք վերլուծում ենք և տեսնում ենք, որ ՀՀ-ից՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների հոսք չկա որպես այդպիսին, այսինքն՝ արտագաղթի երևույթներ չկան: Որովհետև առաջին օրերին գնացողների բավականին անհանգստացնող թիվ կար, բայց ենթադրում էին, որ շատ դեպքերում մարդիկ ուղղակի այցելում են հարազատներին և վերադառնում են»։

Ռուսաստանում վերջերս բնակություն հաստատած Աշոտ Հ-ն, ծնունդով Մարտակերտից,  երազում է Կրասնոդարում մեծ տուն կառուցել և իր 8  հոգանոց ընտանիքով ու եւս 6 ազգականների հետ բնակվել այնտեղ։

«Հետո, հենց հնարավորություն լինի, հորս գերեզմանը քանդելու եմ, Մարտակերտից բերեմ Կրասնոդարում թաղեմ”, — ասում է նա Forrights.am-ի հետ զրույցում։

Աշոտը Արցախի Հանրապետության  Մարտակերտ քաղաքում մեծ ավտոլվացման կետ ուներ, 5 ավտոմեքենա։ Ասում է, որ ամենավերջինն իր ընտանիքն է դուրս եկել Մարտակերտից, երբ ասեցին, որ քաղաքը տվել են։

«Հայաստանում տուն չգտանք, եկանք երկու ավտոյով, 14 հոգով Ռուսաստան։ Հիմա շինանյութի խանութ եմ բացել։ Ստեղ շատ ղարաբաղցի կա, հազարավոր մարդիկ եկել են Ռուսաստան։ Կրասնոդարի կողքի գյուղերում ավելի շատ հայ կա, քան ռուս, ու շատ են Արցախից եկածները։ Մեծ մասը չեն կարողանում ապրել։ Լիքը տարբեր թղթեր պետք է հավաքեն, որ մի տարով գրանցվեն, դրա համար փող ա պետք»։

Արցախցիների շրջանում արտագաղթի վերաբերյալ պաշտոնական վիճակագրությամբ զբաղվում է ԱԱԾ-ն, սահմանապահ զորքերը։ Այլ կերպ ասած՝ արտագաղթի թվերը փակ են։

 

Ի՞նչպես են ապրում արցախցիները Հայաստանում, ինչպե՞ս են գոյատևում հարաճուն գների, բարձր բնակվարձերի պայմաններում

Forrights.am-ի զրուցակիցը Անկա Ավանեսյանը, որն ապրում է Երևանում, ասում է, որ Արցախից գալուց հետո կառավարությունից ոչ մի օգնութուն երբեք չի ստացել, բացի դրամական աջակցությունից։

«Դրամական աջակցությունը 40+10 հազար ստացել ենք, նաև 100  հազարներն են տվել, բայց տան վարձերը թանկ են, դա արդեն վերջացել է։ Իսկ  մեր ընտանիքում միայն փոքր եղբայրս է աշխատում։ Նա 19 տարեկան է, բանվոր է շինարարությունում”, — ասում է Անկան։

Ընտանիքը 250 հազար դրամ է վճարում փոքր երկու սենյականոց բնակարանի  համար։ Ասում է, որ հաճույքով կտեղափոխվեր մի որևէ գյուղ, սակայն չի կարող, քանի որ եղբորը, որը ապաքինվում է  վիրավորումից հետո,  պարբերաբար պետք է տանի հիվանդանոց, բուժզննման և  վիրակապելու նպատակով։  Անկայի եղբայրը կորցրել է մի ոտքը, ունի բազմաթիվ վերքեր ու վնասվածքներ, որոնց ապաքինման համար դեռ երկար ռեաբիլիտացիոն շրջան պետք է ապրի, նոր վիրահատություններ։

 

Մյուս եղբայրը՝ Արման Ավանեսյանը, ժամկետային զինծառայող, զոհվել է Թալիշում 44-օրյա պատերազմի ժամանակ։ Օգնությունների բացակայությունից առավել Անկա Ավանեսյանին վիրավորում է կառավարության անտարբեր վերաբերմունքը իր ընտանիքի հանդեպ։

«Մեզ ոչ մի պաշտոնյա՝ ոչ ՊՆ-ից, ոչ սոցապ նախարարությունից, ոչ առողջապահության նախարարությունից, ոչ մի տեղից երբեք չի այցելել։ Մենակ, երբ որ ես վարչապետին նամակ գրեցի, որ  մեզ մի տուն է պետք, սոցապից մեծ ուշացումով եկան, ասեցին, որ տարին են փակում, և պետք է նամակիս պատասխանեն, կարիքների գնահատում արեցին ու գնացին։ Այս ամենը վիրավորական է։  Կարծես, էդպես էլ պետք է լիներ, որ մեր ընտանիքը  նման կորուստներ պետք է ունենար, բայց հանուն ինչ՞ի”, — ասում է երիտասարդ կինը։

Անկայի վիրավոր, հաշմանդամ դարձած եղբորը ամենից շատ այդ հարցն է տանջում՝ հանուն ինչի՞, եթե պետք է հանձնեին Արցախը։ Ու Անկան չունի պատասխան։

 

Նրան խնդրեցինք գնահատել մեր տոնը՝ հայաստանյան Ամանորը   

«Չգիտեմ, ինչ էին տոնում՝ հայրենիքի կորո՞ւստը, էսքան մարդկանց հայրենազրկո՞ւմը։ Չպետք է սենց տոնեին։ Կարելի էր մի քիչ զուսպ լինել։ Օրինակ, իմ բալիկը էս հրավառության ձայներից վեր էր թռնում, մտածում էր՝ պատերազմ է սկսվելու։ 20 թվականի սեպտեմբերի 27-ին էլ սենց սկսվեց, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին էլ։ Արցախում 20 թվից հետո հրավառություն չի եղել, ու հրավառության ձայները ինձ տարան պատերազմ։ Բալիկս, որ այդ ձայները լսեց, ասեց՝ մամա, դմփոց ա գալիս, սուս։ Ես նրան այդպես եմ ասել, սեպտեմբերի 19-ին, երբ պայթյուններ էինք լսում, ասում էի՝  սուս, դմփոց ա գալիս։ Ու ինքը հիմա ինձ է ասում, վախած ա երեխես”, — ասեց աղջիկը։

2020 թվականից հետո նրա համար տարիները, ինչպես ինքն է ասում՝ միայն  «կալենդարով” են փոխվում։

Սյուզան Սիմոնյան

 

Pin It on Pinterest