Կոռնիձորը Հայաստանի վերջին գյուղն է։ Այնտեղից անխոչընդոտ երևում հայաթափված Արցախի Բերձոր քաղաքը։ Օլյա Մարգարյանի հայացը գրեթե միշտ այդ ուղղությամբ է նայում, պատշգամից Արցախ տանող ճանապարն է երևում։ 52-ամյա կինը հույս ունի, որ մի օր այդ ճանապարհով վերադառնալու է իր տուն։
«Ժողովուրդն ինչքա՞ն կարող է այստեղ-այնտեղ քցած, մի ճանապարհ բացվի էս ժողովուրդը գնան, մեղք են, 30 տարի ղարաբաղցիք չարչարվում են, մի լավ բան չեն տեսնում։ Սաղ գերեզման ունեն, տուն-տեղ ունեն, շատ դժվար է, ի՞նչ ասեմ»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված կինը։
Նա էլի կգնա Արցախի Խաչեն գյուղ ու կշարունակի Սուրբ Ստեփանոս եկեղեցում մոմ վաճառել, ինչպես վերջին 17 տարիներին, միայն, թե Արցախ գնալու ու անվտանգ ապրելու հնարավորություն լինի։
«Սաղ հիշողություններս թողել եմ Արցախում․․․»,-ասում է տիկին Օլյան ու մի քանի րոպե լռում, այդ ընթացքում և՛ ժպիտ, և թախիծ է հայտնվում դեպքին, դեպքի յուրաքանչյուր արտահայտություն իր նշանակությունն ունի՝ հիշում է Արցախում անցկացրած ուրախ և բարդ օրերը։
«Գյուղի եկեղեցին միայն հերիք է, դա մի մեծ բան է»,- վերադառնալու առաջնային պատճառ նշելով ասում է տիկին Օլյան ու ափսոսանք հայտնում՝ վերջին անգամ, երբ պետք է լքեր գյուղը, չհասցրեց գնալ, թշնամին «ժամանակ չտվեց»։ Արցախցի կինը խորը հոգոցով է հիշում իր ապրած օրերն Արցախում, ուզում է շարունակել այդ կյանքով ապրել․ «Բաղչում մի բան կտրում էի, մի բան հավաքում, հավերին կուտ էի տալիս, անասունին, ամեն ինչ հիշողություն է դարձել․․․»։
2023 թվականի սեպտեմբերի 19-ը փոխեց ամեն ինչ։ Խաչեն գյուղը մյուս բնակավայրերի նման հայտնվել էր ադրբեջանական կրակոցների տակ, գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, բայց ձայներն ահաբեկել են բնակիչներին։
«Տղաս Ասկերանում էր ծառայում, կրակոցները սկսվեց, զանգեցին կանչեին։ Բենզին չկար, ո՞նց գնար, հասներ այնտեղ։ Ասաց՝ կռիվը սկսվել է, պիտի գնամ։ Դուրս եկավ, ավտո չէր եղել, հետ եկավ։ Գյուղի սաղ կանայք ու երեխաները դուրս եկան, գնաց Ստեփանակերտ, ով՝ ինչպես կարողացավ դուրս եկավ, տրակտորներով էլ էին գնում Ստեփանակերտ, իսկ տղամարդիկ մնացին, նրանց ավտոմատ տվեցին, որ գյուղը պաշտպանեն։ Ամուսինս ու տղաս էլ մնացին, որ մտնեն գյուղ, գոնե պաշտպանեն։
Մենք եկանք Ստեփանակերտ, մեկ շաբաթ մնացինք, տեսանք այնտեղ էլ են ուժեղ տրաքացնում, գնացինք աէրոպորտ, այնտեղ ոչ մի բան չէին անում, ռուսներն ասացին՝ խի՞ եք եկել այստեղ, հետ եկանք տուն։ Հետո ասացին՝ բոլորը պետք է դուրս գան։ Տղաս ու ամուսինս գյուղից եկան, եկանք Հայաստան»,-պատմում է կինը։
Բոլորի նման տիկին Օլյան, ամուսինը, որդին, հարսը, նորածին թոռնիկը Ստեփանակերտից մի քազնի օրում են հասել Կոռնիձոր։ «Վախով ճանախարհ ընկանք, ասում էի՝ սաղ-սալամթ հասնենք Հայաստան։ Փառք Աստոծ, հասանք, բայց պապայիս եղբոր տղան բենզինի պահեստում մահացավ, ինքն էլ էր այս կռվին մասնակցել։ Շրջափակման մեջ է եղել, շրջափակումից դուրս եկավ, ուզել է երեխաներին հանի, բերի Երևան, զազզապրավկում պայթյուն եղավ, մնացել է այնտեղ։ Երեք քյորփա երեխաները մնացին առանց հայր։ Սաղ կռիվներին մասնակից է եղել, լավ կռիվ անող է եղել։ Իր հայրն էլ է զոհվել, 93 թվականին մեր գյուղի կամադիրն է եղել»։
Ընտանիքը սոցիալական խնդիրներ ունի, Կոռնիձորում աշխատանք է գտնել միայն որդին։
«Հայաստանում տան վարձը 300-400 հազար դրամ են ուզում, որտեղի՞ց տաս, աշխատանք չկա։ Հիմա եկել ենք Կոռնիձոր, մի քիչ հող ենք վարել, կանաչի ցանել, գյուղում լավ է, գնանք քաղաք ի՞նչ անենք, պիտի աշխատես, որ ուտես։ Թուրքի հետ ապրելը դժվար է, նրանք ամեն ինչի ընդունակ են, մի սահման դնեն, գնանք մեր տներում ապրենք»,-ասում է նա։
Կառնիձորը սահմանամերձ է, թշնամու դիրքերը տեսանելի են գրեթե բոլորի տներից։ Անվտանգային խնդիրներ կան, բայց ո՞ւր գնալ, հարցնում է տիկին Օլյան, Հայաստանը շրջապատված է թշնամիներով։
«Սաղ Հայաստանը շրջապատման մեջ է, հիմա անվտանգ տեղ կա՞, ո՞ւր գնաս, Ռուսաստա՞ն»։
Մանրմասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։