77-ամյա Զոյա Մարտիրոսյանը և 83-ամյա ամուսինը հրաշքով են փրկվել սեպտեմբերի 19-ի՝ ադրբեջանական հարձակումից։ Նրանք մեկ շաբաթ ապրել են ադրբեջանցիներով շրջափակված Շոշ գյուղում՝ չիմանալով, որ գյուղն ամայացել է, բոլոր բնակիչները լքել են իրենց տները։
«Կրակոցներ էր լսվում, վախում էի դուրս գայի, ինձ թվում էր մեր կրիշին է ընկնում։ Դուռը կապեցի, ասացի կարողա դուռը բացեն, մտնեն տուն»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է 77-ամյա Զոյա Մարտիրոսյանը։
Կրակոցները, երբ համեմատաբար նվազել են Զոյա Մարտիրոսյանը դուրս է եկել գյուղամեջ, որ հարևաններից մի տեղեկություն ստանա, սակայն, հանդիպել է նրանց փակ դռներին։
«Տեսա, որ գյուղում մարդ չկա, բոլորը գնացել էին, ես խաբար չեմ եղել։ Վեց օր մնացել ենք գյուղում, լավ ա թուրք չի մտել գյուղ։ Ո՞ւր գնում էի մարդ չկար, բոլորի դռները կապած էր, լվացքը կախված էր, իրանք չկային, ոչ լույս կար, ոչ գազ կար, փեջն էի վառում։ Գնացի գյուղապետի մոտ, ինքն էլ չկար»,-ամայացած գյուղում անցկացրած վերջին օրերը վերհիշելիս պատմում է տարցախցի կինը։
Շոշ գյուղը Ասկերան շրջանում է, մոտ է օկուպացված Շուշի քաղաքին։ Դիրքերը գյուղին բավականին մոտ են, առաջին իսկ կրակոցների ժամանակ բնակիչները ստիպված են եղել լքել իրենց տները։ Տարեց ամուսիններին էլ են ձայն տվել, սակայն, արձագանք չի եղել։
«Հայտարարել են, որ պետք է դուրս գան մարդիկ երեխաների՝ ոտաբոբիկ վերցրել, դուրս են եկել, հարևանն ասաց՝ ծնողներիս ձայն են տվել, դուրս չեն եկել, մտածել են, որ մենք քաղաք ենք բերել, թողել եկել են, բայց իրենք լսողական խնդիրներ ունեն, հարևանների ձայները չեն լսել»,-ասում է ամուսինների դուստրը՝ Զորայդա Աթանեսյանը։ Նա Ստեփանակերտում է ապրում։
Զոյա Մարտիրոսյանը գյուղում մի քանի օր մարդ փնտրելուց հետո միայն մեկ շաբաթ անց հեռվից իրեն մոտեցող մեքենա է նկատել՝ մտածել է թշնամին է։
«Մեքենան, որ եկավ ինձ թվաց, թե թուրքերն են, հետո տեսա Կարմիր Խաչի մեքենան է։ Կարմիր Խաչը եկավ տարավ, եկան ասացին ժամանակ չկա, գնացինք»,- պատմում է նա։
«Մի օր ԱԻՆ-ը հեռվում գտնվող գյուղերը հերթով մտնելով, հասել են Շոշի մոտ ժամը հինգն է եղել, թշնամին չի թողել, ասել է, որ ժամանակը լրացել է։ Սթրես էինք տանում, հետո մի օր ասեցին, որ հինգ րոպեով ժամանակ են տվել, գնացել հենց այդպես բերել էին»,-պատմում է Զորայդա Աթանեսյանը։
Զոյա Մարտիրոոսյանն ամուսնու հետ արդեն երկրորդ անգամ է լքում իր տունը։ Առաջին անգամ Բաքվից են փախել, քանի որ ադրբեջանցիները սպանում էին քաղաքացիական բնակչությանը։ Բաքվից գնացքով եկել են Աղդամ, այնտեղից Շոշ գյուղ։ 1992 թվականին, երբ Շուշից գնդակոծել են Շոշ գյուղը Մարտիրոսայնների տունն ամբողջությամբ այրվել է, նույն գյուղում նոր տունեն են կառուցել, որը 2023 թվականին ստիպված են եղել լքել։ «Ուզում եմ նորից հետ գնամ մեր տուն»,-ասում է Զոյա Մարտիրոսյանը։
Նա ընտանիքի հետ այժմ բնակվում է Տեղ գյուղում՝ կրկին սահմանին, կրկին թշնամու դիրքերը գտնվում են բավականին մոտ։ 2023 թվականի գարնանն ադրբեջանական կողմը ներխուժեց Տեղ գյուղի տարածք, օկուպացրեց գյուղերը և դիրքեր դրեց բնակավայրերին բավականին մոտ։ Դրանք տեսանելի են անզեն աչքով։
«Սա էլ է սահմանամերձ, վախ կա, բայց ապրում ենք»,-ասում է Զոյա Մարտիրոսյանը։
Մանրմասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։