«Ամսի 19-ի կեսօրն էր, սաղ անհոգ, իրենց գործերով, բոստաններում, ամենքն իր ապրումներով, մեկ էլ հանկարծ … որոտած ամպրոպը գլխներիս», — արցունքներն աչքերին պատմում է Արցախից բռնի տեղահանված Ալվարդ Ավագյանը։

Գյուղի վրա ռմբակոծություն սկսելուց հետո՝ բնակիչները երեխաներին գյուղապետի տան նկուղ են իջեցրել.

«Սաղ երեխաներին տանում էինք էդ նկուղ, ոչ միայն մեր գյուղը, սաղ Մարտունիի շրջանն էդտեղ էր` փոքրերով, լացուկոծով»։

Ընտանիքն Արցախի ամենավտանգավոր սահմանամերձ գյուղերից մեկում՝ Մարտունու շրջանի Ննգի գյուղում էր ապրում։ Տեղահանվելուց հետո՝ տարեց ծնողների և եղբոր ընտանիքի հետ երեք օր ճանապարհ անցնելուց հետո, Արարատի մարզի Ռանչպար գյուղում են տեղավորվել՝ ոչ բարեկամ մի կնոջ տանը։ Եռօրյա ճանապարհի սարսափելի իրավիճակն ու ապրումները նկարագրելու համար՝ Ալվարդը ցավով է հիշում տարեց հոր խոսքերը՝ ինձ թողեք ճանապարհին, դուք գնացեք …

Թշնամու հարձակումից հետո` հոկտեմբերի 19-ի գիշերը, որոշել են գյուղից տարհանել բնակիչներին։ Գյուղացիները չեն համաձայնվել. սահմանին զինվորներ ունեին, թեկուզ ռմբակոծում էին, կապ չկար, բայց ճանապարհներին նստած մեքենայի էին սպասում, որ մեկը կգա ու մի նորություն կասի։

«Երեխաներին էինք տանում ապաստարան, բայց մեծերով նստած էինք գյուղի ճանապարհին, թե որտեղից պիտի մի նորություն լսենք։ Գնում, գալիս էին, ամենքը ասում` հեսա կվերջացնեն։ Եկան մեր գյուղի տղերքը մնացած երիտասարդներին վերցրին, որ գյուղը պաշտպանեն։ Որ բարձրացրել են դիրքեր, ասում ա` իմացանք, որ արդեն ճեղքած մի հիսուն հոգով գյուղ են մտնում։ Էնքան խելոք են գտնվել, որ չեն կրակել։ Եթե կրակեին, սաղ գյուղը կոչնչացնեին»։

Դիրքերից իջած տղաներից ոչ ոք չի կարողացել տուն վերադառնալ, բոլորը Ննգի գյուղում են ապաստանել։ Հոկտեմբերի 21-ին ռուս խաղաղապահները թշնամու և Սամվել Շահրամանյանի հետ գյուղ են գնացել՝ զինաթափելու հրամանով։

Վերապրելով սարսափելի օրերը՝ Ալվարդը հիշում է՝ ամբողջ գիշեր չէր քնում, վախը սրտում նայում էր պատուհանից դուրս, խավարի մեջ միայն թշնամին էր, որ զենքը ձեռքին պտտվում էր` անլույս գյուղում։

«Փոքրերը լացում էին, ասում էին՝ թուրքերը, որ եկան, մեզ սպանելու են։ Եկողները հույս էին տալիս, ասում էին՝ մի վախեցեք, ոչ մի բան չի լինի, մենք ձեզ հետ ենք։ Գյուղը զինաթափված, թուրքը գյուղում, ո՞նց կարող ա ապահով լինես։

Էլի չէինք ուզում գնայինք գյուղից, սպասեցինք մինչև ամսի 25-ը, դրանից հետո մեր գյուղապետը կազմակերպեց, ասեց` ժողովուրդ ինչի՞ եք սպասում, ուզում եք մնա՞ք, թե՞ գնաք … ո՞վ կարա մնա, թեկուզ հա, որ մնաս, կարաս ինքնասպան լինես, բայց երեխաների համար սաղ դուրս եկան, մի մարդու նման։ Թողեցինք ամեն ինչ, գերեզմանները, մանկության հուշեր, ապրած օրեր։ Դուրս եկանք ու չգիտեինք ` ուր ենք գնում, ինչի ենք գնում, ոնց պիտի մնանք … դուրս եկանք, թողեցինք մեր տղաների արյունն էնտեղ»։

Կռվից, բարեբախտաբար, գյուղում որևէ զոհ չեն ունեցել, փոխարենը «կենդանի դիակներ էինք», ասում է Ալվարդը։ Տեղահանվելուց հետո՝ արդեն Հայաստանում, իրենց գյուղից չորս հոգի չեն դիմացել, ոմանք՝ սրտամկանի ինֆարկտից, մեկն էլ կոմայի մեջ մեկ ամիս մնալուց հետո՝ մահացել են։

Եղբոր որդին՝ Ավագյան Ալենը, 44-օրյա պատերազմի ժամանակ է զոհվել։ Մարտունի 2-ում է ծառայել, պատերազմի ժամանակ Ջրականում է եղել։ Ընտանիքը Երևանում էր այդ ժամանակ, մահվան լուրն իմանալուց հետո նորից Արցախ են վերադարձել։ Ալենի աճյունը Գորիսում են գտել։

«Մեզ խաբեց, ասեց՝ երկու օր չեմ զանգի։ Երկու օր չզանգելուց հետո՝ մտածեցի, որ երբևէ նման բան չի եղել, որ ինքը չզանգի։ Հետո իմացանք, որ էլ չկա։ Էդ ցավը մեր սրտում մինչև հիմա ապրում ենք։ Մենակ մեր երեխեքի նկարը վերցրինք, հելանք գյուղից։ Թող մենք վերջին ծնողը լինենք, որ էդ ցավը տեսել ենք։ Բան չեմ ուզում, երեխուս գերեզմանը մեզ տան, որ էստեղ հուղարկավորենք»,-պատմում է Ալենի մայրը՝ Արմանուշը։

Արցախից տեղահանվելուց հետո առաջինը «Կարմիր Խաչ»-ին է դիմել՝ հենց այդ խնդրանքով, ասել են՝ նույնիսկ չեն կարողանում 2023թ.-ի զոհերին բերել, եթե հնարավոր լինի, տվյալներն ունենք, կզանգենք։

Ալվարդն ու իր ծնողներն էլ թոշակառու են, բայց գրանցվելու տեղ չունեն, որ կարողանան թոշակ ստանալ։ Սեպտեմբերից թոշակ չեն ստացել։ Իրենց միակ խնդրանքը դա է, որ մի տուն լինի, որտեղ կկարողանան գրանցվել։

«Ո՞րտեղ գրանցվենք, երեքս էլ թոշակառու ենք, հո սաղ կյանքերս մեզ աջակացություն չե՞ն տալու։

Ոչ անուն ունենք, ոչ տուն, ոչ հայրենիք։ Հայաստանի քաղաքացիություն, միևնույն է, պիտի ստանանք, օդում հո չե՞նք մնալու, մի տեղ պիտի քաղաքացի լինենք, բայց հրաժարվեմ մեր Արցախից, նշանակում ա հրաժարվել մեր գերեզմաններից, մեր տղաներից … մնացել ենք ցիգանի կյանքով, ոչ պետություն ունենք, ոչ դրոշ, ոչ հիմն, ոչ մի բան»։

Քնարիկ Վարդանյան

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութերի հեղինակ Անի Գևորգյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest