Տիգրանի և Ալիսայի համատեղ կյանքը երկու ամիս տևեց։ Արցախցի նորապսակների երջանկությունն ընդհատեց սեպտեմբերի 19-ի պատերազմը։ Սեպտեմբերի 12-ից Տիգրանը դիրքերում էր։

«Ինքը, երբ դիրքերում էր լինում ինձ ամեն առավոտ զանգահարում էր, սեպտեմբերի 19-ին սովորականից ուշ զանգահարեց։ Ձայնը տխուր էր, մտահոգ էր, բայց ինձ չասաց, որ ինչ-որ բան է կատարվում, սովորականից երկար խոսեցինք։ Շատ հարցեր տվեց, թե ինչ եմ անում։ 5 րոպե խոսեցինք, միշտ մեկ րոպե էինք խոսում, բայց ռիսկ չարեցի հարցնել, թե ինչու է տխուր»,-Forrights.am-ի հետ զրույցում ամուսնու հետ վերջին խոսակցությունն է պատմում Ալիսան։

Ալիսան աշխատանքի վայրում է եղել, երբ պատերազմի առաջին կրակոցները հնչել են։ «Չէի մտածում, որ պատերազմ է, չէի սպասում, ինձ թվում էր, որ ականազերծման աշխատանքեր են իրականացվում։ Երբ տուն էի գնում, տեսա, որ բոլորը զենքերը ձեռքներին վազում են, համար մեկ էր տրված, բայց էլի չզանգեցի, սպասում էի, որ ինքը զանգի։ Ժամը մեկին արդեն կրակոցների ձայներն ուժեղացավ, զանգահարցի, բայց կապ չկար, ոչ զանգերիս պատասխանեց, ոչ հաղորդագրություններս կարդաց»,-պատմեց Ալիսան։

Հայրենիքը պաշտպանելուն զուգահեռ Տիգրանը նաև կնոջ անվտանգության մասին է մտածել․ զանգահարել է Ալիսայի հայրիկին և խնդրել է կնոջը միայնակ չթողնել։

«Նկուղում չէի կարողանում, անընդհատ դուրս էի գալիս, որ ինչ-որ տեղեկություն իմանամ։ Առավոտյան եկեղեցում նստած էի հարևաններից մեկն ասաց, որ Պետրոսյան Մարատը զոհվել է։ Նա Տիգրանենց խմբից էր, հեռախոսով, որ խոսում էր անունը լսել էի, գիտեի, որ իրար հետ են դիրքեր լինում, Տիգրանի հետ ինչ-որ բան է եղել, բայց չէի ուզում մտածել, որ Տիգրանին բան է պատահել»,- Ալիսան ցանկացել է այս տեղեկությունը փոխանցել հայրիկին։ «Պապայիս գտա ԱԱԾ-ի շենքի մոտ ու տեսա, որ պապաս, Տիգրանի պապան և ԱԱԾ-ի աշխատողը շենքի մոտ կանգնած են, տեսա, որ համ իմ պապան էր լացում, համ՝ Տիգրանի պապան, ինձ արդեն էլ բան պետք չէր ասել»։

Տիգրան Ավետիսյանն Ասկարեանից էր, 27 տարեկան։ Չնայած երիտասարդ տարիքին արցախցի երիտասարդը հասցրել է հերոսական ուղի անցնել։ Նա մարտի դաշտում է 2016 թվականի ապրիլյան պատերազմից։

2016թ ապրիլյան պատերազմի ժամանակ Տիգրանը եղել է գնդի հրետանու պետի հրամանատարական դասակի հրամանատար, որը ըստ կանոնի զբաղեցնում է ոչ թե զինվորը, այլ սպան, իսկ Տիգրանն այդ ժամանակ  եղել է սերժանտ։ Ծառայությունը ավարտել է ավագ սերժանտի կոչումով ու ստացել է գերազանցիկ զինվորի շքանշան։ 2020թ սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսելուն պես առաջին 13 հոգին Ասկերան քաղաքից կամավոր մեկնեցին մարտակն դիրքեր. Տիգրանը նրանց թվում էր։ Նա մինչև պատերազմի ավարտը կատարել է հրամանատարության կողմից տրված բոլոր հրամանները՝ չլքելով իր մարտական դիրքը։ 2022թ մարտի 24-ին սկսվել է Քարագլու բարձունքի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիան։ Տիգրանը կամավոր մասնակցել է Խանապատ գյուղի պաշտպանությանը և 1 ամիս շարունակ իրականացրել է մարտական հերթապահություն՝ պարգևատրվելով «Տիգրան Մեծ» մեդալով։ 2022թ հունիսի 17-ին համալրել է ԱՀ ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանման շարքերը՝ ստանալով լեյտենանտի կոչում։

Տիգրանը մասնակցել է նաև Հայաստանում ընթացող մարտական գործողություններին։ 2022 թվականին սեպտեմբերին կամավոր մասնակցել է Ջերմուկի մարտերին։ 2023թվականի սեպտեմբերի 19-ին լինելով ПК գնդացրորդ մինչև վերջ պայքարել է թշնամու դեմ ՝ գնալով գիտակցված մահվան, վայր չդնելով իր զենքը։ Տիգրանի և իր ընկերների կատարած սխրանքների մասին գիտեն իր հրամանատարները և ծառայակից ընկերները։ Ընտանիքի անդամների փոխանցմամբ՝ եթե հայ ազգի մեջ շատ լինեին Տիգրանի նման անձնազոհ և հայրենասեր տղաներ, կարող է Արցախի ճակատագիրը այսպես չավարտվեր։

Տիգրանի հայրենասիրության հիմքում հոր՝ Կարեն Ավետիսյանի, հարենիքը սիրելու և պաշտպանելու մասին պատմություններ են։ Հայրն ասում է՝ բոլոր պատերազմներին տղան մասնակցել է, ինքն էլ որդու կողքին է եղել, միայն սեպտեմբերի 19-ին միասին չեն եղել։ «Ավտոմատը ձեռքիս Ասկերանի մեջ նստած էի, բայց չեմ գնացել, չէի կարող երեխաներին թողել։ Ինքը բարձունքի վրա է եղել, ամեն ինչ տեսել է՝ կուտակումները, շարժը, գիտեր, թե ինչ է լինելու։ Տիգրանենք քիչ են եղել, իրենք՝ շատ։ Տիգրանենց խմբի արածն այն է եղել, որ թշնամու զորքերից մի 20 ավտո դիակ են հանել, ոչնչացրել են։ Տիգրանը շատ էր սիրում հայրենիքը»,-ասաց հայրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

 

Pin It on Pinterest