«Ինձ համար իմ գյուղը, իմ հայրենիքը իմ պապան է», — 19 տարեկան Արփինե Սիմոնյանը Forrights.am-ի խնդրանքով պատմեց վերջին ամիսներին վերապրածը։ Բոլոր դեպքերն ու հույզերը պտտվում են միևնույն անձի շուրջ՝ պաշտելի հայրիկի, սերժանտ, Արցախի բանակի պայմանագրային զինծառայող Վիտալի Սիմոնյանի։ 42 տարեկան էր։ Հայրենիքում՝ Մարտակերտի շրջանի Կոճուղուտ գյուղի տեղահանված բնակիչները պատմում են, որ Վիտոն վիրավոր զինվորներին վտանգավոր տեղից հանելիս է զոհվել։
30 դիակ պիտի բերեն Ղարաբաղից Հայաստան
Ստեփանակերտում է պապան հուղարկավորված, եղբայրական գերեզմանում։ Թուրքերը չեն քանդել, երևի։ Նկար չեն գցել, որ քանդել են, որ քանդած լինեին, նկար կգցեին, չեն գցել։ Ես ոչ մի բան չեմ ուզում, մենակ՝ գնամ Ստեփանակերտ, պապայիս գերեզման, գոնե մի հատ ծաղիկ դնեմ։ Մենք որ գնում ենք Եռաբլուր, գյուղացիներին հերթով ծաղիկներ ենք դնում։ Մարդիկ կան, ծաղիկներ չունեն։ Ես նրանց վրա ծաղիկ եմ դնում ու մտածում, որ պապայի վրա եմ դնում։ Հերթագրված է պապան։ 30 հատ դիակ պիտի բերեն Ղարաբաղից Հայաստան, ու հենց որ գնացին բերելու, պապային արտաշիրիմելու են, բերեն։ Բայց դե, ուշանում է․․․Ես միշտ մտածում եմ, որ եթե այնպես լինի, որ մարդիկ վերադառնան Ղարաբաղ, ամենաառաջիններից մեկը ես եմ լինելու։ Երևանում ինձ ոչ մի բան չի ձգում, ամեն ինչ ինձ օտար է։ Բանգլադեշում ենք ապրում։ Զորավար Անդրանիկի փողոցում։ Ստեղ մի ստադիոնի նման տեղ կա, մեր Ստեփանակերտի ստադիոնին եմ նմանեցնում։ Ստեղ ամեն ինչը զարգացած է, ուրիշ ձևի է, մարդիկ մեզ լավ են վերաբերվում, շատ եմ սիրում երևանցիների քաղցր խոսելը։ Մեր ղարաբաղցիք կոպիտ են խոսում, ստեղ մարդիկ նուրբ են, բայց մի բան պակաս է ինձ համար։ Մեր Ստեփանակերտում, կամ գյուղում ես ամբողջ օրը դրսերում էի, ամեն ինչ գիտեի, ամեն մի ծակ ու ճյուղը։ Բայց այստեղ ինձ հարազատ ոչ մի բան չեմ գտել։
Հայաստանցիներին տեղափոխեցին Հայաստան, մնացին դիրքում մենակ մեր ղարաբաղցիները
Պապան 3-4 ամիս էր, որ ծառայում էր։ Մինչ այդ աշխատում էր «Բեիյզ Մեթալս” ընկերությունում։ Բլոկադայի ժամանակ «Բեիյզ Մեթալս” -ը փակվեց։ Պապան ստիպված դարձավ պայմանագրային զինծառայող։ Երկու ուսանող ուներ՝ ես ու եղբայրս, մի հատ էլ պուճուր ախպեր ունենք, 5-րդ դասարանում ա սովորում։ Ստիպված գնաց բանակ, որ կարողանար մեզ հոգ աներ։ Սեպտեմբերի 1-ին գնաց պոստեր։ Իրա դիրքը մեր տնից երևում էր, Օմարի սարերում էր, մենք տեսնում էինք մեր բալկոնից։ Դժվար տեղ էր, լեռներում, ավտո չէր հասնում այնտեղ։ Որ ձյուն էր դնում, անգամ սնունդ չէին կարողանում տանել։ Պապան պետք է ամսի 14-ին գար արձակուրդ, բայց չեկավ, որովհետև մարդ չկար պոստերը պահող։ Հայաստանցիներին տեղափոխեցին Հայաստան, մնացին դիրքում մենակ մեր ղարաբաղցիները։ Պապայիս փոխարինող չեղավ։ Ամսի 19-ին էլ կռիը սկսվեց։
Միշտ ասում էր՝ մի օր ինձ հորիզոնական դիրքով են բերելու պոստից
Մենք գյուղում հուշարձան ունեինք, խաչ։ Հենց մտնում ես մեր գյուղ, էդ խաչի մոտով ես անցնում։ Ես էդ օրը դուրս եկա, խաչի մոտ էի, մեկ էլ մեկը մեջքիցս հրեց, ոնց որ ասեր՝ վայ, պապադ․․․ ու ես գոռացի, սկսեցի լացել, մինչև Ստեփանակերտ հասնելը լացեցի։ Էդ նույն օրը մաման ուշագնաց եղավ։ Համ իմ, համ մամայի սիրտը զգում էր, որ պապան արդեն չկա։ Զանգում էինք, բոլորի հետ խոսեցինք, պապայի հետ չկարողացանք կապվել։ Հետո արդեն իմացանք, որ էդ օրը պապան խնդրել էր ընկերներին․«Մերոնց ասա, իմ հետ կապվեն։ Սա իմ վերջին խոսալն ա լինելու”։ Նա գիտեր, ինչ ա լինելու։ Միշտ ասում էր՝ մի օր ինձ հորիզոնական դիրքով են բերելու պոստից։ Իրենց տեղը վատն էր։ Ուզում էր տեղափոխվել, բայց տենց էլ չտեղափոխվեց։
Կողքի Հոռաթաղը արդեն մտել էին․․․
Ամսի 19-ին, 8․30 գյուղից դուրս եկանք, տունն էինք։ Առավոտ էր։ Հացը հունցեցինք, որ թխենք, եգիպտացորենից հաց էինք թխում, բլոկադա էր։ Կամիր բիբար ուզեցի, ախորժակս տվեց։ Գնացի քաղեցի, բերի, որ մաքրեմ, սարքենք, մեկ էլ ձեն եմ լսում կրակոցի։ Մտածեցի՝ երևի, ուչեբկա ա, զինվորները պարապում են։ Բայց գնալով ուժեղանում էր։ Մենակ էի տանը։ Վախեցա շատ։ Եղբայրս եկավ, ասեց՝ գնանք բարեկամի տուն, կռիվը սկսվել է։ Ինչքան փող ու փաստաթուղթ կար, վերցրի, դուրս եկանք։ Պապայի մորքուրի տուն գնացինք։ Ամբողջ գիշեր ոչ ոք չէր քնել։ Մի րոպե կրակոցի ձենը հենց կտրվում էր, ասում էինք՝ պրծավ։ Մեկ էլ նորից ուժեղանում էր։ Տունը դղրդում էր։ Ամեն դղրղդյունից սիրտս հետը գնում գալիս էր։ 20-ի առավոտը մի քիչ հանդարտվեց։ Տներն էինք հավաքում, մեկ էլ եղբայրս եկավ, ասեց՝ դուրս ենք գալիս, եթե 20 րոպեում դուրս չգանք, թուրքերը մտնելու են։ Կողքի Հոռաթաղը արդեն մտել էին։ Մենակ հագի շորերս ու մի հատ էլ ավել շոր, վերցրեցինք, ու գնացինք։
Մարդիկ փողոցներում էին կեղտոտում, տեղ չկար
Ավտոյի մեջ վառելիք չկար, որ քշեինք։ Գնացինք աէրոպորտ, Ստեփանակերտ։ Իմ գյուղին նայեցի, վերջին երեք տունն էին երևում։ 15 տարի տեղ էի մեծացել, առաջին քայլերս, իմ ապրած տարիները։ Կյանքում չեմ մոռանա էդ տեսարանը, գյուղի վերջին երեք տունը գնալով հեռանում էին մեզանից․․․ Գնացինք աէրոպորտ։ Փայտ էինք ճարում , որ վառենք, մի բան սարքեն։ Ոչխար բերեցին, ես ոչխարի միս չեմ սիրում, սաղ օրը սոված էի։ Կարիքներ հոգալու տեղ չկար։ Ադյալներ էինք պահում, որ կարիք հոգանք, կամ սպասում էինք մինչև երեկո։ Հազարավոր մարդիկ էին, ո՞նց անեինք։ Սպասում էինք, մութն ընկներ, նոր։ Մարդիկ փողոցներում էին կեղտոտում, տեղ չկար։ Հետո տեղափոխվեցինք Խոջալու, կողքն էր։ Արդեն կարողացանք լվացվել, լողանալ, շոր լվանալ։ Լավաշ էինք թխում, բայց շատ քիչ։ Ով անցնում էր կողքով, հասցնում էր, ուտում էր, ով չէր կարում, սոված էր մնում։ Մենակ լավաշ կար, մեկ էլ մեկ մեկ ոչխարի միս էր պատահում, կամ էլ հոսպիտալներից Ստեփանակերտի տուշոնկա էին ճարում, մի ձև յոլա էինք գնում, կիսասոված։ Մի երեք-չորս օր էր տեղ մնացինք։ Հետո լսեցիքն պապայի լուրը։ Ես լվացք էի անում, մամայի գոռոցը լսեցի։ Գնացի սենյակ, իմացա, որ պապան չկա արդեն, ու չեմ հիշում «դալշեն”, որովհետև ահավոր վատացա։
Մի կողմի դիակ տեսավ դրած
Հորեղբայրս էր գնացել իր մարմինը բերելու։ Պապային տարել էին Մարտակերտ, դիահերձարան, բայց չկարողացան հերձել, լույս չկար, մարդ չկար։ Հորեղբայրս գնաց, տեսավ անթիվ դիակներ։ Վախեցել էր, դիակների վիճակն էնպիսին էր, որ հնարավոր չէր մտնել ներս, նույնսիկ հակագազով։ Հորեղբայրս պապային փնտրելուց մի գլուխը կտրած մարդ տեսավ։ Կասկածեց, որ պապան ա։ Բայց ինքը չէր։ Հետո մեկ ուրիշին գտավ, դա էլ չէր, հետո գնաց, մի կողմի դիակ տեսավ դրած։ Մատանուց հասկացավ, որ ինքն էր։ Զանգեց մամայիս, հեռվից հարցրեց, ոսկին զալոաժում ա, թ՞ե Վիտոյի մատին։ Մաման ասեց՝ չէ, մատին ա։ Տենց հաստատ իմացան, որ պապան է։ Հանեցին, մաքրեցին։ Դեմքը լրիվ մուր էր, ու ոնց որ քնած լիներ, կիսաժպտալով։ Նկարեցին տենց վերջին անգամ։ Չեմ կարում էդ նկարին նայեմ։ Պապայի մեջքին կոպեկի չափ բացվածք կար, արյունահոսել էր։ Շատերն էին էդպես մահացել։ Արյունահոսելով։ Օգնությունը տեղ չէր հասել։ Եթե օգնության հասնեին, կփրկվեր։ Հորեղբորս ասել են՝ որ բերել են դիահերարան, արյունը դեռ հոսում էր մեջքից։
Մենք մեր գյուղի մի քանի լավ ապրողներից մեկն էինք
Ես պապայի հետ էի շատ մոտ։ Ինչ պետք էր, պապայիս էի ասում։ Փող էր պետք՝ մազերս ներկեմ, կտրեմ, չէի քաշվոմ, իրան էի ասում։ Ես պապայիս նման եմ։ Բոլորն են ասում։ Ինքը, ուտող, խմող, ոչ մի բան մեզ համար չէր խնայում։ Ասում էր, ընկերական “կռուգից” չբացակայեք, պետք է բոլոր քեֆերին, հավաքներին մասնակցեք, ու մասնակցում էնք։ Մենք շատ լավ էինք ապրում։ Հայրս ու ես աշխատում էինք։ Ես մատնահարդար էի։ Ամեն ամիս մի 700 հազար տուն էր մտնում։ Մենք մեր գյուղի մի քանի լավ ապրողներից մեկն էինք, երկու տուն ունեինք, եկու ավտո։ Հիմա նստած, սպասում ենք պետական աջակցության գումարներին, կտրոններ են տալիս օգնությունների, մեզ չեն տալիս, մեզ ոչ մի աջակցություն չկա, ինչ որ համարներ են տալիս, որ օգնության համար դիմենք, զանգում ենք, չեն պատասպանում, ոչ մի բանից մենք չենք օգտվել։ Սնունդ, հագուստ, հիգիենիկ պարագաներ են պետք։ Պետության տված փողը գնում ա տան վարձ՝ 220 հազար։ Միակ աշխատողը 17 տարեկան եղբայրս է։ Պահեստներում բանվորություն է անում։ Ես ուսանող եմ, բժշկական համալսարանի հենակետային քոլեջում եմ սովորում։ Էս տարի պետությունը մեր տեղը փոխհատուցում է վարձը, բայց մյուս տարի ինչ կլինի, չգիտեմ։ Լավ կլիներ, եթե պապայիս համար զինվորական թոշակ տային։ Թղթերը լրացրել ենք, տվել ենք։ Ասել են՝ սպասեք։
Սյուզան Սիմոնյան