-Արսեն, էդ ի՞նչ ձայն էր։
-Ախպեր, Ասկերանի վրա են խփում։
-Ի՞նչ ես անում։
-Ոչ մի բան, պոստի ենք։
-Դե ուշադիր կլինես։
-Դու էլ, ախպեր։
Տիկին Ալլան երկու որդիների՝ Արսենի և Սամվելի, վերջին խոսակցությունն է մեջբերում։ Տղաների վերջին նամակագրությունը սեպտեմբերի 19-ին էր՝ ադրբեջանական հարձակման առաջին րոպեներին։
Հյուրասենյակի ճակատային հատվածում դրված սեղանին Արսենի և Սամվելի լուսանկարներն են և իրեր, ինչը հնարավոր է եղել փոխանցել մորը։ Տան պատերին մոր և տղաներին ժպտերես լուսանկարներն են՝ երջանիկ օրերին արված։ Հիմա տիկին Ալլան մնացել է միայնակ, որդիներին լավ ու վատ օրերի հիշողություններով։ Ցավը 38-ամյա կնոջը դարձրել է անճանաչելի՝ մինչ պատերազմն արված լուսանկարներում իրեն «գտնելն» անհնար է, եթե ինքն այդ մասին չի ասում։
«Պատկերացրու, որ բլոկադայի ամսիներն ամենաերջանիկն էին, ոչինչ չկար, բայց երեխաները կային»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է նա ու սրբում աչքերը։ Արսենն ու Սամվելը զոհվել են մի քանի ժամի տարբերությամբ։
Եղբայրները պայմանագրային զինծառայողներ էին։ 21-ամյա Սամվելը ծառայում էր Եղնիկներում, 19-ամյա Արսենը՝ Դրմբոնի զորամասում։ «Նույնիկս 20 տարեկան չկար, նոյեմբերին 5-ի 20 տարեկան դարձավ»,- հեկեկում է մայրը։
Մայրը Սամվելին սեպտեմբերի 14-ին էր սպասում տանը, պետք է դիրքերից իջներ։
«Չիջավ, ասացին՝ համար մեկ է, փոխարինող չկա, ամսի 15-ին էլ զանգեցին Արսենին տարան ու տարան, 19-ին էլ կռիվը սկսվեց՝ ոչ մեկը չիջավ։ Արսենի հետ ոչ մի ձև չեմ կարողացել խոսել, առաջին խփելուց էլ չեմ կարողացել խոսել, անհասանելի էր, բայց Սամվելի հետ ամսի 19-ին՝ երեկոյան մինչև 8:10 խոսել եմ, այդ պահին իրենց գումարտակի վրա ԱԹՍ-ներ էին բարձրացել, կապերը կտրվեցին, էլ չկարողացա խոսել»,-մայրը հիշում է՝ թեժ կետում գտնվող Սամվելը վերջին զանգի ընթացքում եղբորից է հետաքրքվել, բազմաթիվ հարցեր տվել ու վերջին անգամ հուսադրող խոսքեր ասել։
«Անընդհատ ասում էր՝ մամ, իմ տեղը լավ է, դու միայն Արսենին գտի, իմ մասին մի մտածի։ Մեկ ժամ հետո զանգեց, հարցրեց՝ Արսենից խաբար ունե՞ս, ասացի չէ, ասաց՝ չլացես, հարցրեցի՝ խի՞, ասեց ինքը չի կորի, ինքը կգա։ Ձայնը շատ տխուր էր, հարցրեցի՝ Սամո, բան է եղե՞լ, պատասխանեց՝ սրանից վատ էլ ինչ լինի։ Էլ դրանից հետո էլ չեմ կարողացել խոսել, կապ չի եղել։ Ասում են, որ ինքը իմացել է եղբոր մասին։ Սամվելը կոտրվող տեսակ չէ, ինքը միշտ լավատես էր՝ անգամ ամենավատ պահին»։
Սա վերջին խոսակցությունն է լինում։ Որդիների հետ այդպես էլ չի կարողանում կապի դուրս գալ։ Մի քանի օր շարունակվող անորոշությանն ընդհատում է ցավալի լուրերը։
«Պապայի հետ գնացի հիվանդանոց, պապան ցուցակները նայեց, լացելով եկավ։ Իջանք մորգ, տեսա Սամվելս այնտեղ է։ Արսենից նորություն չկար։ Սեպտեմբերի 21-ի առավոտյան Սամվելի դիակն են բերում, իսկ Արսենից ոչ մի տեղեկություն չկար։ 27-ի երեկոյան ԱԻՆ-ի աշխատողները մտել էին Ջինգաթաղ գյուղի պոստերը, գտել էին։ Արսենից էլ, որ գտել են «ՊԵԿԱ»-ն ձեռքին է եղել։ Սամվելի մոտի տղեքից մեկը եղբորս հետ են խոսել, ասում էին, որ շատ ճարպիկ էր, մեր մեջի ամենափոքրն էր, բայց ախպոր խաբարը, որ լսել է, իրեն կորցրել է։ Մի օրում համ երեխաներին տարան, համ հայրենիքը տարան, համ հողերը տարան»։
Տիկին Ալլայի համար դաժանություններն այսքանով չեն ավարտվում։ Հայաստանում կորցրել է որդիներից մեկի դին, օրեր շարունակ փնտրել դիահերձարաններում։
«Սամվելին ուզում էինք այնտեղ հուղարկավորել, մեր գյուղապետն ասաց, որ քննարկում են, որ տղաներին տանեն Գորիս, 25-ի առավոտյան տեղափոխել են։ Մենք 28-ի առավոտյան գալիս ենք Հայաստան, գնում եմ մորգ էրեխուս չեմ գտնում, կորցրել էին Արսենի դիակը։ Մորգերով ման էինք գալիս, Ավանի դիահերձարանում գտանք։ Ոնց այնտեղ չէի գտնում, այնպես էլ այստեղ չէի գնում»,-ասաց մայրը՝ նշելով, որ որդիներին հուղարկավորել է Եռաբլուրում նոյեմբերի 9-ին՝ առանց Արցախի դրոշի։ Երևանում երկար են փնտրել, Վերնիսաժում մի վաճառողից են գտել ու գնել։ Հարցին՝ ինչո՞ւ է Արցախի դրոշը դժվարությամբ գտնվում, ըստ տիկին Ալլայի, ասել է․ «Արցախն էլ չկա, դրոշը չեն վաճառում»։
Տիկին Ալլան տղաների հետ ապրում էր Մատաղիսում, զինվորականի ընտանիքում։ Ինքը, ամուսինը, տղաները, քուրը, եղբայրը, բոլորը զինվորակններ էին։ 44-օրյա պատերազմից հետո տեղափոխվել էին Մարտակերտ։ Մայրը երկու որդիների զոհվելու մեղավոր համարումէ հրամանատարությանն ու իշխանություններին։
«Արսենենք մնացել են առանց հրամանատարի, առանց որևէ մեկի, սաղ փախել են, անհասանելի են եղել, մնացել են էրեխեքը, ոչ մի հրամանատար չի գնացել նրանց հետևից։ Ուզում եմ, որ բոլոր մեղավորները հատ առ հառ պատասխան տան։ Ես հրամանատարներին եմ համարում մեղավոր, երկրի ղեկավարությանը, բոլորը մեղավոր են»,-ասում է մայրը։
Հարցազրույցից հետո տիկին Ալլան նստում է որդիների հիշատակին անկյունին մոտ ու մի պատմություն հիշում։
«Սեպտեմբերի 17-ին Սամվելը SMS է գրում․ «Մամ, տունն ուտելու բան կա՞»,-ասացի, ամեն ինչ էլ կարողացել եմ ճարել, դուք իջնեք,- «Ուղարկի այստեղ, սոված եմ»,-մտածեցի 12 հոգու համար ինչ պետք է ուղարկեմ։ Բացեցի սառնարանը, դարակները ինչ կար, երկու հատ մեծ սունկա սարքեցի, ուղարկեցի։ Սեպտեմբերի 18-ին գրեց․ «Ապրես մամ, լավ հաց ենք կերել»»։
Այդ օրը տիկին Ալլան երջանիկ էր։
Նարեկ Կիրակոսյան
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։