16-ամյա Արենը 10 տարեկանից է ավտոմեքենա վարել սովորել, հայրն ասել է մի օր պետք կգա։ Մեքենա վարելն Արենին պետք է եկել ընտանիքը փկելու օրհասական պահին։ Ադրբեջանական զինված ուժերն արդեն Ճարտարն էին մտնում, երբ Արենը որոշեց հոր մեքենայով բազմանդամ ընտանիքին տեղափոխել Հայաստան։

«Պապայիս ընկերն էր ուզում վարել, ասացի՝ ես կվարեմ, դուք ձեր մեքենաները հանեք։ 20 լիտր բենզին տվեցին, բայց դա շատ քիչ էր՝ ճանապարհը երկար էր, պրոպկաները՝ շատ»,-Forrights.am-ի հետ զրույցում սեպտեմբերի 19-ից հետո հայրենի Ճարտարում սկսված արհավիրքից իրենց բաժին հասածը հիշելով պատմում է արցախցի պատանին։

«Բենզինը քիչ էր, մեքենայի մեջ նաև նորածին քույրս էր՝ մի քանի օրական, փեչերը չէի միացնում, բենզինի պակասություն կար»,-ասում է և նշում ճանապարհին նաև ջրի և սննդի խնդիր կար։

«Մի քիչ ջուր էինք վերցրել, մի քիչ հաց, ինչ հնարավոր էր, ինչ հարմար էր։ Երբ արդեն քիչ էր մնացել, որ հասնեինք Հակարիի կամրջին կասկածում էի, որ բենզինը կվերջանա, շատ քիչ էր մնացել։ Մի պապիկ մոտեցավ ինձ, իր սովետական մեքենայի ակերը իջած էր։ Խնդրեց, որ իմ մեքենան խոդի տամ, ակումլատորի միջոցով իր մեքենայի անիվները փչենք, ասացի, որ բենզին չունեմ, մնալու եմ ճանապարհին։ Ինքը բենզին տվեց, մեքենայի ակերը փչեցինք, ինքը դուրս եկավ, ինձ էլ բենզին տվեց, մենք էլ անցանք, փառք Աստծո։ Իրար օգնելով՝ մեկին հաց տալով, մյուսին՝ ջուր, կարողացանք դուրս գալ»,-պատմում է Արենը։

Արենի մեքենայում բացի նորածին քույրը, որ ծնվել էր պատերազմից 8 օր առաջ, նաև մայրն է եղել, երկու անչափահաս եղբայրները և տատիկը։ 16-ամյա պատանուն զինված ադրբեջանցիները երեք տեղ կանգնեցրել են, նրանից մեկը պոկել է Արենի մեքենայի տեսախցիկը։

«Մինչև Հակարին երեք պոստն ենք անցել։ Առաջինում տեսանք, որ մեքենայի մեջ տեսախցիկ կա, բայց միացրած չէր։ Ռուսերեն ասացի, որ միացրած չէ, պոկեց, ասաց՝ դա ինձ չի հետաքրքրում։ Երկրորդում՝ միայն բագաժնիկը ստուգեցին, իսկ երրորդում՝ ռուսներն ասացին պատուհանները իջեցրեք որ հումանիտար օգնություն տանք, բայց չկանգնեցինք, քշեցինք, անցանք»։

Արենն ավտոմեքենան վարել է 48 ժամ։ Ճանապարհին հոգնել է, քնել-հանգստանալ է ցանկացել, բայց դրա համար շատ ժամանակ չկար։

«Այդ ժամանակ սկի չպետք է մտածես, որ կարող է հոգնես, կարողա քնես։ Որ խցանումներին կանգնում էինք լինում էր, որ 15 րոպե էինք կանգնում, լինում էր երկու ժամ էինք կանգնում։ Այդ երկու ժամերի ընթացքում հասցնում էի մի քիչ քնել։ 48 ժամվա մեջ կարող է երկու ժամ քնած լինեմ, այդպես եկանք»,-հիշում է Արենը։

Ճարտարում Արենը բռնցքամարտով է զբաղվել, դպրոց հաճախել, ծնողներին օգնել գյուղատնտեսական աշխատանքներում։ Հպարտորեն է ասում՝ որևէ մեկից բան չէին խնդրում, աշխատում էին և իրենց արդար վաստակով ապրում։ Արենն իր ապագան հայրենի քաղաքում այսպես էր պատկերացնում։ «Կծառայեի, հետո աշխատանք կգտնեի, ընտանիք կկազմեի, այդպես կապրեի»։

Հիմա Արենն ընտանիքի հետ ապրում է մի բարերարի կողմից վարձակալված բնակարանում։ Տան վարձը վեց ամսվա համար է փոխանցված, որից երեքն արդեն լրանում է, դրանից հետո չգիտեն՝ ինչպես և որտեղ են ապրելու։ Արենը մտածում է Երևանում աշխատանք գտնելու մասին՝ դասերից հետո աշխատելու համար, խիզախ տղային, սակայն, երևանյան գործատուներն աշխատանքի չեն ընդունում՝ մատնանշում են փոքր տարիքը։

Ճարտարը հարկադրված լքելուց առաջ Արենը բարի գործ է արել։ Ընտանիքին պատկանող բեռնատարը, որն օգտագործում էին գյուղատնտեսական աշխատանքերում տվել է մի բազմանդամ ընտանիքի, որպեսզի կարողանան դուրս գալ քաղաքից, քանի որ թշնամական զորքն արդեն Ճարտարի մատույցներում էր։ «Մեծ սրտով իրենց օգնեցի, որպեսզի կարողանան իրենց ընտանիքը դուրս բերի։ Այդ մեքենան մեզ շատ է ծառայել, չէինք ուզում, որ այն մնար թշնամուն։ Հայրս դրանով էր մեզ պահում»։

Արենի հայրը՝ Վանիկ Հայրապետյանը, զոհվել է։ Նա պաշտպանում էր Ճարտարը։ Վանիկ Հայրապետյանի սխրանքին, նրա ընտանիք ներկա խնդիրներին կանդրադառնանք հաջորդ հրապարակմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest