«Գերիների վերադարձը պետք է տեղի ունենա շատ մոտակա ժամանակահատվածում՝ ժամերի կամ օրերի հարց է»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Սարգիս Խանդանյանը։
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերը համատեղ հայտարարություն տարածեցին տեղեկացնելով, որ երկու ադրբեջանցու դիմաց 32 հայ գերիների Բաքվից կվերադառնա Հայաստան։
Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ Ադրբեջանի որոշմանը նպաստել են նաև արևմտյան ճնշումները։
«Նախապատրաստվում է Ֆրանսիայի Սենատի բանաձևի ընդունում, ինչպես նաև այլ հանգամանքեր կան, որոնք վտանգներ են ստեղծում Ադրբեջանի իշխանությունների համար։ Դրա համար էլ նրանց համար անհրաժեշտ էր Հայաստանին ներգրավել մի հայտարարության մեջ, որտեղ ՀՀ-ն միանում է Ադրբեջանին՝ կոչ անելով Արևմուտքը չմիջամտի, այսպես կոչված, «խաղաղ կարգավորման» գործընթացին։ Դրա համար Ադրբեջանը 32 գերի է վերադարձնում»,-ասաց նա։
Բաքուն շուրջ տասը օր առաջ էր Երևանին կոչել արել խաղաղության շուրջ բանակցություններն անցկացնել երկկողմ ֆորմատով։ Հայաստանը մերժեց, սակայն, առաջարկեց երկկողմ ձևաչափով քննարկել սահմանազատման և սահմանագծման աշխատաքների շուրջ հարցեր։ Երկու երկրների փոխվարչապետերի գլխավորած հանձնաժողովները հանդիպեցին հայ-ադրբեջանական սահմանի՝ Տավուշի հատվածում։ Արդյո՞ք երեկվա հայտարարությունը նշանակում էր, որ Երևանն ու Բաքուն ուղիղ բանակցություններ են սկսում խաղաղ կարգավորման շուրջ։
Անդրիաս Ղուկասյանը համամիտ չէ այն պնդումներին, որ այս համատեղ հայտարարությունը տարածելով Երևանն ու Բաքուն երկկողմ բանակցություններ են սկսել։ «Ոչ ՀՀ-ն, ոչ Ադրբեջանը դուրս չեն եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմից, որպեսզի երկկողմ բանակցություններ սկսեն։ Հայաստանը հայտնել է դիրքորոշում, որ աջակցում է Ադրբեջանին՝ Արևմուտքի պատժամիջոցների դեմ «արդար» պայքարում, հաշվի առնելով, որ դիմացը մարդկանց ազատությունն ու անվտանգությունն էր։ Այստեղ քննադատելու բան չունեմ»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը։
Հայկական կողմը հստակ նշել է միայն գերությունից վերադարձողների թիվը՝ 32, առանց նույնականացնելու և հստակ ժամկետների։ Ադրբեջանական մամուլը հրապարակել էր հայ գերիների ցուցակ՝ 48 անունից բաղկացած, ավելի վաղ Բաքուն պաշտոնապես հաստատել էր, որ 55 անձ է Ադրբեջանում գտնվում։
«55-ը դրանք հաստատված գերիներն են, իսկ չհաստատված գերիները 80-ն են, այդ անձանց գերեվարումը հաստատող ուղղակի ապացույցներ կան, հատկապես տեսաձայնագրություններ, լուսանկարներ, ականատես վկաների ցուցմունքներ, սակայն ադրբեջանը որևէ տեղեկություններ չի տրամադրում և այս 32 գերիների ազատ արձակումը բացառապես կապված է հաստատված գերիներ հետ»,-այս մասին ասում է գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ նշելով, որ երեկվա քննարկումների և պայմանավորվածությունների շրջանակներում որևէ տեղաշարժ չի արձանագրվել չհաստատված գերիների մասով և նույն հումանիզմի դրսևորումներից ելնելով կողմերը ձեռք չեն բերել որևէ պայմանավորվածություն, որը կապված կլիներ բռնի անհետացած 80 գերիների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման հետ։
«Այստեղ որևէ դրական տեղաշարժ չկա փնտրում են իրենց հարազատներին և որևէ տեղեկատվություն չեն կարողանում հայթայթել, թե ՀՀ քննչական մարմինների, և թե ադրբեջանմական աղբյուրներից, և այդ դաշտն անտեսված է 32 գերիների մասով ադրբեջանական աղբյուրները տեղեկություններ տրամադրեցին, այդ խմբում ամբողջ ծավալով ներառված է Խծաբերդի խումբը, 62 հոգանոց խմբից բոլորը վերադարձվել էին բացառությամբ 26-ի, ուստի այդ պայմանավորվածության մեջ ներառված են 26 ռազմագերիները»։
Վերադարձողներից մեկը երեկ Բաքվում 18 տարվա ազատազրկված Գագիկ Ոսկանյանն է։ Նրա անունը կա ադրբեջանական կողմի ցուցակում։ Այս պահին Ադրբեջանում 55 հայ է պահվում՝ 41 ռազմագերի, Արցախի նախկին ղեկավարության 8 ներկայացուցիչ և 6 քաղաքացիական անձ։ Ադրբեջանում հայերին մեղադրում են տարբեր հոդվածներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև զինված խմբավորման կազմավորում, նրանցից շատերը դատապարտվել են 6-ից մինչև 20 տարվա ազատազրկման։
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: