Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում բենզալցակայանի պայթյունի ժամանակ Իրինա Գրիգորյանը կորցրել է երկու որդիներին` 24-ամյա Գենադիին եւ 15-ամյա Արենին: Տղաները այնտեղ էին գնացել հոր հետ` ընտանիքի կանանց մեքենայով Հայաստան տեղափոխելու հնարավորություն գտնելու համար: Իսկ սեպտեմբերի 19-ին ադրբեջանցիների կողմից սպանվել է ընտանիքի պապը` Շաբո Գրիգորյանը:
43-ամյա Իրինա Գրիգորյանը Ասկերանի Սարուշեն գյուղից է: Այժմ ապրում է Օշականում, այն գյուղում, որտեղ որ հուղարկավորված են որդիները:
Գրիգորյանը ասում է` դադարել է որեւէ բան հասկանալ կամ զգալ, չի պատկերացնում, թե ինչպես կարող էր նման բան տեղի ունենալ.
«Սեպտեմբերի 19-ին ժամը 14:10 առաջին ռմբակոծությունը լսեցինք, մոտակայքում էր: Մենք խուճապի մատնվեցինք, երեք ժամ գյուղում մնալուց հետո գյուղապետը տեղեկացրեց, որ պետք է գնանք մոտակա մարզադաշտը, որ տղամարդիկ կարողանան գյուղը պաշտպանեն: Հետո ասեցին` չէ, մարզադաշտը ապահով չէ, պետք է գնանք անտառներ: Անտառների միջով երկար ճանապարհ գնացինք, մանուկ, երեխա, կին, անցանք, երկու ժամ մնացինք անտառում, բոլորով հավաքվեցինք, որ հասկանանք, թե ինչ է լինում, հնարավոր չէր երկար մնալ, գետինը խոնավ էր, որոշեցինք հասնել մոտակա գյուղ: Անցանք հասանք մոտակա գյուղ, գիշերվա կեսին գյուղապետը ավտոբուսներով եկավ, թե պետք է գնանք քաղաք, էլ ճար չկա: Շատ զոհեր ունեինք, բայց գյուղը էլ չէր լինի պահել, գյուղը դատարկ էր: Եկանք քաղաքի նկուղներ, գիշերը մնացինք, հետո տարան օդանավակայան, այնտեղ էլ օրը չթամամած ասացին` ով բարեկամ ունի, թող գնա, ով էլ չունի, թող մնա, տեսնենք, թե ինչ է լինում: Մամաս քաղաքում էր, գնացինք իր տուն, մնացինք: Հետո իմացանք, որ մեր պապիկին սպանել են… Նա մեծ մեքենա ուներ, դրանով ուզում էր գար մեր հետեւից, երբ մենք անտառներում էինք: Չգիտեր, որ դեպի քաղաք տանող ճանապարհը արդեն թուրքերը վերցրել էին: Հետո ենք իմացել, որ նրան հենց ճանապարհին սպանել են»,- պատմում է Իրինան:
Կինը պատմում է, որ չարաբաստիկ պայթյունի օրը ընտանիքի տղամարդիկ փորձում էին վառելանյութ գտնել. «Ամսի 25-ին սկեսուրս` տեգորս երեխաների հետ եկան դեպի Հայաստան: Մենք մնացինք, բենզին չուներ մեր մեքենան, որ մենք էլ գայինք: Տղերքը ամուսնուս հետ գնացին բենզին վերցնեն: Գնացին ու այդ պայթյունը եղավ… Չկարողացանք ոչ մեկից տեղեկություն ունենանք: Հետո ամուսինս զանգեց, ասեց` Արենն ա զանգել, լավ ա: Զանգեցինք Արենին, իմացանք, որ վերակենդանացման բաժանմունքում է, խոսեցինք, ասեց` մամ լավ եմ, բայց ուզում եմ ձեզ տեսնեմ: Այդ օրը մեզ չթողեցին նրան տեսնել: Առավոտյան եկանք` Արենի մահն էր գրանցված: Եկել եմ դիահերձարանում եմ տեսել Արենին: Նրա քառասունքն արդեն լրացավ, նոր Գենադիին այստեղ գտանք ԴՆԹ տալուց հետո… »:
Իրինա Գրիգորյանը ասում է` չգիտի, թե իր ընտանիքին ինչ նոր փորձություններ են սպասում, սակայն նման կորուստների հետ հնարավոր չէ ապրել.
«Պատերազմը անցել էին, բայց հրդեհը նրանց կյանքը տարավ… Ամուսինս ու Գենադին Նինգի գյուղում զասադի մեջ էին, երեք օր այնտեղ էին, երեք օր հետո նրանց գնացին բերեցին: Ես էլ մտածեցի, ոչինչ, չնայած այս ամենին գոնե էրեխեքս ողջ են… Էլ չգիտեմ ինչ ասեմ: Չգիտեմ ոնց ենք դիմանում»:
Անի Գևորգյան
Մանրամասները՝ տեսանյութում
Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։