«Մենք էլ երևի իրար չենք տեսնի, վիճակը շատ վատ է»,- սեպտեմբերի 13-ին է դիրքերում գտնվող որդին ասել արտերկրում գտնվող մորը, երբ հետաքրքրվել է՝ ի՞նչ բերեմ քո համար։
Հյուրասենյակի սեղանին դրված կտորի վրա Ադելինա Ավետիսյանը որդու պատկերով նկարազարդումն է ավարտում, այն պետք է ցուցադրվի «Կյանք՝ կյանքի դիմաց» հուշ-երեկոյի ընթացքում։ «Տիգրանն իր կյանքը տվել է հանուն մեր կյանքերի, որ մենք ապրենք, չստացվի այնպես, որ ասեն իմ որդին և մյուսները հանուն ոչնչի են զոհվել։ Իմ որդին արել է ամեն ինչ, որ այլ կյանքեր փրկվեն»,-որդու՝ Տիգրան Ավետիսյանի սխրագործությունների մասին խոսելիս ասում է մայրը։
Մինչ սեպտեմբերի 19-ի արցախյան պատերազմը Տիգրանը հաճախակի է խոսել ընտանիքի անդամների հետ։ Forrights.am-ի հետ զրույցում մայրն ասաց, որ որդին սեպտեմբերի 17-ի երեկոյան արդեն զգուշացրել է սպասվող պատերազմի մասին․ «Մամ, հանկարծ չվախենաս, մի բան լինելու է, երկու օրով պատերազմ է լինելու։ Պետք է մի բան լինի, որ այս մարդիկ կարողանան դուրս գան, փրկվեն»։
Տիգրան Ավետիսյանը 19 տարեկանում է որոշել անցնել պայմանագրային ծառայության, երբ լրացել է ժամկետային ծառայության մեկ տարին։ Բարդ փուլում է նման որոշում կայացրել, սակայն, հիմքում եղել են 44-օրյա պատերազմի մարտական ուղին։
Երկու ամսվա զինվոր է եղել, երբ սկսվել է պատերազմը, նա Ջրականում է ծառայել։ «Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 6-ը մենք բացարձակ տեղեկություն չենք ունեցել Տիգրանից։ Նա եղել է Գագիկ անունով հրամանատարի հետ։ Միայն վեցին զանգեց, պարզվեց շրջափակման մեջ են, հայրը հեռախոսով ուղղորդեց, դուրս բերեց Հադրութի դպրոց։ Տիգրանն այնտեղ հանդիպել է եղբորը, որից հետո հրամանատարի հետ այլ ուղղությամբ են գնացել, մարտերի մեջ են կրկին ընկել, հրամանատարը վիրավորվել է, Տիգրանը նրան դուրս է հանել, այդ ընթացքում ինքն էլ է վիրավորվել»,-պատմում է մայրը։
Չնայած պատերազմական իրավիճակում ստեղծված դժվարություններին Տիգրանն ուսապարկով տեղափոխել է Ջրականի մատուռի խաչքարը, 13 օր ուսապարկը եղել է Տիգրանի մեջքին։
«17-րդ դարի խաչքար է եղել, որը վերցրել է Ջրականի մատուռից։ Տիգրանը, որ վիրավորվել է ուսապարկը կորցել է, հետո այն գտել են Արցախի ռազմական ոստիկանները, Տիգրանի հեռախոսն է մեջը եղել, այդպես կապ են հաստատել ամուսնուս հետ»։
Պատերազմի դաշտում մարմնական վնասվածքներ ստացած Տիգրանին տեղափոխում են Երևան։ Ապաքինվելուց հետո Տիգրանը կրկին վերադառնում է զինվորական ծառայության, չորս ամիս անց որոշում է անցնել պայմանագրային ծառայության։ «Ինքը 19 տարեկան էր, բայց մտածելակերպն այլ էր։ Ինքը շատ էր սիրում Արցախը»,-ասում է մայրը՝ նշելով, որ որդին դժվարին ուղի է անցել։
Որոշ ժամանակ անց Տիգրանի մոտ առողջական խնդիրներ են առաջանում՝ ոտքերի շրջանում։ «2022 թվականի նոյեմբերի 3-ին վիրահատություն կատարվեց, իր մոտ երրորդ-չորրորդ կարգի վարիկոզ էր և ասացին, որ պետք է զորացրվի, ծառայության հետ իր վիճակն անհամատեղելի է։ Տիգրանի մոտ խուճապ առաջացավ, ասաց, որ ինքը պետք է լինի իր դիրքերում»,-մայրն ասում է, որ որդին առաջարկել է նամակ գրել զինվորական հոսպիտալին, եթե այնտեղից հայտնեն, որ բանակին պիտանի չէ, չի գնա ծառայության։
2022 թվականի դեկտեմբերի 4-ին Երևանից մեկնել է Արցախ՝ դիրքերը պաշտպանելու։ «Այդ օրվանից մենք էլ իրար չտեսանք։ Մեկ շաբաթ հետո բլոկադան սկսվեց, չէր կարողանում գալ Երևան՝ նույնիսկ ստուգումների։ Դեղերն ուղարկում էինք, որ խմի, ես էլ չէի կարողանում Արցախ գնալ, ինձ մերժում էին տանել, քանի որ գործող գնդապետի կին եմ»։
Այս ամբողջ ընթացքում որդին ծնողների հետ շփվել է միայն հեռախոսակապի միջոցով։ Նա ծառայում էր Վանք գյուղի մոտակայքում գտնվող դիրքերում։
Սեպտեմբերի 16-ին Տիգրանը, երբ բարձրացել է դիրքեր տեղեկացել է, որ կողքի դիրքում վատառողջ զինվոր կա, քանի որ Հայաստանի զորքերը հանել են, փոխարինող չի եղել, որոշել է ինքը փոխարինել այդ զինվորին։ «Այդ օրը մեզ հետ էր խոսում, բարձրախոս էր միացված, հորն ասաց՝ պապ կուտակումներ կան, հարյուրից ավել մարդ կա իրենցից, ես իրենց տեսնում եմ։ Հայրն հարցրեց՝ ի՞նչ եք անելու, պատասխանեց՝ ես պատրաստ եմ․․․»։
Մոր և որդու վերջին զրույցը եղել է սեպտեմբերի 19-ին՝ մինչ կեսօր։ Տիգրանը զանգել է, կարճ խոսել են, որ հետո շարունակեն։
«Խանութից վերադառնում էի, տուն չէի մտել, ընկերուհիս զանգահարեց ու ասաց, որ Ստեփանակերտը ռմբակոծում են։ Զանգում էի ամուսնուս հարազատներին՝ բոլորն այնտեղ էին, ոչ ոք չէր պատասխանում։ Երկու-երեք օր տառապեցինք, մինչև կապերը վերականգնվեցին։ Տիգրանը 112-րդ դիրքում է եղել, դա ամենավտանգավոր դիրքերից մեկն է եղել։ Պարզվել է, որ Տիգրանը դիրքում միայնակ է մանցել, ոչ մեկ իրեն չի օգնել, կողքից վիրավոր է եղել։ Պարզել ենք, որ ինքը բղավել է՝ ո՞ւր եք փախնում, պատրոն տվեք»։
Տիգրանի դին գտել են դիրքում՝ միակնակ, շուրջբոլորը կրակված պատրոններ են եղել։ Նրան գտել են մի քանի օր անց՝ որոնողական աշխատանքերի ժամանակ, մայրն ասում է՝ Տիգրանը ճանաչելի էր։ Տիգրանին տեղափոխել են Հայաստան և հուղարկավորել Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Ադելինա Ավետիսյանի փոխանցմամբ՝ տարօրինակ իրավիճակում են հայտնվել։
«Արգելել են Արցախի դրոշը դնել որդուս դագաղի վրա։ Բոլորին է դա վերաբերվել։ Այն ժամանակ շոկային, սարսափելի իրավիճակում էինք»,-ասաց մայրը։
Դիրքը չլքած և հանուն Արցախի զոհված Տիգրանի ծնողներին որևէ մեկը չի այցելել․ մայրն ասած ոչ ծառայակիցներն են եկել, ոչ պաշտպանական գերատեսչություններից, միայն հրամանատարներից մեկը՝ փոխանցել է իր մոտ մնացած Տիգրանի իրերից մեկը։
Նարեկ Կիրակոսյան
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։