Ռոբերտ Բադասյան 28-ամյակը դիմավորեց պայթող արկերի ձայների ներքո․ սեպտեմբերի 19-ին սկսված արցախյան պատերազմը 20-ին շարունակվում էր նույն ինտենսիվությամբ։ Մարտակերտի շրջանի Գյուլաթաղ գյուղի դիրքերում էր, երբ թշնամին հարձակվեց Արցախի վրա։

«Մինչև պատերազմի սկսվելը՝ 15 օր առաջ տագնապով պոստեր էինք բարձրացել, Գյուլաթաղի դիրքերում էինք, Մարտակերտի գյուղերից։ Սպասում էինք, որ պետք է իջնեինք, սնարյադն եկավ, սկսեցինք հրետանիով խփելը»,-Forrights.am-ի հետ զրույցում հիշում է Պաշտպանության բանակի նախկին զինծառայողը։

Մեկ օր աննահանջ մարտերից հետո բոլոր զինծառայողների նման նա էլ զենքը վայր դնելու հրաման է ստացել՝ չնայած ադրբեջանական կողմը շարունակում էր կրակել ոչ միայն դիրքերի, այլ նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։ Ռոբերտը զենքը վայր դնելով իր գործն ավարտված չի համարել։ Forrights.am-ի հետ զրույցում արսափելի մանրամասներ է պատմում, թե ինչպես էին գյուղի կանայք, երեխաները և տարեցները բռնել գաղթի ճանապարհը։

«Իմացանք, որ ադրբեջանցիները մտել են Մարտակերտ, գյուղերի բնակիչներն անտառներով գնում էին, խառը իրավիճակ էր, Կաշենի հանքի մոտի գյուղերի ժողովուրդը ոնց կարողանում էր, գնում էր»,-Ռոբերտն այդ ամենը տեսնելով ճակատագրական որոշում է կայացրել, ինչը վկայում է նրա հայրենասիրության և մարդասիրության բացառիկ արժեքների մասին։

«Ուրալը խոդ տվեցի մի 80 հոգու՝ զորքից և գյուղացիներից տարա Դրմբոնի խաչմերուկ, զորքն այնտեղ դիրքավորվեց, ես էլ Գյուլաթաղից մի հոգու հետ եկանք մարդկանց տանելու։ Երեք անգամ գնացել եկել եմ, ադրբեջանցիները գյուղ էին մտել։ Ժողովուրդն անտառներում էր, երեխաներ ու տարեցներ էին, սաղ հավայի ընկած, սնարյադը խփում էր, լաց ու կոծ էր։ Օբշի մի 300 հոգի մարդ եմ հանել, խառը նստում էին կուզովը։ Հետո այդ Ուրալով զորքին բերեցի Ստեփանակերտ»,-հիշում է նա։

Ռոբերտն ասում է, որ անկառավարելի իրավիճակ էր ստեղծվել, քաղաքացիական բնակչությունը չգիտեր, թե ուր պետք է գնա, ինչ պետք է անի, եթե ինքը նրանց մինչև Դրմբոնի մատույցներ չտեղափոխեր, ապա կանայք, երեխաները և տարեցներն այդ ճանապարհը պետք է անցնեին 50 կիլոմետր քայլելուց հետո։

«Ես կյանքում Ուրալ չեմ քշել, ճանապարհներն էլ այդտեղ շատ վատ էին, կողքս մարդ կար նստած, ցույց էր տալիս։ Անտառի ճանապարհ էր, մեքենա այդտեղով չէր անցնում»։

Ռոբերտն իր քայլին բնորոշում հրաժարվում է տալ, համեստորեն նշում է՝ այդ պահին գլխում այդ որոշումն է ծնվել, իրագործել է։ «Ժողովուրդը, եթե կես ժամ ավել մնար այնտեղ, սնարյադի տակ էին, զոհվելու էին կամ էլ ադրբեջանցիներն էին գալու մորթելու էին։ Այդ պահին դա եկավ գլխիս, այդպես օգնեցի մարդկանց»,-ասում է նա։

Խաղաղ բնակիչներին տեղափոխելու ամբողջ ընթացքում կրակել են ավտոմեքենայի ուղղությամբ, կրակոցների անցքերը պահպանվում են դեռ։ «Այդ ընթացքում, որ մարդկանց էի տեղափոխում հրետանին աջ ու ձախ կողմերը տրաքում էր, ժողովուրդը գոռում էր պայթյունի ձայներից»։

Ռոբերտն այդ օրը չի մոռանա, 28 տարեկան դարձավ։ Երկու տարի է ինչ անցել էր պայմանագրային ծառայության, մինչ այդ մասնակցել է քառօրյա և 44-օրյա մարտերին, ժամկետային ծառայության տարիներին էլ դիվերսիաներ է կանխել։ «Եղնիկներում էինք, դիվերսիոն հարձակում, բոյ տվեցինք հետ գնացին»։

Ռոբերտն այժմ ապրում է Լանջազատում, այս գյուղն Արարատի մարզում է։ Նա իր ծնողներից այժմ հեռու է, նրանք ապրում են Մալիշկա գյուղում։ Համացանցում տեսանյութերից հատվածներ են տարածվում, անծանոթ մարդիկ շնորհակալություն են հայտնում Ռոբերտին՝ իրենց այդ դժոխքից փրկելու համար, շատերը չգիտեն նրա անունը, բայց դա չի խանգարում երախտապարտ լինել ու անհոգ կյանք մաղթել։ Ռոբերտի ցանկությունն այժմ մեկն է՝ միավորվել ընտանիքի հետ, ունենալ տուն և աշխատանք։

Սրա փոխարեն այժմ պետության ճնշումներն են, Ռոբերտից ցանկանում են վերցնել Արցախից բերված «Ուրալը», որով մարդկանց է տեղափոխել, իսկ մի խմբին էլ բերել մինչև Հայաստան։ Նա մարդկանց «Ուրալով» տեղափոխելու համար իր անձնական մեքենայից է հրաժարվել՝ այն թողնելով Արցախում։

Նարեկ Կիրակոսյան 

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest