Հայաստանի ղեկավարությունը՝ վարչապետը, նախագահը, խորհրդարանի խոսնակը, մեկը մյուսի հետւից ասում են, որ Արցախի պետական ​​մարմիններն իրենց աշխատանքը չպետք է շարունակեն Հայաստանում, քանի որ Հայաստանում կա լեգիտիմ իշխանություն։ Իսկ Արցախի ժողովրդի իրավունքները իբր ամբողջությամբ պաշտպանում է Հայաստանի իշխանությունը։

Այս «պաշտպանության» էֆեկտիվության մասին խոսելն անիմաստ է։ Ավելին, ինչպես նշում են փորձագետները, Արցախի ժողովրդի քաղաքական և իրավական կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի ղեկավարության մոտեցումները ոչ միայն չեն տարբերվում Բաքվի դիրքորոշումից, այլև շատ առումներով «գերազանցում» են նրան։ Հայաստանի ղեկավարությունը պաշտոնապես դիմում է միջազգային ատյաններ հայցերով, որոնք կոչված են հաստատելու Բաքվի իրավասությունը ոչ միայն Արցախի տարածքների, այլեւ հենց արցախցիների նկատմամբ։

Նման մի հայցով ՄԱԿ Միջազգային դատարանը միջանկյալ որոշում է ընդունել նոյեմբերի 17-ին, եւ դրանից հետո 8 շաբաթվա ընթացքում Ադրբեջանը պետք է զեկույց ներկայացնի Հայաստանի հայցի միջանկյալ միջոցառուների իրականացման վերաբերյալ։ Հիշեցնենք, որ դատարանը Բաքվին պարտավորեցրել է ապահովել սեպտեմբերի 19-ից հետո հայրենիքը լքած արցախցիների վերադարձը իրենց տները «անվտանգ, անարգել և արագ»։ Բացի այդ, դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին «պաշտպանել» անձը և/կամ մասնավոր սեփականության գրանցման բոլոր փաստաթղթերը և «պատշաճ ուշադրություն դարձնել նման փաստաթղթերին և գրառումներին իր վարչական և օրենսդրական պրակտիկայում»:

Ադրբեջանի ԱԳՆ-ն անմիջապես ողջունել է դատարանի որոշումը։ Ի՞նչ միջոցներ կձեռնարկի Բաքուն՝ ի կատարումն դատարանի որոշմանը։

«Բնակարանները, մշակութային հուշարձանները Ղարաբաղում հսկում են հատուկ ջոկատայինները։ Տները կնքված են, ոչ ոք  մուտք չի գործում”, ասել է Միջազգային հարաբերությունների վերլուծության Բաքվի կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը։

«Կարծում եմ, ինչպես Ադրբեջանի կառավարությունն արդեն հայտարարել է, բոլորին, ովքեր ցանկանում են վերադառնալ, ժամանակ կտրվի։ Այսինքն՝ նրանք, ովքեր ցանկանում են վերջնականապես վերադառնալ, կվերադառնան, կամ եթե ինչ-որ մեկն ուզում է գալ և վերցնել իրերը, ապա, ամենայն հավանականությամբ, նրան նման հնարավորություն կտրվի։ Այսինքն՝ Ադրբեջանը կկատարի դատարանի որոշումը, ԱԳՆ-ն արդեն հայտարարություն է տարածել այս հարցի վերաբերյալ»,- ասաց նա։

Այսինքն՝ որոշ ժամանակ անց կարող է բացվել Բերձորի միջանցքը, որպեսզի արցախցիները կամ վերադառնան և ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կամ վերցնեն իրենց իրերը՝ թողնելով տները, հողերը, ունեցվածքը Բաքվի հայեցողությանը։ «Սեփականությունը» աննկատ վերածվում է «անձնական իրերի», եւ սառնարաններով վերադառնող արցախցիները Հաքարի կամրջի վրա ստիպված կլինեն փաստաթուղթ ստորագրել, որ Բաքվի նկատմամբ սեփականության պահանջ այլեւս չունեն։ Այդպիսով անշարժ գույքը, հողը, կոմունիկացիանները, արդյունաբերական ակտիվները, որոնք արցախցիների անձնական կամ կոլեկտիվ սեփականություն են, կմնան Ադրբեջանին: Այժմ նույիսկ Բաքուն դրանց ձեռք չի տալիս։

Եթե արցախցիները չվերադառնան և չվերագրանցեն իրենց ունեցվածքը «ողջամիտ ժամկետում», ապա Բաքուն կարող է պետականացնել այն (ինչպես արեց Թուրքիան 1923 թ.), կամ նույնիսկ փոխանցել այն ուրիշներին: Դժվար թե ՀՀ իշխանությունները բողոքարկեն։

Նաիրա Հայրումյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest