Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից Քրիստինեն օրերս մկրտել է իր հինգ երեխաներին։ Կինն ասում է՝ ընտանիքի հետ տեղի ունեցածից հետո այժմ իրեն ավելի պաշտպանված է զգում, քան երբեւէ։

Քրիստինե Սահակյանի կրտսեր որդին ծնվել է սեպտեմբերի 22-ին՝ Ստեփանակերտի հիվանդանոցում։ Իսկ դրանից առաջ եւ հետո տեղի ունեցածի մասին կինը մեծ հուզմունքով է պատմում։

«Ամսի 19- ին ես Մարտակերտի հիվանդանոցում էի։ Քանի որ վառելիք չկար, գյուղից էլ անհնար էր հիվանդանոց հասնել ու իմ ծննդաբերելու օրերն էին, բժշկուհիս որոշեց, որ ես գնամ ու մի երկու օր մնամ Մարտակերտի հիվանդանոցում, մինչեւ ունենամ երեխային։ Ահավոր վիճակ էր, չգիտեինք, եթե ցավերս բռնեն, ինչպեսւ ինձ պետք է հիվանդանոց հասցնեն։ Երբ կռիվը սկսվել է, ես եղել եմ հիվանդանոցում, ամուսինս տանը՝ երեխաների հետ։ Ամսի 20-ին բժշկուհին իր մեքենայով ինձ հասցնում է Ստեփանակերտ, ամուսինս էլ տնից է երեխաների հետ շարժվում Ստեփանակերտ»,- պատմում է Քրիստինեն։

Նրա խոսքով, Ստեփանակերտ հասնելով ինքը հրաժարվում է հիվանդանոց գնալ, նախ ցանկանում է ամուսնուն ու չորս երեխաներին գտնել. «Երբ ես հասել եմ Ստեփանակերտ, ռուսների բազայի մոտ, դեռ ամուսնուցս ու երեխաներից ոչ մի լուր չունեի։ Մի քանի ժամ սպասել եմ, մինչեւ նրանք հասել են։ Ով գյուղից գալիս էր, հարցնում էի, մտքովս ինչ ասես անցնում էր, շատ վատ էի։ Բժշկուհին ռուսների հետ խոսաց, որ ինձ Շտապ օգնության մեքենայով տանեն հիվանդանոց, բայց ես չհամաձայնեցի, ասեցի՝ մինչեւ իմ երեխաներին չգտնեմ, տեղիցս չեմ շարժվի։  Հետո եմ իմանում, որ նրանք ճանապարհին չորս զիլ են փոխում։ Երբ իրար հանդիպեցինք, երեխաները ամբողջությամբ ժանգոտ, ցեխոտ, ահավոր վիճակում էին։ Այդ ձեւով ամուսինս երեխաներին կարողացել է հանել։ Ամուսինս պատմում է, որ այդ ժամանակ բենզին, վառելիք բաժանել են, բայց մերոնց չի հասել, տվել են ծանոթ-բարեկամներին»։

Քրիստինեն պատմում է, որ ամուսնուն եւ երեխաներին հանդիպելուց հետո բոլորով պատսպարվում են Համալսարանի նկուղներում, որտեղ երկու օր մնալուց հետո նրան տեղափոխում են քաղաքի հիվանդանոց՝ ծննդաբերության։

«Երեխային ունենալուց հետո հետ եմ գնացել նկուղ։ Մի քանի օր մեզ ասում էին, որ կգան, մեզ ավտոբուսներով կտանեն, բայց այդպես էլ ոչ մեկ չեկավ։ Ամսի 24-ին դռներն ուղղակի բացեցին ու բոլորին դուրս հրավիրեցին, որովհետեւ բոլորը վախենում էինք, թե ամեն պահի ինչ կարող է լինել։ Այդպես դուրս եկանք, ոչ մի փաստաթուղթ ոչ մեկիս չեն տվել։ Երեխայի ծննդականը այստեղ ենք գնացել հանել։ Իմ խոսքերի հիման վրա գրվել է ամեն ինչ։ Իսկ այնտեղից ոչ մի ձեւ ոչ մի թուղթ չենք կարողացել բերենք։ Մինչեւ այդ էլ ինչ ունեինք, մնաց Մարտակերտի մեր տանը»,- պատմում է կինը։

Քրիստինեն ասում է՝ հղիության իր ինը ամիսները շրջափակման մեջ իր կյանքի ամենածանր ամիսներն էին.«Ինը ամիս նորմալ սնունդ չկար, դեղեր չկային, ինձ ասում էին՝ ինչ ես կերել, որ ինչ երեխա ծնվի… »։

Փոքրիկ Դավիթը այժմ մեկ ու կես ամսական է, իրեն լավ է զգում, եւ ամենակարեւորն այն է, որ առողջ է։

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, նոյեմբերի 14-ին, օրհնությամբ Մասյացոտնի Թեմի առաջնորդ Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի, Մասիս համայնքի եկեղեցիներում կատարվել է Արցախից բռնի տեղահանված ավելի քան 140 հոգու մկրտության արարողություն։ Քրիստինայի հինգ երեխաները նրանց թվում էին։

Անի Գևորգյան

Մանրամասները՝ տեսանյութում

 

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest