«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արամ Առաքելյանը դատավճռով սահմանված պատժից բացի, կրում է նաև պաշտոնյաների լիարժեք անտարբերությունը։ Նամակներին չեն պատասխանում, բողոքները չեն լսում, դեղերը ՝ բժիշկների կողմից ցուցված, չեն տրամադրում։
Անցյալ տարի, փետրվարին Արամ Առաքելյանը գլխուղեղի սուր իշեմիկ կաթված էր տարել։ Վերականգնող բուժում չստանալու հետևանքով նա ունի ներքին անևրիզմա գլխուղեղում, ենթակա է պրոթեզավորման, սակայն ոչ մի միջամտություն չի արվում, և դատապարտյալի առողջական վիճակն օր օրի վատանում է։
Թվում է, պետական պաշտոնյաները՝ դատախազ, դատավոր, «Քրեակատարողական բժկության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատողները ամեն ինչ անում են, որ ցմահ դատապարտյալը երբեք դուրս չգա կալանավայրից, որտեղ ապրում է 30 տարի։
ՀՀ կառավարության 2006 թվականին ընդունված եւ 2019 թվականին փոփոխված N 825-Ն որոշմամբ՝ «ուղեղի արյան շրջանառության հեմոռագիկ,
իշեմիկ, կամ խառը սուր խանգարումները» ընդգծված են կալանքի հետ
անհամատեղելի հիվանդությունների ցանկում։
Բայց հաշմանդամ Արամ Առաքելյանին ոչ միայն չեն ուզում ազատել, այլ անգամ պայմանական վաղաժամկետ ազատման դիմումը չեն բավարարում։ Դատական լսումներն այս հարցով խիստ ձևական բնույթի են։ Մերժման հիմնավորում չկա։ Այս մասին հուսահատված դատապարտյալը Forrights.am-ին նամակ է ուղարկել իր մայրիկի՝ Ռոզա Առաքելյանի միջոցով։
Դեկտեմբերի 15-ին դատարանը լսելու էր Արամ Առաքելյանին պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը, բայց անսպասելի կերպով նիստը տեղափոխել են նոյեմբերի 15-ին։
«Առավոտյան եկան, ասեցին, պատրաստվի, դատի ես։ Դատարանում հիմնարկը ներկայացրեց իդեալական բնութագիր, պրոբացիայի աշխատողը՝ նույնպես, ասաց, որ ես պատշաճ վարքագիծ եմ դրսևորում, բայց վերջում դատարանը որոշեց, որ ռիսկայնություն կա, դեռ շուտ է իմ վաղաժամկետ ազատվելու համար։ Ոչ մի հիմնավորում չունեն։ Միակ հիմքը դատախազի հայտարարություններ։ Դատախազը վեր կացավ, հայտարարեց, որ մինչև 2020 թվականը ինձ մոտ դրական դինամիկայի աճ է եղել, բայց 20 թվականից հետո նվազել է։ Վերջ», — փոխանցում է Արամ Առաքելյանն իր մոր միջոցով։
Դատարանում նա մոտ մեկ ու կես ժամ տևողությամբ ելույթ է ունեցել, մյուս բոլոր ելույթները , ըստ Արամի, տևել են մոտ 15 րոպե։
«Իմ ելոիյթում մանրամասն, փաստաթղթերով ներկայացրեցի հանգամանքները, բոլոր օրինակները ունեի։ Վերջում անդրադարձա դատախազին, ասելով, որ նա անհիմն հայտարարություն է անում, որ իմ վարքի դրական դինամիկան բարձրացել է։ Ես մասնակցում եմ բոլոր միջոցառումներին, դասընթացներին, բարեգործական ցուցահանդես եմ նույնիսկ կազմակերպել։ Բայց ոչ մի բան չի ազդում նրանց վրա։ Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ և ընդամենը 10 րոպեից վերադարձավ, մերժման որոշում կարդաց։ Ինձ համար արդեն հասկանալի էր, որ դա նախապես որոշված էր, ոչ մի բան էլ չի կատարվի, էն գլխից իրենք պատրաստ էին, որ պետք է մերժեն», — ասում է Արամ Առաքելյանը։
Դատարան գնալը նրա համար իսկական տառապանք է։ Կաթվածից հետո ուժեղ գլխացավեր ունի, առողջական լուրջ խնդիրներ, որոնց վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում։
Մի քանի ամիս առաջ Արամ Առաքելյանը կտրուկ նոպա էր ունեցել։ Նրան տարել էին համակարգչային հետազզոտման, սրտի, արյան հետաոտություններ արեցին, սակայն այս ամենին նա հասավ պայքարով ու սպառնալիքով՝ սպառնացել էր, թե հացադուլ է անելու։ «Միայն հացադուլի սպատնալիքի ինձ տակ տարան հետազոտման», — նշում է Առաքելյանը։
Հետազոտություններն ավարտեցին, բայց բժշկական եզրակացությունները մինչ օրս Առաքելյանին չեն տրամադրել։
«Ի՞նչ իրավունք ունեն ինձ ցույց չտալ իմ առողջության վերաբերյալ եզրակացությունները։ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից Նաիրա Բաբայանը ինձանից դիմում պահանջեց, ասեց՝ չեմ կիարող քեզ փաստաթղթեր տրամադրել, դիմում գրի, դրա հիման վրա կտամ։ Օգոստոսի 2-ին դիմումը առ ձեռն տվել եմ իր ձեռքը։ Մինչև էսօր չեն տվել ինձ իմ բժշկական փաստաթղթերը», — հայտնում է Արամ Առաքելյանը։
Կաթվածից հետո բժիշկների կողմից ցուցված դեղերը դատապարտյալին նույնպես չեն տրամադրում կանոնավոր կերպով։ 6 ամիս նա իր միջոցներով էր դեղեր ձեռք բերում, բայց այլևս գումարներ չունի։ «Այս տարվա սկզբից ես իրենցից դեղ եմ պահանջել՝ քսառելտո։ կես տարի նրանք ին ձ ապահովել են դեղերով, բայց օգոստոս ամսից ես ինձ համար ցուցված դեղերը չեմ ստացել։ Մի քանի օր առաջ նոր 20 հատիկ դեղ եմ ստացել»։
Արամ Առաքելյանը բողոք նամակ է ուղարկել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, բայց մինչ օրս ոչ ինքը, ոչ նրա մայրը՝ Ռոզա Առաքելյանը ոչ մի նամակ նախարարությունից չեն ստացել։
«Համոզված եմ, որ իմ բողոքը չի հասել նախարարին, այլ նրա աշխատակազմից էլի ուղարկել են ՊՈԱԿ։ Բացի հիմնական հիվանդությունից ես ստամոքսի խոց ունեմ։ Ինձ պետք է 40 միլիգրամանոց Կվամատել դեղատեսակ, որը ոչ մի կերպ չեն տալիս։ Էժան փոխարինող են տալիս, որոնք ինձ չեն օգնում։ Ես պանհանջում եմ այն, ինչ բժիշկն է դուրս գնել։ Դա Հայաստանում հաստատված դեղերի ացանկի մեջ ներառված դեղ է ։Ես երրորդ կարգի հաշմանդամ եմ, ինձ անվճար պետք է դեղեր տան, բաց չեն տալիս, կամ ամիսներով ուշացնում են։ Ինձ դրդում են ծայրահեղ քայլերի, որ մեռնեմ, ասեն՝ չկա մարդ, չկա պրոբլեմ», — ասում է Արամ Առաքելյանը։
Մենք դիմեցինք առողջապահության նախարարություն, խնդրելով պատասխանել, թե ինչ ընթացք է ստացել Արամ Առաքելյանի դիմում-բողոքը նախարարին ուղղված, ինչու դատապարտյալին չեն տրամադրվում նրա հասանելիք դեղերը, կամ բժշկական փաստաթղթերը։ Մեզ պատասխանեցին, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը նախարարության համակարգում նոր կառույց է և այնտեղ կարող են լինել խնդիրներ։ «Արամ Առաքելյանը իր դեղորայքը ստանում է։ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը պատասխանել է Արամ Առաքելյանի բողոքին», — պատասխանեցին նախարարությունից, խոստանալով առաջիկայում ավելի մանրամասն տեղեկություններ տրամադրել։
Նախարարության պատասխանին կսպասենք, սակայն անգամ այս երկու նախադասությունը կտրուկ հակասում է Արամ Առաքելյանի պնդումներին։ Ակնհայտ է, որ նախարարությունում չեն ցանկանում պարզել ճշմարտութունը և հակված են ձևական պատասխաններ տալուն։ Հակառակ դեպքում պետք է դատապարտյալի դիմումը հասներ նախարարին, դիմումում նշված փաստերը ստուգվեին, համադրվեին քրեակատարողական հիմնարկի մատյանների տվյալների հետ, ինչից ակնհատ կդառնար, թե ինչ դեղորայք է նա ստացել, ինչի համար է ստորագրել և ով է իրականում ստում։
Սյուզան Սիմոնյան