Արցախից բռնի տեղահանված Վալենտինա Օհանյանը Forrights.am-ի հետ զրույցում հիշում է այն դժվարությունները, որոնց միջով ստիպված է եղել անցնել թշնամու ահաբեկչական գործողությունների հետևանքով։ Տիկին Վալենտինան ամենադաժանը համարում է թոռնիկին կորցնելու պահը՝ սարսափելի կրակոցներին զուգահեռ։
«Աշխատանքի էի, դպրոցում, երբ տարբեր տեղերից կրակոցներ լսեցի։ Երեխաներին տարան դպրոցի պադվալ, իմ թոռնիկն էլ էր այնտեղ, նայում եմ՝ չկա, հարցնում եմ՝ թոռնիսկ ո՞ւր է, չկա։ Այս կողմ, այն կողմ փնտրում եմ, զանգում եմ, բայց զանգ չի գնում, չի ստացվում։ Այդ ընթացքում էլ այնքան կրակոցներ էին հնչում՝ տարբեր կողմերից ու տարբեր ձայների, չգիտեմ ինչ անեմ։ Փնտրում եմ աղջկաս, իրեն էլ չեմ գտնում»,-դաժան օրերը վերհիշելով պատմում է մարտունեցի կինը։
Թոռնիկից միայն երեկոյան են կարողացել տեղեկություն ստանալ։ «Ամբողջ օրը չէի գտնում, երեկոյան աղջիկս զանգեց, ասաց, որ երեխան արդեն իր մոտ է։ Վախից ուրիշ տեղ էր թաքնվել, ես ուրիշ պադվալում էի, աղջիկս՝ ուրիշ, թոռնիկս լրիվ ուրիշ տեղ էր։ Կրակոցների տակ մի կերպ գնում եմ իրենց մոտ, հավաքվում ենք մի պադվալում։ Ամողջ գիշեր մնացինք այդ պադվալում, սնարյադներ էին օգտագործում»,-ասում է նա։
Տիկին Վալենտինան նշում է, որ մինչև հաջորդ օրը՝ ժամը 13:00-ն մնացել են նկուղում, կարճ ժամանակով են կարողացել դուրս գալ և գնալ տուն։ Տուն հասնելուն պես կրկին ասել են, որ հետ վերադառնան նկուղ։ «Ուրիշ պադվալ ենք գնում, այնտեղ մնում ենք երկու օր։ Դրանից հետո ասում են դուրս արեք Մարտունիից։ Մի երկու շոր ենք վերցրել, քանի որ արդեն ցուրտն էր սկսվում ու եկել ենք, չեմ կարող պատկերացնել, թե ինչպես ենք հասել այստեղ»,-ասում է նա։
Նշում է, որ դստեր մեքենան ճանապարհին խափանվել է, մինչև Հակարիի կամուրջ հասնելը ավտոմեքենայի մարտկոցը կոտրվել է, բռնի տեղահանվողների օգնությամբ կարողացել են այն մի կերպ վերականգնել՝ թաշնամու տեղադրած ապօրինի անցակետով անցնելու համար։
Վալենտինա Օհանյանն ու ընտանիքը սոցիալական լրջագույն խնդիրներ ունեն, նա զրկվել է իր թոշակը ստանալու հնարավորությունից։ ՀՀ կառավարությունը չի վճարում արցախցիների թոշակներն ու նպաստները, չկան տեղեկություններ, թե երբ դրանց տրամադրումը կվերսկսվի։
«Մարտունիից հեծալ ենք ի՞նչ ենք բերել մեզ հետ, ոչ մի բան, 50 հազար են տալիս, կարո՞ղ ենք դրանով տան վարձ տալ, կոմունալ վճարել, չենք կարող»,-ասում է նա և հիշում՝ Մարտունիում երկու տուն թողեց՝ գույքով, հոգուստով լի խանութ, իսկ այստեղ չեն կարողանում երկու սենյականոց բնակարան վարձել, գներն աստղաբաշխական են։
«Մարտունիում մենք վախով ենք ապրել․ մեր տանից նայում էինք այս մի կողմը թուքի պոստն է, այն մի կողմը էլի թուրքի պոստն է, մենք էլ մեջտեղը։ Թուրքերը իրենց երգը միացնում էին, մենք էլ ամեն առավոտ ու երեկո լսում էինք։ Ռուսն էլ մեր տանից 200 մետրից էլ քիչ հեռավորության վրա էր, նայում էինք ոչ մի բան չէին անում»,-ասում է տիկին Վալենտինան ու ավելացնում՝ ռուսական զորքերը եկել էին Արցախ ու բիզնեսով էին զբաղվում։
«Դպրոցի պադվալում էինք, ռուսները եկան ասացին, որ ոչ մի բանով չենք կարող օգնել։ Իրենք Արցախում բիզնեսով էին զբաղվում, ասում էին՝ վառելիք չունենք, որ գնանք դիրքեր, վառելիքը վաճառել էին։ 20 լիտր բենզինը 200 հազար դրամով ծախում էին հայերի վրա, դիզվառելիքը՝ 60 հազար։ Ռուսները, բայց մանկապարտեզներին էլ էին օգնում։ Սնունդ էին տալիս, որ երեխաներին տային, ոչ մանկապարտեզները չփակվեն։ Շատ վատ օրեր ենք ապրել։ Այս վերջին 9 ամիսն էլ հարցի հերթ էինք կանգնում, բայց դա հաց կոչվելու իրավունք չուներ»,-ասաց նա։
Նարեկ Կիրակոսյան
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։