Մի քանի անգամ բնակավայր փոխած Վիլենա Դավությանը սովոր է տեղահանում երևույթին, տներ փոխելուն։ Վերջին երկու տարին ընտանիքը Ստեփանակերտ քաղաքում էր ապրում։ Մինչ այդ Շուշիում, որը հանձնվեց թշնամուն, մինչ այդ էլ՝ Ղարաբաղի Մարտունու շրջանի Սոս գյուղում։ Հիմա երեք տղաների և սկեսրոջ հետ Վիլենան արդեն չորրորդ տանն է՝ Էջմիածնի Զվարթնոց թաղամասի մեկ սենյականոց նեղլիկ բնակարանում։

Ամուսնու մահվան հետ ոչ մի կերպ չի համակերպվում։ Նրան թվում է, թե մի օր դուռը բացելու է, մտնի ներս ու ասի՝ սխալմունք է եղել, ես ողջ եմ։

Փոքր տղան նույնպես չի գիտակցոմ, որ հայրը չկա։ Մինչև հիմա, երբ իրեն նեղացնում են, լաց է լինում ու սպառնում է ՝ հեսա կզանգեմ պապային, կասեմ։  

Արցախի հանրապետության ՊԲ զինծառայող, ավագ ենթասպա, 3 պատերազմների մասնակից 39 տարեկան Գագիկ Ավագյանը զոհվել է սեպտեմբերի 20-ին, բայց մինչ այդ հասցրել է իր ընտանիքին տանել նկուղ։

«Գնացել էի եղբորս տուն, նա պոստերում էր էդ ժամանակ։ Զանգեց կնոջը՝ թե գնացեք, երեխեքին վերցրեք դպրոցից, իրավիճակը լարված է։ Ամսի 19-նն էր։ Ես գնացի, երեխաներին դպրոցից բերեցի տուն, շորերն էի փոխում, մեկը շալվարը հանած, մեկը՝ տկլոր, որ պետք է հագցնեմ, կռիվը սկսվեց»։

Երբ Ստեփանակերտում ուժգին կրակոցներ լսվեցին, Գագիկը, որը մինչ այդ արձակուրդ էր վերցրել, ընտանիքին ուղեկցեց նկուղ ու գնաց, ասելով՝ տեսնեմ, էս ինչ ա կատարվում։ Սա Գագիկի վերջին բառերն են, որ Վիլենան լսել է։ «Էդ գնալն է, որ գնաց, էլ ոչ  մի բառ, ոչ մի զանգ։ Զանգել եմ, զանգել, հինգ օր, ու չեմ կարողացել էլ կապվել։ Նկուղում էինք, բարձրանում էի վերև, որ զանգեմ, ու կապ չկար էլ։ Ամսի 24-ին իմացա, որ զոհվել է»։

Այդ վերջին գաղթի ճանապարհը Վիլենան անցավ առանց ամուսնու։

«Ասեցին՝ շատ թուրք է սպանել, հետո բարձրացել է վերև, որ տեսնի, թե ինչքան են գալիս, սնայպերով խփել են», — պատմում է երիտասարդ կինը։

Մարտունու դիրքից Գագիկ Հակոբյանի մարմինը Հայաստան բերեց դիակներ տեղափոխող սառնարան-մեքենան։  Ինքը՝ Վիլենան, երեխաների ու սկեսրոջ հետ եկավ ավտոբուսով։ Սեպտեմբերի 29-ին Եռաբլուրում հուղարկավորեցին Գագոյին, փակ դագաղի մեջ։ Վիլենան այդպես էլ չտեսավ ամուսնու դեմքը։ Ասում են՝ դեմքը չկար։ Ու հիմա թաքուն հույս է փայփայում, որ այդ մարմինը ամուսնունը չի, նա  ողջ է, ինչ որ տեղ է գտել, թաքնվում է, գուցե, գալու է։ Մի երազ է միշտ հետապնդում Վիլենային։ Գագիկն է աչքի առաջ կանգնում ու նույն բանն է ասում՝ «Զանգի ինձ»։

Արթնանում է, քնաթաթախ հավաքում ամուսնու վայբեր-համարը, բայց պատասխանող չկա։ «Շուլուխչի, կատակասեր, ուտող խմող տղա էր։ Մահն իր համար չէր։ Երևի, կասեք, գժվել է, ինչ է․․․Բայց ես մինչև հիմա չեմ հավատում։ Ինձ թվում է, հիմա դուռը կբացի, կմտնի։», — հառաչում է կինը։

5 հոգանոց ընտանիքն ապրում է վարձով, մեկ սենյականոց բնակարանում։ Երեխաները փոքր են՝ 5, 7 և 11 տարեկան։ Աշխատող ձեռք չկա։ Ընտանիքը բացառապես պետության տրամադրած աջակցության գումարներով է ապրում։ Վիլենան մեծ հույս ունի, որ որպես զոհվածի այրի Զինվորական ապահովագրության հիմնադրամից իրենց էլ հատուցում կտրամադրեն։ Փաստաթղթերը  ներկայացրել է ՊՆ, և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մյուս զոհված զինվորականների ընտանիքների պես սպասում է։

Քան՞ի զինծառայող է զոհվել Լեռնային Ղարաբաղի դեմ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով։  Քննչական կոմիտեն օրերս թվեր հրապարակեց, որոնցից հետևում է, որ զոհվել է մոտ 200 զինծառայող։

Զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը ՔԿ յութուբյան պաշտոնական ալիքով հայտնեց․ «Ունենք 200-ից ավելի զոհված զինծառայող և քաղաքացիական անձ: Շուրջ 12 քաղաքացիական անձի և շուրջ 30 զինծառայողի գտնվելու վայրը մինչև հիմա հայտնի չէ»։

Քննչական կոմիտեի տվյալնելով ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է քաղաքացիական ինը անձ, նրանցից երեքը՝ երեխա: Եթե 200-ից ավելի զոհվածներից հանում ենք 9 քաղաքացիական անձանց, ստացվում է, որ մոտ 200 զոհվածները զինծառայողներ են։

Կստանան արդյո՞ք սեպտեմբերյան դեպքերի ժամանակ զոհված մոտ 200 զինծառայողների ընտանիքները փոխհատուցում զինծառայողների ապահովագրության հիմնադրամից։

Ըստ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանի, որը զբաղվում է հիմնադրամի հետ կապված հարցերի համակարգմամբ, Արցախում վերջին մարտերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքները կստանան փոխհատուցում, սակայն ՀՀ Պաշտպանության նախարարությունում դեռ չի ավարտվել փաստաթղթերի և տեղեկատվություն հավաքման աշխատանքը։ «Դեռ տեղեկատվությունն ամբողջական չի հավաքվել։ Առաջնայինը զոհվածների ամբողջական ցուցակ ունենալն է։ Ապա պարզվելու է, թե ինչ հանգամանքներում են զոհվել այդ անձինք », — Forrights.am-ին ասաց Ալեքսանդր Ավետիսյանը։

Այժմ քննչական կոմիտեն վարույթի շրջանակում իրականացվում են մեծածավալ քննչական գործողություններ, հարցաքննություններ, մարմինների զննություններ: Նշանակվել են մի շարք՝ այդ թվում դատագենետիկական, դատաբժշկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել: Զոհված անձանց հարազատները ճանաչվել են որպես տուժող::

Սյուզան Սիմոնյան

 

Pin It on Pinterest