«Դաժան օրեր էին, դաժա՜ն»,- բռնի տեղահանումից հետո տղայի և փեսայի նկարների կողքին նստած ասում է Երվանդ Դանիելյանը։ Տղան՝ Էդուարդը և փեսան՝ Գրիշան, զոհվել են սեպտեմբերի 19-ի պատերազմի ժամանակ։ Էդուարդը Եղնիկներում էր ծառայում, Գրիշան՝ Օմարում։
«Եղնիկների Էդոն էր, սիրում էր ծառայությունը, դիպուկահար էր, ծառայությունը, որ ավարտեց որոշեց պայմանագրային ծառայության անցնել»,-Forrights.am-ի հետ հիշում է հայրը, թե ինչ ոգևորությամբ էր տղան անցել ծառայության։
Էդուարդը զոհվել է՝ իր դիրքից մյուս դիրք, ընկերոջն օգնության հասնելու ժամանակ։ «Դիրքերում կապը կորել է։ Էդուարդը գնացել է կողքի դիրք, որ ընկերներից տեղեկություն իմանա, բայց ԱԹՍ-ը նկատել է ու խփել է»։
Ծնողները Էդուարդի հետ վերջին անգամ խոսել են սեպտեմբերի 18-ին։ Հայրը՝ Երվանդ Դանիելյանը, որը ևս զինծառայող է, դիրքերում գտնվելիս զգացել է, որ տղան զոհվել է։
«Ես զգում էի, որ տղաս չկա, մեր կամադիրին ասացի՝ տղաս էլ չկա, սիրտս զգում է, որ ինչ-որ բան է եղել։ Քիչ հետո խաբարը եկավ․․․»,-ասում է Երվանդ Դանիելյանն ու խոսքերը կորում են արցունքների մեջ։
Հայրը որդուն գտել է Մարտակերտի հիվանդանոցի նկուղում գործող դիահերձարանում։ «Ասացին ահագին զոհ կա, բայց միայն Էդոն է ճանաչելի։ Հիվանդանոցի մեծը եկավ ասաց՝ ում ծնողն այստեղ է տարեք, հուղարկավորեք, էրեխեքը իրենց տեսքից ընկնում են, տեղ էլ չկա, շատ վատ վիճակ է։ Ես ինձ չեմ կարողանում տիրապետել, քանի որ մեկ օր է արդեն տղաս այնտեղ էր»։
Երվանդ Դանիելյանն այնպիսի իրավիճակներ է նկարագրում, որոնք բարդ են անգամ պատկերացնել։ «Դագաղ չկար, ոչ մի տեղ։ Եկանք գյուղ, տղաներն ասացին, որ տախտակ կգտնեն, դագաղ կսարքենք։ Առավոտյան գռուզավիկով այդ դագաղը վերցրեցինք, գնացինք հիվանդանոց»։
Հայրը տևական ժամանակ որդուն հուղարկավորելու որոշում չի կարողացել կայացնել, քանի որ հստակ չեն ասել՝ գյուղը լքելու են, թե՝ ոչ։ Ժամանակի ձգձգման պատճառով Երվանդ Դաինելյանը որոշել է որդուն հուղարկավորել։
«Որոշում կայացրեցի, որ տանելու եմ մեր գյուղի գերեզմանոցում պապայիս կողքը՝ իր պապիի մոտ դնենք։ Հաջորդ օրն իմացա, որ գյուղից պետք է դուրս գանք։ Գյուղապետի մեքենայով բարձրացա, որ Էդոյին հրաժեշտ տամ․ ասացի՝ Էդո, կներես, որ թողնում եմ, չեմ կարող տանեմ։ Խաբեցին ինձ, խաբեցին․․․ հրաժեշտ եմ տալիս ու դուրս գալիս»,-չկարողանալով հաշտվել իրողության հետ պատմում է հայրը։
Մարտակերտի Մաղավուզ գյուղից տեղահանված Երվանդ Դանիելյանի ցավն անբացատրելի է։ Հայրենի գյուղից Նոր Արտամետ է կարողացել տեղափոխել միայն որդու լուսանկարները։
Մայրը՝ Սոնիկ Դանիելյանն ընդհնարապես հնարավորություն չի ունեցել որդուն հրաժեշտ տալու։ «Ես հուղարկավորությանը չեմ կարողացել գնալ, թուրքերը ճանապարհները փակել էին, միակողմանի էր բաց, չեն թողել, որ ես մտնեմ, Ստեփանակերտում էի»,-ասաց նա և պատմում է, թե ինչ ոգևորությամբ էր սպասում որդու վերադարձին։
«Սեպտեմբերի 1-ին Էդուարդին դիրքեր ճանապարհեցինք, 14-ին պետք է իջներ, չիջավ, հրաման չէին տվել, որ գար, համար մեկ էին տվել։ Զանգեց ասաց՝ մամա, չեմ գա, ամսի 16-ին, 17-ին, 18-ին երեք օր խոսացել է մեր հետ, մամա, ի՞նչ եք անում, ասում էի՝ սպասում ենք քեզ, ասաց մամա, ես հլը չեմ գալիս»։
Սեպտեմբերի 8-ին Էդուարդի ծնննդյան օրն է, դիրքերում է նշել, 21 տարեկան է դարձել։
Այս պատերազմում զոհվել է նաև Դանիելյանի 23 տարեկան փեսան՝ Գրիշան։ Նա Օմարում էր ծառայում։ Էդուարդի հայրը և Գրիշայի հայրը միմյանց պատահական հանդիպել են դիահերձարանի բակում և տեղեկացել, որ երկուսի որդիներն էլ զոհված են։
Նարեկ Կիրակոսյան
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։