Էմմա Երեմյանը իր հեռախոսով լուսանկարներ է ցույց տալիս. «Սա հյուրասենյակս է, սա խոհանոցս է, սա բակս է, սա որդուս մեդալներն են… Էս ոչ մի բանի կորուստը աչքիս չի երեւում, ամենաթանկ բանը, որ ես թողեցի Արցախում` ամուսնուս ու որդուս գերեզմաններն են»:
Տիկին Էմման Ստեփանակերտից է, Հայաստանում որեւէ բարեկամ չունի, կրտսեր որդին զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, ավագ որդին ՌԴ-ում է` առողջական լուրջ խնդիրներ ունի, իսկ ամուսինը մահացել է 2003-ին: Այժմ միայնակ կինը Երեւանում է` վարձով ապրում է մենաստանի հիշեցնող փոքրիկ ու կիսադատարկ սենյակում: Իսկ Ստեփանակերտի տան բանալիները խնամքով պահում է պայուսակի մեջ:
«Տղաս 92 թ-ին է զոհվել իսկ դրանից հետո ամուսնուս հետ լուրջ խնդիրներ առաջացան: Մի անգամ Հայաստան գալուց Խոջալույում ճանապահին նրա վրա ադրբեջանցիներ էին հարձակվել ու քարերով կոտրել էին մեքենան: Նրան ուզեցել էին սպանել, բայց վերջին պահին մտափոխվել էին: Այդ օրվանից ամուսնուս մոտ հիվանդություններ էին առաջացել, տարիներ նրան խնամեցի, 2003-ին մահացավ, մնացի մենակ »,- պատմում է 82 ամյա կինը:
Հիշելով սեպտեմբերի 19-ի դեպքերն ու Արցախը լքելու օրերը, Տիկին Էմման պատմում է. «Հայաստան եմ եկել բարեկամի մեքենայով: Բենզակայանում պայթյունից հետո իմ բարեկամներից մեկը` 59-ամյա Գարիկ Հովսեփյանը տեղափոխվեց Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոց: Ես նրան իմ տղայի պես սիրել եմ, ես եմ նրան ամուսնացրել, շատ մտերիմ էինք: Նա երկու օր հիվանդանոցում էր, երբ կինը զանգեց ասեց` Գարիկին պետք է շտապ Երեւան տեղափոխենք: Նրան մեքենայի մեջ դրեցին ու շարժվեցինք դեպի Հայաստան: Ես էի, կինը, աղջիկն ու տղան… Գարիկին տարանք, հասցրինք հիվանդանոց, այնտեղից ասեցին` պետք է տեղափոխել մորգ: Պարզվում է` ճանապարհին մահացել էր, բայց մենք գլխի չէինք»:
Տիկին Էմման ասում է` մինչ օրս որեւէ օգնություն չի ստացել ու դեռ չգիտի, թե ինչպես է` ապրելու. Մտածում եմ` տնից դուրս գալիս ինչու այդպես ինձ կորցրի, անգամ ամուսնուս ու տղայիս նկարները չվերցրի: Հիմա եմ կամաց- կամաց ուշքի գալիս: Թաղումն արեցինք, յոթն արեցինք…Ես Աստծոց շնորհակալ եմ, որ խելքս տեղն է, հիշողությունս տեղն է, բայց այդ պահերին ոնց որ ամեն ինչ իրար խառնված լիներ: Սկսեցինք զբաղվել մահացածին հուղարկավորելու գործերով, երեք գիշեր մեքենայի մեջ էինք քնել, մտքներիս միայն դա էր: Հիմա նոր հասկանում ենք ու գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել»:
Անի Գևորգյան
Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։