Հայաստանը ամիսներ շարունակ շրջափակման մեջ ապրած, սոված ու տանջված արցախցու համար անվտանգ տարածք է, որտեղ կա պետական հոգածություն, կա գոնե կերակուր, կան մարդիկ,  որոնք ամեն կերպ օգնում են։

Բայցև այնպես այստեղ նա հայտնվում է սոցիալական անդունդի եզրին, համալրելով Հայաստանի հանրապետության ամենաաղքատ խավը։

Ներգաղթի առաջին իսկ օրերից պետությունը հայտարարում էր, որ յուրաքանչյուր արցախցուն միանվագ տրամադրվելու է 100 հազար դրամ։ Օգնությունը ստանալու համար ընդամենը անհրաժեշտ է բանկային քարտ ունենալ, որը տեղահանված արցախցիների համար բացվում է անվճար։

Նույնականացումը հաշվառում չէ

Անցել է մոտ 20 օր, սակայն  շատ-շատերը դեռ չեն ստացել 100 հազարները։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով, մոտ 55 հազար արցախցու է տրամադրվել միանվագ օգնությունը։

Մյուսները դեռ սպասում են։ Նոյեմբերից յուրաքանչյուր տեղահանվածի մեկ շնչի հաշվով, առանց տարիքային սահմանափակման տրամադրվելու է 40 հազար +10 հազար՝ կոմունալ ծախսերի համար։ Գումարներն այս կտրվեն 6 ամիս։

Սակայն այս ծրագիրը իրագործվում է կոշտ սահմանափակմամբ։ Կառավարության համապատասխան որոշման մեջ գրված է, որ այս աջակցությունը չեն կարող ստանալ ՀՀ-ից բացակայողները, բնակչության պետական ռեգիստրում հաշվառված անձինք, պետության կողմից անվճար տրամադրված պետական տարածքում բնակվողները, նրանք, ովքեր բնակելի տարածք ունեն Հայաստանում։

Երկրորդ կետը՝ ՀՀ-ում հաշվառված չլինելու վերաբերյալ, նշանակում է, որ այն արցախցիները, ովքեր գրանցում կստանան Հայաստանում, չեն կարողանա օգտվել կառավարության տրամադրած գումարներից։ Այսինքն՝ պետության աջակցությունը ստանալու համար արցախցին պետք է, պատկերավոր ասած՝ օդում կախված մարդ լինի։

Սոցապնախարարության խոսնակը պարզաբանում է. «Բոլորը, ովքեր օգտվում են աջակցության այս ծրագրից, ունեն Լեռնային Ղարաբաղում գրանցում, հաշվառում, իսկ Հայաստանի Հանրապետության կողմից նրանք անցնում են նույնականացում՝ միգրացիոն ծառայությունում։ Այսինքն՝ նրանք պետք է նույնականացված լինեն միգրացիոն ծառայության կողմից, սակայն հաշվառված չլինեն Հայաստանի Հանրապետությունում»։

Նույնականացումը գրանցում չէ։ Այլ կերպ ասած՝ ամեն ին չ արվում է, որպեսզի արցախցիները չդառնան Հայաստանի Հանրապետության օրինական բնակիչներ, չունենան կարգավիճակ, թեւ նրանք ունեն ՀՀ քաղաքացու անձնագիր։

Արցախում զոհված զինծառայողների հարազատները փոխհատուցում կստանան հիմնադրամից, բայց հայտնի չէ, թե երբ Էլ ավելի անհասկանալի է սեպտեմբերյան հարձակման օրերին զոհված արցախցի զինծառայողների ընտանիքների փոխհատուցման հարցը։

Այսօր պարզ դարձավ, որ Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ադրբեջանական լայնածավալ հարձակման հետևանքով զինվորականների շրջանում 200 — ից ավելի զոհ կա, քաղաքացիների շրջանում՝ 2 տասնյակից ավելի։ Այս մասին «Ազատությանը» փոխանցել է Արցախի ՆԳՆ խոսնակ Հունան Թադևոսյանը։

ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանին, որը զբաղվում է հիմնադրամի հետ կապված հարցերի համակարգմամբ, հայտնեց, որ  Արցախում վերջին մարտերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքները, նույնկերպ, ինչպես ՀՀ քաղաքացիները, «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ից կարող են փոխհատուցում ստանալ, բայց դա ժամանակ է պահանջելու։ Համապատասխան վարչարարությունն ավարտված չէ։ Առայժմ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը չի տիրապետում անհրաժեշտ  տեղեկատվությունների զոհված զինծառայողների վերաբերյալ։

Հավանաբար, պատճառն այն է, որ զոհվածների և անհետ կորած համարվող զինծառայողների ու  քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքները շարունակվում են։

«Այո, նրանք ստանալու են փոխհատուցում։ Նախկինում Արցախի Հանրապետության կառավարությունն էր զբաղվում վարչարարությամբ՝ հավաքում էին գործերը և ուղարկում էին «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»։ Հիմա այդ գործընթացը ՀՀ Պաշտպանության նախարարությունն է անելու, մեր վարչությունը, սակայն դեռ պետք է տեղեկատվություն հավաքվի, քննչական կոմիտեի եզրակացությունների ենք սպասում։ Զոհված լինելու հանգամանքը պետք է  հաստատվի, հետո պետք է հավաստվի, թե ինչ պայմաններում է զոհվել տվյալ զինծառայողը։ Սա հիմնադրամի համար կարևոր տեղեկատվություն է։ Օրինակ, նա կարող է զոհված լինել ոչ թե ծառայության վայրում, այլ, ասենք, ծառայությունից փախուստի ժամանակ։ Այսպիսի նրբություններ կան։ Բայց ամեն դեպքում, հա մապատասխան տեղեկատվություն ստանալու և համակարգելուց հետո նրանք անպայման դառնալու են հիմնադրամի շահառուներ: », — Forrights.am-ին պատասխանեց Ալեքսանդր Ավետիսյանը։

Մինչդեռ արցախցի տեղահանվածների շրջանում լուրեր են տարածվում, որ սեպտեմբերյան վերջին արյունալի մարտերի ժամանակ զոհված արցախցի զինծառայողների ընտանիքներին հիմնադրամը ոչինչ էլ չի տալու։ Նրանք բազմաթիվ հարցեր ունեն պետությանը։

Կարինե Եսայանի աղջկան ոչ մի քոլեջ չի ընդունում

Կարինե Եսայանի ամուսինը՝ Շեկյան Արայիկը, զոհվել է սեպտեմբերի 19-ին, համար 707 դիրքում։ Վերջին անգամ ամուսնու հետ խոսել է ամսի 18-ին, երեկոյան։ Առավոտից արդեն կապ չի եղել՝ ոչ ինտերնետ, ոչ հեռախոս։ Կարինեն չգիտեր, որ պատերազմ է սկսվել։ «Ամուսինս աշխարհազոր էր ։ ՊՆ-ում նրա անունը կա գրանցված, որ դիրքերում է զոհվել։ 90-ականներից մինչ օրս բոլոր պատերազմներին մասնակցել է»։

Կարինեի ամուսնուն հուղարկավորել են Ստեփանակերտում։ «Հաջորդ օրը մեզ ասեցին, որ բոլորս պետք է դուրս գանք, ժողովրդին տարհանում են, թե չէ, եթե ես իմանայի, մի օր շուտ ասեին ,որ այդպես է լինելու, ես նրան չէի հուղարկավորի, հետս մարմինը կբերեի Եռաբլուր», — զղջում է կինը։

Կարինեն հիմա 4 երեխաների հետ երևանում է, Քանաքեռում, վարձով տանը։ Ամուսինը միակ աշխատող ձեռքն էր։ Մինչ օրս միակ օգնությունը, որ ստացել է՝ հիգիենայի պարագաներն են եղել և սնունդը՝ Կարմիր Խաչից։ Ինչ է լինելու հետո, ինչպես է ապրելու, չգիտի։

Ստեփանակերտի դիահերձարանի թուղթը, մահվան եզրակացությունը նոր է ստացել դիահերձող բժշկից։ Ամուսնու փաստաթղթերը դեռ չի հասցրել հավաքել։ «Ես չգիտեմ, կլինի փոխխխհատուցում, թե չէ, բայց թղթերը հիմա հավաքում եմ, կհանձնեմ։ Մնացածը կերևա արդեն։ Իմ ամուսինը զինվորական է եղել, պոստերում միշտ, դիրքերում։ Ի՞նչ տարբերություն, աշխարհազոր էր, թե կադրաին զինվորական, հայաստանցի, թե արցախցի։ Արդար կլիներ, եթե տարբերություն չդնեին ընտանիքների միջև»,  — ասում է Կարինեն։

Բայց արդարության համամարդկային սկզբունքը խախտվում է ամեն քայլափոխին։ Կարինեի դուստրը Արցախում 9-րդ դասարանում էր սովորում, փաստաթուղթ չունենք։ Եւ հիմա ոչ մի ուսումնական հաստատություն երեխային չի ընդունում։ «անգամ երեխային չեն ընդունում։ Քանի քոլեջ եմ տարել, հետ են ուղարկել մեզ։ Ի՞նչ է, իրենց թվում է, ես ստում եմ, որ իմ երեխան քոլեջի ուսանող է։ 9-րդ դասարանը ավարտել է, թողել ենք, փախել, մոտակայքում էլ ավագ դպրոց չ կա», — ասույմ է կինը։ Նա առցանց նամակ է ուղարկել կրթության նախարարություն։ Երկուշաբթի գնալու է պատասխանի հետևից։

«Դիակը չեմ բացելտեսնեմչկարողացա

Ալվարդ Բաղրամյանի որդու՝ Բոգդանի մահվան հանգամանքների մասին քիչ բան գիտի։ Բայց այն ինչ գիտի, տանջելու է նրան ողջ հետագա կյանքի ընթացքում։ «Կռիվը սկսել է, գիշերն էլ զոհվել է։ Մի շաբաթ մարմինը մնացել է ջրումը։ Դանակով ծակոտած՝ գետի մեջը։ Թուրքերը սպանել են, մտցրել գետը։ Էրեխեն 19-ին գնացել ա, ու վսյո։ Ուրբաթ՝ 18-ին, իջավ պոստից, հետո համար մեկ տագնապ արին, մյուս օրը էլի գնաց», — մի կերպ բառերն արտաբերելով, լաց լինելով պատմում է կինը։ Այս մղձավանջն այլևս նրա հետ է մնալու՝ թե ինչպես է որդին «սաղ-սաղ» թուրքի ձեռքն ընկել։ «Դիակը չեմ բացել, տեսնեմ, չկարողացա, անուն ազգանունով ա եկել երեխեն, տենց էլ տարանք Եռաբլուր»։ Ընտանիքը Աշտարակի գյուղերից մեկում է։ Ընդունողը որդու ընկերներից մեկն է, որն իր տունը տվել է նրանց։

Ալվարդի ամուսինը  մահացել է պատերազմների ժամանակ։ Հիմա էլ որդին գնաց։ Ընտանիքում աշխատող ձեռք այս պահին չկա։

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest