Արցունքերը խեղդում են Արցախից բռնի տեղահանված Մարինա Գալստյանի խոսքերը։ Նա մեծ դժվարությամբ է խոսում հայրենիքի, տան, ամուսնու և գաղթի ճանապարհն անցնելու մասին։ Երեք անչափահաս երեխաների հետ ապրում է Հրազդան քաղաքում վարձակալած բնակարանում։ Հյուրասենյակի անկյուններից մեկում սեպտեմբերի 20-ին զոհված ամուսնու՝ մայոր Իգոր Գալստյանի լուսանկարներն են, իսկ նրանց կողքին Արցախի այցեքարտ դարձած «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի փոքրիկ կրկնօրինակը։ «Ստեփանակերտի եկեղեցու բակից ենք գնել՝ պատերազմից մի քանի օր առաջ»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է տիկին Մարինան։
Այս իրականությունը, որտեղ Արցախն օկուպացված է, տիկին Մարինան բառ չի գտնում անընդունելի լինելը նկարագրելու համար։ Ամուսինը 27 տարվա սպա է եղել, պայքարել է Թալիշի, Մատաղիսի, Ասկերանի համար, իսկ վերջին օրերին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող Ցորի զորամասում էր։
«Շատ նվիրված էր բանակին, շա՜տ․․․2020 թվականի պատերազմին, որ գալիս էինք Հայաստան ասացի՝ Իգոր երեք երեխաների հետ ո՞ւր գնամ, պատասխանեց՝ քո մոտ երեքն են, իմ մոտ գիտե՞ս քանի երեխա կա։ Շատ ազնիվ պարտաճանաչ, խելոք, իր տեսակով լավ մարդ, լավ ամուսին, լավ հայրիկ էր»,-ասում է տիկին Մարինան։
Նրանք համատեղ 20 տարի են միասին ապրել, երբեք չեն մտածել Ստեփանակերտից հեռանալու մասին։ Կինը նշում է՝ ամուսնու համար, որքան երեխաներն են կարևոր եղել, այնքան էլ զինվորները։ Իգոր Գալստյանին կինն ու երեխաները վերջին անգամ սեպտեմբերի 17-ին են տեսել։
«Սեպտեմբերի 17-ին զանգեցին ասացին, որ տագնապ է, գնաց ու էլ իրեն չտեսանք։ Ամսի 19-ին երեխաները դպրոցից եկան, ռմբակոծում էին, աղջիկս ասաց զանգի պապային, վախենում էր, զանգահարեցի, մի քանի րոպե խոսեցինք, ասաց երեկոյան գալու եմ տուն, ամեն ինչ լավ է։ Միշտ, որ ասում էի՝ Իգոր, կուտակումներ կան, իրավիճակը վատ է, ասում էր՝ պանիկայի մեջ մի ընկի։ Ինքն այն սպաներից չէր, որ պանիկայի մեջ ընկերն, ասեր՝ տագնապ է, 44-օրյա պատերազմի ժամանակ զանգում էի վախեցած, ծիծաղում էր, ասում էր՝ խաղում ենք, նույնն էլ այս անգամ»։
Վերջին անգամ ամուսնու հետ Մարինա Գալստյանը սեպտեմբերի 20-ին է խոսել՝ երկու րոպեով, որից հետո կապն ընդհատվել է ու այլևս չեն կարողացել խոսել։ Կինը հիվանդանոցում է տեղեկացել, որ ամուսինը զոհվել է՝ նրան փնտրելու ընթացքում։
«Ամսի 19-ին նկուղում էինք՝ ինչպես բոլորը, ես շատ վատ էի, զգում էի, որ ինչ-որ բան կատարվելու է։ Բոլորը գալիս էին զենքերով կամ զենքերը վայր դրած, ոչ ոք տեղեկություն չուներ նրանից, հասցնում էի՝ տեսե՞լ եք, ասում էին՝ չէ։ Մի կերպ լուսացրեցինք, առավոտ երեխաներին ուղարկեցի պոլկ, որ իմանան պապայից ինչ լուր կա»,-ասաց տիկին Մարինան ու նշեց, որ որդին՝ Վովան, հորը շատ է նման, զորամասում ճանաչել են և ստել են, թե ձեռքից վիրավոր է․ «Որ երեխաները եկան ասացին, ես գնացի հիվանդանոց, իրեն էի ման գալիս, բայց չէի գտնում, ինձ խաբեցին, թե ծանր վիրավոր է, պետք է վիրավորեն, հետո ծանոթ մարդ ասաց, որ զոհվել է, ման մի եկեք։ Հավատս չի գալիս, որ ինքը էլ չկա, ինձ թվում է, որ դիրքերում է և հեսա ներս է մտնելու։
Իգոր Գալստյանը զոհվել է 26 պոստում՝ թշնամու դիպուկահարի կրակոցից։ Մարտական ընկերներից Գեղամը Forrights.am-ի հետ զրույցում որոշ դրվագներ ներկայացրեց Իգոր Գալստյանի սխրագործություններից։
«44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականում էինք, շատ դժվար էր մեքենայով զենք ու սնունդ բերել, գրեթե յուրաքանչրյուր ավտո խոցվում էր ԱԹՍ-ների կողմից։ Հատ ու կենտ մարդիկ էին զենք ու սնունդ տեղափոխում։ Գեղամը բերեց հասցրեց Ջրական, որպեսզի անձնակազմը կարողանա մարտական գործողություններ կատարի։ Հետո նահանջել ենք Ֆիզուլի, նոր ստեղծված առաջնագծում էինք, թշնամու կողմից մեքենաներ կային խոցված, Իգորի շնորհիվ մի քանի անգամ մեր անձնակազմ զենք ու սնունդ մատակարարվեց։ Անհրաժեշտ էր թիկունքը պահել, որպեսզի նոր առաջնագիծ դնեինք, ինձ հետ էին Իգորն ու երկու կապավոր, նրանք գնացին դեպի հակառակորդը և հինգ-վեց ժամ մարտ վարեցին, որպեսզի գումարտակը կարողանա շրջանցի և նոր առաջնագիծ տեղափոխվի։ ․․․ Իգոր Գալստյանը հաղթել է, որովհետև նա չի տեսել այն, ինչը հիմա կա, Ղարաբաղի կործանումը չի տեսել»,-ասաց մարտական ընկերը։
Իգոր Գալստյանին ընտանիքը հուղարկավորել է Ստեփանակերտի եղբայրական պանթեոնում, սակայն, բռնի տեղահանվելիս հայրենիքի համար կյանքը չխնայած սպային չեն թողել թշնամու կողմից օկուպացված Արցախում։ «Իգորի եղբայրն ամեն ինչ արեց, որ իր եղբորը բերի Եռաբլուր, ամեն գնով պայքարեց, մենք չէինք կարող նրան թողնել այնտեղ»,-ասաց կինը։
Իգոր Գալստյանի ընտանիքը հայրենիքի և հոր կորստյան ծանր խնդիրներին զուգահեռ նաև ֆինանսական աջակցության կարիք ունեն։
Նարեկ Կիրակոսյան
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։