30-ամյա Ժենիկ Սարգյսյանը, երեք անչափահաս երեխաների հետ, հայրենիքի, տան ու ամուսնու կորստյան ցավով հայտնվել է անելանելի իրավիճակում։ Արցախցի ընտանիքն այս պահին չի օգտվում ՀՀ կառավարության աջակցության որևէ ծրագրից։ Պետությունը որբացած երերախաներին աղքատության մեջ է պահում՝ պատճառաբանելով, թե նրանք Արցախից դուրս են եկել ավելի վաղ և չեն համարվում բռնի տեղահանված։

«Ինձ մերժել են, ասել են, որ դու ապրիլին ես եկել, չես համարվում բռնի տեղահանված, բայց ես հիմա չունեմ այստեղ, տուն ու աշխատանք։ Մենք ամուսնուս աշխատավարձով էինք ապրում։ Ոչ մի աջակցություն չեմ ստանում, բարեկամներս են օգնում, ամուսնուս եղբայրն է օգնում, եղբայրս էլ երեք երեխաների տեր է, ես ու մայրս ենք, հայրս էլ Կապանի դիրքերում է»,- Forrights.am-ի հետ զրույցում ասում է Ժենիկ Սարգսյանը։

Forrights.am-ի հետ զրույցում Ժենիկ Սարգսյանը պատմեց, որ 2023 թվականի ապրիլին ամուսինը՝ Աբել Գաբրիելյանը, ստիպել իրեն ու երեխաներին դուրս գալ Արցախից, քանի որ ինքը պայմանագրային զինծառայող է եղել  և գրեթե միշտ դիրքերում է անցկացրել իր ժամանակը։  «Այս տարվա ապրիլն էր, ասաց՝ Ժենյա, եթե, Աստված չանի, կռիվ սկսվի, իմ ուշքն ու միտքը դուք եք լինելու, գնա Հայաստան, հետո, որ լավ կլինի, երեխաների հետ հետ կգաս։ Այդ թեմայով անընդհատ կռվում էինք, ասում էի՝ ես ո՞նց քեզ թողնեմ գնամ։ Մի խոսքով համոզեց, ես երեք երեխաների հետ եկա»։

Ընտանիքն Արցախում ապրել է Աբել Գաբրիելյանի աշխատավարձով և 47 հազար դրամ նպաստով։ «Դիմեցինք սոցապ, որ նպաստ ստանանք, բայց, քանի որ մենք զագսավորված չէինք, ինքն էլ երեխաների հայրությունը չի ճանաչել, Էջմիածնի սոցապը ինձ կոպտորեն մերժեց։ Ասում են՝ ինչ իմանանք, որ իր երեխաներն են, որ եկել մեզանից թոշակ եք պահանջում։ Ծննդական ունեն, բայց իմ ազգանունով են երեխաները, քանի որ ծննդականները հանելու ժամանակ ինքն իր անձնագիրը կորցրել էր, իմ ազգանունով են, բայց հայրանունն նշված է Աբելից»,-ասաց Ժենիկ Սարգսյանը։

Աբելն ու Ժենիկը 2017-18 թվականներին են տեղափոխվել Արցախ, բնակվել են Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում։ Մայրը երեխաների հետ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ստիված է եղել լքել Արցախը, եկել են Էջմիածին, բայց հրադադարից հետո վաճառել ու նվիրել է իրենց հետ Արցախից բերված գույքն ու էլի վերադարձել Քոլատակ ապրելու։ Այս երեք տարիների ընթացքում զրոյից էին ստեղծել ապրելու համար պայմանները, հիմա դարձյալ ոչինչ չունեն։

38-ամյա Աբել Գաբրիելյանը զոհվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ ադրբեջանական կողմը պատերազմ է սկսել Արցախի դեմ։  «Սեպտեմբերի 16-ի գիշերն ինձ զանգեց ու ասաց, որ համար մեկ են տվել, վիճակը վատ է, ես բարձրանում եմ դիրքեր, ես այնպիսի տեղ եմ գնում, որ կապ չի լինելու, չանհանգստանաս։ Սեպտեմբերի 16-ից էլ իրենից ոչ մի լուր չիմացանք, մինչև, որ իմացանք, որ ինքը չկա»,-Forrights.am-ի հետ զրույցում պատմեց կինը՝ նշելով, որ ամուսինը մեկ անգամ ձայնային հաղորդագրություն է ուղարկել։

«Ասաց, որ չանհանգստանամ, երեխեքին լավ նայեմ, վերջում էլ ասաց՝ դուխից չընկնես, լավ է լինելու։ Դրանից հետո զանգում էի, անհասանելի էր։ Սեպտեմբերի 24-ին, երբ բոլոր ողջ մնացածներին իջացնում էին Մարտակերտից, զանգեցի համարներից մեկով․ հարցրերցի՝ Աբելն ո՞ւր է, պատասխանեց՝ քուրջ ջան, ցավակցում եմ, ինքը զոհվել է․․․ մինչև վերջ չեմ հավատացել, մինչև սկեսուրիս եղբայրը չի գնացել դիակը ճանաչել։ Երկու օրում էլ բերեցին Հայաստան»,- հիմա կնոջ միակ մխիթարանքն այն է այսքան ցավի ու տառապանքի մեջ, որ ամուսինը հուղարկավորվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում, ինչպես ինքն է նշում, «գանե լացելու տեղ ունեն»։

«Կռիվը, որ սկսվել է ինքն ու իր վաշտը շրջափակման մեջ ենք ընկել, հասկացել է, որ այնտեղից դուրս չի գա։ Ընկերներին ասել է՝ մենք ձեզ պահենք դուք իջեք, հետո դուք մեզ պահեք, մենք իջնենք։ Օգնել են, վեց ընկերները դուրս են եկել, բայց ինքն ու հրամանատարն էլ ուժ չեն ունեցել, որ կռվեն, շրջափակման մեջ են եղել»,-կինն ասում է, որ ընկերները հազիվ են Աբելին դուրս բերել թշնամու վերահսկողության տակ անցած տարածքից։ Ընտանիքին փոխանցել են Աբելի վերջին խոսքերը․ «Մահվանից առաջ ասել է՝ մի երազանք ունեմ, ընտանիքիս տեսնեմ»,-ասաց կինը, որը հիմա կանգնած է լրջագույն խնդրի առաջ, թե ինչպես է մեծացնելու երեք անչափահաս երեխաներին։ Երկու տղա և մեկ աղջիկ ունի։

«Իրեն ավագ սերժանտ էին տվել, հերոսություն էր արել, փրկել էր ընկերներին։ Թուրքերը մտել էին իրենց մոտ, 2022 թվականին էր»,-ամուսնու հայրենասիրության և նվիրումի մասին խոսելիս հիշեց կինը։

Աբելի հայրն էլ զոհվել է արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1994 թվականին։ Մայրը՝ տիկին Ռիտան, նշում է՝ որդուն հնարավոր չեղավ հեռու պահել հոր ճակատագրից։

«Եկավ Արցախ, ասացի՝ ինչո՞ւ ես եկել, այստեղ պատերազմ է, ասում է՝ մամա, պատերազմ է, եկել եմ, որ ծառայեմ։ Գոռում էր վրաս, ասում էր՝ ես չգամ, էն մեկը չգա, ով պետք է գա ու պաշտպանի։ Ասում էի բալա, քո հերն էլ էն ժամանակ է զոհվել, հետս չէր խոսում, ասում էր՝ տենց բան չասես»։

Ընտանիքին օգնելու ցանկություն ունեցողները կարող են կապ հաստատել Forrights.am-ի խմբագրության հետ, հեռախոսահամար փոխանցելու համար։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

 

Pin It on Pinterest