Այսօր ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյա նը մամուլի ասսւլիսի ժամանակ հաղորդել է, որ Արցախից բռնի տեղահանված 100 հազար 520 անձ ժամանել է Հայաստան։ «Լեռնային Ղարաբաղում մնացել են պաշտոնատար անձինք և իհարկե բնակչության քիչ զանգվածը», — ասել է նա։
Բռնի տեղահանվածները, որոնց հետ զրուցել ենք, հայտնում են, որ այն փոքրաթիվ բնակիչները, որոնք այսօր մնացել են Ղարաբաղում, նույնպես ցանականում են տեղափոխվել Հայաստան։ Ոչ ոք չի հավատում Ադրբեջանի նախագահ Ալիևի խոստմանը, թե արցախցիների համար լավ կյանք է ապահովելու։
«Չեմ կարծում, որ որևէ մեկը մնա Արցախում։ Բոլորն էլ ուզում են գալ։ Պարզապես մարդիկ դեռ չեն կարողացել գալ», — վստահեցնում է Ստեփանակերտի բնակիչ Սաթեն Գաբրիելյանը, որը Քաշաթաղի շրջանից տեղահանվել էր դեռ 2021 թվականին։
«Մայրս ոչինչ չի պատմում գերության մասին, շատ վախեցած է»․ Սաթեն
Արցախում, Չլդրան գյուղում էր մնացել տարեց մայրը, որի հետ երկար ժամանակ կապ չուներ։
«Մայրիկիս հարձակման հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 19-ին գերի էին վերցրել։ Նա կորած էր, և 8 օր նրանից լուր չունեինք։ Ասում է, որ տարել են գերի, ադրբեջանցիները իրեն նկարել են։ Հետո «Կարմիր Խաչը» բերել, հասցրել է Ստեփանակերտ։ Ես անհանգսիտ էի, ոնց է գալու։ Մի ամբողջ օր սպասել է կառավարության շենքում։ Վերջապես ավտոբուս է նստել, սեպտեմբերի 29-ին ու հիմա ինձ մոտ է։ Մայրս ոչինչ չի պատմում գերության մասին, շատ վախեցած է։ հոգեբանորեն ընկճված վիճակում է։ Շատ վախեցած է», — պատմում է Սաթեն Գաբրիելյանը Forrights.am-ին։
Այս օրերին նա զբաղված է մոր հանար փաստաթղթեր հայթհայթելով, որից հետո անպայման դիմելու են հոգեբանների։
«Մենակ մի բուռ հող եմ բերել ու Դեդո-Բաբոյից մի քար»․ Իզաուրա
Բազմազավակ մայր Իզաուրա Բալասանյանը կիրակի է եկել ավտոբուսով, իր 4 երեխաների հետ։ 44-օրյա պատերազմից հետո նա 4 երեխաների հետ հայրենի գյուղից արտագաղթել էր Ստեփանակերտ, որտեղ տուն վարձելը բարդ էր ու թանկ։ Ի վերջո, հայտնվել էր փողոցում։ Ի նշան բողոքի, երեխաներին վերցրել, գնացել էր Շուշի, հանձնվելու։ Բայց ռուս խաղաղապահները թույլ չեն տվել դիմել այդ քայլին, անցնել ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող Շուշի։
Հիմա նա կրկին դրսում է, արդեն Երևանում։ Այս պահին ծվարել է 4 երեխաներ հետ արցախցի ազգականի 10 հոգանոց ընտանիքի վարձակալած փոքրիկ երկուսենյականոցում։ Բայց երկար մնալ, մարդկանց նեղություն տալ չի կարող։
«Էսօր գնալու եմ Էջմիածնում տուն կա, տեսնեմ>> — ասում է Իզաուրան։
Արցախում, Ջամիլու գյուղում նա 21 գլուխ անասուն է թողել։ Ամեն հորթուկի ծնվելուց ուրախանում էր։ Պարծենում էր, որ սև լոլիկ է կարողանում իր այգում աճեցնել, որ մարդիկ շրջափակման պայմաններում սոված են, իսկ ինքը կարողանում է պանիր, կաթ ստանալ, երեխաներին կերակրել։
«Հիմա իմ ամբողջ բերք ու բարիքը թողեցի, անասունս թողեցի, ծանոթից ավտոյով եկա։ Երեխաների «վեշերն» անգամ չկարողացա բոլորը վերցնել։ Մենակ մի բուռ հող եմ բերել ու Դեդո-Բաբոյից մի քար», — ասում է կինը։ Վստահեցնում է, որ այս օրերին շատերն էին Դեդո-Բաբոյից քար պոկում, տանում Հայաստան, որպես հիշատակ։
Իզաուրային ՀՀ իշխանություններն առաջարկել են գնալ Տավուշ, սահմանամերձ գյուղ։
«Երրորդ տունն եմ կորցնում, երրորդ անգամ տեղահանվում եմ։ Ես երեխեքի հետ ո՞նց գնամ սահման, պոստերի մոտ», — ասում է Իզան։ Վստահեցնում է, որ ոչ մի այլ օգնութուն չի եղել։ Խնդրում է, որ իրեն հասցեներ տամ, որտեղ մարդկանց սնունդ են բաժանում։
«Բա դու ինձ չե՞ս ճանաչում, Թալիշի բուժկետի պետն եմ»․ Լոռա
Բուժքույր Լոռա Ավանեսյանը Մատաղիսի մարտական դիրքից հեռացած վերջին զինվորականներից է։ Միակ կինն էր դիրքում։ Այսօր Եղվարդում է, ծանոթի տանը։ Երևանին մոտ բնակարան է փնտրում։ Էժան, մինչև 100 հազար դրամ։ Ավելին վճարել չի կարող։ Դառը մտքերով է թողել հայրենիքը։
«Վերջացրինք պատերազմը, ամեն մարդ գնաց իրա ճանապարհով։ Չհասկացանք էլ, ինչ կատարվեց։ Ոնց որ ոչ եղել էր բանակը, ոչ տեսել, ոչ լսել էինք։ Եկա, հասա Գորիս իմ «խոդով», այդտեղ գրանցվեցինք։ Մոտեցավ մի իրավաբան, մարդու իրավունքների պաշտպան, Նարինե անունով։ Ասեց՝ կուզե՞ք գնաք սահման։ Ասեցի՝ չէ, դեռ պատերազմից նոր եմ գալիս, դեռ ձեռքերս արյունոտ են, հոգեկանս նորմալ չի, չեմ կարողանա։ Կուզենամ տեղափոխվել Եղվարդ, բարեկամիս տուն։ Նարինեն ասեց՝ ես քեզ հասկացա, գնաց։ Եկան երկու տղամարդիկ։ Մեկի դեմքը ծանոթ էր, Մատաղիս էր ծառայել։ Ասեցի՝ բա դու ինձ չե՞ս ճանաչում, Թալիշի բուժկետի պետն եմ։ Ասեց՝ վայ, բուժքույր ջան, ոնց ես ծերացել, փոխվել, գրկեց, համբուրեց, աչքերը լցրեց։ Որոշեցին, որ մեզ օգնեն։ Մեզ տրամադրեցին տրանզիտ ֆորդ, մեզ՝ 5 կանանցով տեղափոխեցին Երևան», — պատմում է Լոռան։
Ասում է, որ պատրաստ չէր, որ կարող են Ղարաբաղն այսքան շուտ հանձնել, ու մի կտոր հող էլ չմնար, «մի մետր, որ մենք ասեինք՝ սա կոչվում է Ղարաբաղ»։
«Էսքան արյուն թափվեց, ու աննկարագրելի մի տեսարան․․․ Վիրավորներ եմ հանում։ Մինչև վերջին րոպեն նրանց կողքին եմ։ Չես պատկերացնի, թե մեր տան պատերը ինչքան եմ համբուրել։ Չեմ կարող նկարագրել իմ տրտմությունն ու հույզերը, թե ես ոնց Ղարաբաղից հեռացա։ Երեք պատերազմի մասնակցեցի, ապարդյուն։ Ապարդյուն էր տանջանքս։ Միակ արդյունքը տանջանքիս, որ սաղ եմ մնացել։ Բայց լավ էր, սաղ չմնայի։ Մահանայի ու ոչ մի բան չզգայի։ Ինձ էլ կբերեին, կթաղեին երեխեքի կողին ու կպրծներ դրանով Ղարաբաղն ինձ հետ։ Չեմ կարող ասել ոչինչ։ Էսքան տարի որպես միակ զինծառայող կին պոստում ե ծառայել, ու հիմա տկլոր, բոբիկ, դրսերում»։
Լոռան պատմում է, որ իր կողքին եղել են բժիշկներ, որոնք հրաժարվել են գնալ վիրավորների հետևից, ասելով՝ ո՞նց գնամ, կրակում են։ «Բայց էդ բժիշկն այսօր հերոս է, նրան մեդալ տվեցին, բնակարան էլ կտան, իսկ մեզ՝ ոչինչ»։ Լորետան հիշում է բոլոր վիրավորներին, որոնց ինքն է կրակից դուրս բերել, և նրանց, ովքեր մահացան, ու դիակները։ Ամենավերջինն ինքն է դուրս եկել դիրքից։ Նրանք ամեն գիշեր աչքին են գալիս։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: