41-ամյա Նարինե Սաֆարյանը քայլում է տան կիսախավար սենյակներով ու ցույց տալիս, թե հատակի, որ հատվածում են քնում իր 10 երեխաները։
«Այստեղ տղաս՝ Մարտն ու Գագուլիկը՝ քրոջս տղան են քնում»,-ասում է տիկին Նարինեն ու ցուց տալիս մի փոքրիկ մահճակալ։ Նախորդի նման կամ ավելի փոքր մեկ այլ մահճակալում ինքն ու իր հնգամսյա երեխան են քնում՝ Գայանեն,-«Աղջիկներս ՝ Լյուդմիլան, Աննան և տղաս՝ Րաֆֆին, քնում են հատակին»,-վեց-յոթ երեխա քնում է փոքրիկ սենյակի հատակին, մեկ այլ սենյակի հատակին էլ ամուսինն ու տղաներն են քնում։
Արցախի Ճարտար քաղաքից տեղահանված Սաֆարյանների 14 հոգանոց ընտանիքը ժամանակավորապես տեղավորվել է Մասիս քաղաքում գտնվող չորս սենյականոց մի տանը, որտեղ ապրում են նաև Նարինե Սաֆարյանի քրոջ և քրոջ ամուսնու եղբոր ընտանիքները։ Չորս սենյակը բաժանում են 23 հոգու մեջ։
«Մեծ տղաս՝ Մուրադը, 23 տարեկան է, Աննան՝ 19, Լյուդմիլան` 16, Արմանը՝ 14, Փիրուզան`10, Ռիման՝ 9, Մարատը՝ 8, Եվան՝ 5, Րաֆֆին՝ 3, Գայանեն էլ հինգ ամսական է»,-ասում է բազմազավակ մայրն ու նշում, որ մեծ որդին էլ է ամսուսնացած և ունի մեկ երեխա։
Հայրենիքում նրանց համար կացարան դեռ չի գտնվել։
«Առաջնային տան կարիք ունենք, որ տեղավորվենք, երեխաները սկսեն դպրոց գնալ»,- արցախյան շրջափակումից դուրս եկած, բայց հայրենիքի կորստից հետո նոր մարտահրավերներին դիմակայելու ուղիների մասին է մտածում տիկին Նարինեն,- «եթե սեփական տուն լինի, հողամաս լինի, կաշխատենք, կապրենք․ կարտոշկա կցանենք, լոբի, կանաչի, ամեն ինչ, պարապ չենք նստի»։
Սոցիալական առակա խնդիրների մասին զրույցը շատ կարճ է տևում։ Ընտանիքը չի կտրվում Ճարտարի մասին հիշողություններից։ «Ահավոր բան է, տուն ենք կորցրել»,-ասում է Նարինե Սաֆարյանը և հիշում այն դաժան պահերը, թե ինչպես ստիպված եղան լքել իրենց տունն ու բռնի տեղահանվել հայրենի Ճարտարից։
«Վեց օր վայենի ուրալում ենք մնացել, անձրև էր գալիս, երեխաները շատ վախեցած էին։ Պահ է եղել, որ ջուր չի եղել, շիշը վերցրել երեխաներիս համար ջուր եմ խնդրել, մի կտոր հարց, շաքարավազ, որ գոնե կարողանամ թեյ տալ Գայանեին։ Տանից հասցրել ենք միայն շոր վերցնել՝ փոքրերի համար, երեխաները ճանապարհին մրսել, հիվանդացել են։ Արմանը ճանապարհին ուշաթափվել է, մարդիկ են օգնել»,- մինչ գաղթի ճանապարհի դժվարությունները բազմադամ ընտանիքը ստիպված է եղել սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական հանցագործություններին դիմակայել։ Նարինե Սաֆարյանը երեխաներին թաքցրել է մահճակալի տակ, ապա գնացել են քաղաքում առկա ապաստարաններ և միայն ուշ երեկոյան վերադարձել տուն։
«Հավաքվեցինք տան մի սենյակում, որ քիչ, թե շատ ապահով էր, երեխաներին քնացրեցի հատակին, մինչև լույսը բացվի։ Երկու օր անցավ ասացին, որ բոլորը լքում են գյուղերն ու քաղաքները։ Մեր թաղում էլ մարդ չէր մնացել, բոլորը իրենց մեքենաներով դուրս էին եկել, մենք էլ մեքենա չունեինք, անտառի մոտ էինք ապրում։ Գնացի քաղաքապետին ասացի՝ ի՞նչ անենք, պատասխանց՝ ուրալ կա, եթե վարորդ կգտնեք, թող ձեզ հանի դուրս, ասացի չունենք, ասեց գնացեք տուն, սպասեք, բայց մենք էլ վախենում էինք»,-Նարինեի և երեխաների փրկությունը եղել է հարևան գյուղից՝ Սուսից եկած մի «Ուրալ», որի վարորդը պատրաստակամություն է հայտնել իր ընտանիքի հետ նաև իրենց դուրս բերել քաղաքից։
Ստեփանակերտի մուտքի մոտ խաղաղ բնակիչներին ստուգել են Ադրբեջանի զինված ոստիկանները, որից հետո նոր միայն թողել առաջանալ։ Ստեփանակերտ հասնելուց հետո ընտանիքը հինգ օր շարունակ դրսում է ապրել։ Նրանց հետագա գործողությունները որևէ պետական կառույց կամ պաշտոնյայի կողմից չի համակարգվել։
«Դրսում էինք քնում, կլինկոր էինք ճարել, որ մեքենան փակեինք, մրսում էինք։ Թուրքերն էլ մեր կողքով անընդհատ անցում էին ու ժպտում, ռուսն էլ իրենց հետ էր։ Հինգ օր մնալուց հետո ճանապարհ ընկանք ու երկու օրում հասանք Վայք։ Հակարիի կամուրջի մոտ թուքերը մտան մեր մեքենա, ստուգեցին, թե ովքեր կան։ Տղամարդկանց իջեցնում էին, ասում էին կքայլեք, կնստեք ձեր մեքենան, կգնաք»,-ասում է նա և հիշում, թե ինչպես են ուրախացել, երբ կամուրջ անցնելուց հետո իրենց են դիմավորել հայ ոստիկանները, ջուր և ուտելիք տվել։
Ընտանիքը հիմա հույս ունի, որ մշտական բնակության հասցե կունենա Հայաստանում, կապրեն և կշենացնեն իրենց երկիրը։ 14-ամյա Արմանն արդեն մտածում է ՀՀ զինված ուժերում ծառայելու մասին, հարցնում է․ «Ինձ բանակ կտանեն չէ՞, ես ուզում եմ ծառայել,-մինչ այդ, սակայն, մտածում է աշխատանք գտնելու մասին։ Պատմում է, որ Ճարտարում տարբեր աշխատանքեր է կատարել։ Հետաքրքրված է նաև դպրոցում ուսումը շարունակելու մասին։ 8-րդ դասարանի վկայականն այրել են Ճարտարi դպրոցում, մտահոգված է՝ ինչպես է դպրոց ընդունվելու։
Իսկ ահա Աննան ցանկանում է Երևանում շարունակել Ստեփանակերտում կիստա թողած դիզայների իր մասնագիտությունը, միայն թե դիպլոմը չի հասցրել վերցնել, բռնի տեղահանությունը ժամանակ չի տվել։ Աննան նաև իր համար հագուստ չի վերցրել, անչափահաս քույրերի և եղբայրների կարիքների մասին է մտածել, որ ճանապարհին չմրսեն։
Սաֆարյանները տուն են ուզում, հողամաս, որ աշխատեն ու ապրեն։ Հայաստանից հեռանալ չեն ցանկանում։
Ընտանիքին օգնել ցանկացողները կարող են դիմել խմբագրություն՝ հեռախոսահամարը և այլ տվյաներ փոխանցելու համար։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։