Արցախցիները հրաժեշտ են տալիս իրենց հայրենիքին։ «Տխուր ենք, չեմ կարողանում նկարագրել ինչ եմ զգում։ Ես գերադասում եմ իմ հետ մի դեպք լինի, մահանամ, բայց այս պահերը չապրեմ»,- Forrights.am-ի հետ զրույցում ասում է Ստեփանակերտի բնակչուհի Լիանան։ Նա վեց երեխայի մայր է, վերջինը ծնվել է շրջափակման ընթացքում։

Արցախցիների բռնի տեղահանումը սկսվեց սեպտեմբերի 24-ից։ Նրանք չեն ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում։ Արցախից հեռանում են արցունքներն աչքերին։ Ֆեյսբուքը ողողված է տեսանյութերով, թե ինչպես են Մարտունու, Ճարտարի, Ստեփանակերտի և մյուս բնակավայրերի բնակիչները հրաժեշտ տալիս իրենց հայրենիքին՝ խոսելով տների, քարերի, ծառերի և արցախյան օդի հետ։

Ճարտարի բնակչուհի Անուշը ֆեյսբուքյան ուղիղ եթերում բարձունքից հրաժեշտ է տալիս հայրենի քաղաքին․ «Իմ հայրենիք, ինձ ների, ուզում չիմ թողիմ իմ տունս, իմ տեղս․․․ Խի ես էսքան ղաշանգ, որ կռվախնձոր ես դարձել»,-խեղդող արցունքների մեջից լսվում է Անուշի ձայնը։

«Սպասում ենք մեր հերթին, ասում են՝ ավտոբուսներ կտրամադրենք։ Հստակ օր չեն ասել, թե երբ ենք դուրս գալու։ Վախեցած սպասում ենք»,-Forrights.am-ին ասաց Ճարտար քաղաքի բնակիչներից Նարինեն։

«Չգիտեմ, ահավոր է, լացում ենք, արդեն թուլացել ենք, մեր տները լքում ենք»,-բազմազավակ մայրը խոսքեր չի գտնում իր ցավը նկարագրելու համար։ Հիշում է՝ մեկ տարի առաջ տեսել է, թե ինչպես են հեռանում Բերձորի, Սուսի և Աղավնոյի բնակիչները, հիմա սարսափելի իրավիճակն իրենց է հասել։ «Չենք պատկերացնում մեր կյանքն ադրբեջացիների հետ, վախենում ենք»,-ասում է նա ու նշում՝ հավաքել են իրերը, սպասում են, որ մեքենա լինի՝ Ստեփանակերտ հասնելու համար։ Նրանց ճանապարհը ադրբեջանական տանկն է փակել։

«Գրուզավոյ մեքենա կա, բայց ասում են՝ իմ երեխաները փոքր են, դրանով ոնց տանենք, կմրսեն։ Ես էլ ասացի՝ էնքան, որ հասնենք Ստեփանակերտ․․․ բայց ճանապարհը փակ է մեր կողմից։ Թուրքը կանգնած է ճանապարհի վրա, տանկ են կանգնացրել։ Եթե փակ չլիներ, մենք այստեղ չէինք լինի։ Մարդիկ անտառներում են, իրար կորցրել են։ Ընտանիքներ կան, որ դեռ իրար չեն գտել, քույրս ամուսնուն է փնտրում։

Տեսա, թե ոնց են Կարմիր Շուկայի բնակիչները ոնց վեշերը դրել բագաժնիկի վրա, երեխաների, տարեցների հետ Ճարտարով գնացին Գիշի։ Այնտեղ բենզին են տալիս, որ ճանապարհները բացվի, գնան Ստեփանակերտ, այնտեղից էլ Հայաստան։ Մինչև Ստեփանակերտ հասնելը երևի ճանապարհներին կմնան՝ գիշերը, մինչև բացեն թուրքերը։ Քուրս հիմա ճանապարհին է՝ Գիշիում»,-ասում է նա ու նշում, որ զրկված են արտաքին աշխարհի հետ կապից, չունեն ջուր, լույս և ինտերնետ։  Տիկին Նարինեն որէև դրական լուր ստանալու հույսով երբեմն գնում է քաղաքապետարանի շենքի մոտ։

«Տանից դուրս չենք գալիս, միայն գնում ենք քաղաքապետարանի մոտ նորություն լսելու, թե ինչով են մեզ տանելու։ Գնացել էի քաղաքապետարանի մոտ ռուսի մեքենաներ էր՝ դրոշով, մի հատ էլ առանց դրոշ մեքենա կար, ասում էին, որ ադրբեջանցիներն են։ Ես, որ իմացա թուրքն է, վախեցա, մի անգամից տուն գնացի»,-ասաց նա։

Դատարկվող Ճարտարում, այնուհանդերձ, հուղարկավորություններ են լինում, հիմնականում գիշերային ժամերին, պատմեց Forrights.am-ի զրուցակիցը։

Ճարտարում Հայաստան գալու հուսյով սպասում են նաև Թաղավարդի բնակիչները։ Նրանց երեկ ժամը մինչև 18:00-ն է ժամանակ տրվել, որ լքեն գյուղը։ «Վերջին սրոկը էսօր է եղել»,-երեկ Forrights.am-ի հետ զրույցում ասաց Ռուդիկ անունով մի բնակիչ։

Գյուղացիները դուրս են եկել, Թաղավարդում էլ ոչ մի բնակիչ չկա։ Այս գյուղը 2020 թվականի պատերազմից հետո երկու մասի էր բաժանվել՝ ինչպես Սյունիքի մարզի Շուռնուխը։ Թաղավարդցիները, սակայն, այդ պայմանով էլ էին համաձակվել ու իրենց տներում ապրել, իսկ հիմա վերջնական են լքում գյուղը։ «Իմ տունն անցել էր թշնամու վերահսկողության տակ, ես երկու տարի իմ հորեղբոր տղայի տանն եմ ապրել, հիմա եկել եմ Ճարտար, սպասում եմ Հայաստան գալուն»,-ասաց նա։

Ստեփանակերտում բենզինի մեծ հերթեր են, յուրաքանչյուր մեքենա ունեցողի  10 լիտր բենզին են տալիս՝ մինչև Սյունքի հասնելու համար, եթե ունեն անձնական ավտոմեքենա, իսկ մյուսներին ավտոբուսներով են տեղափոխում։ Շատերին դեռ բենզին չի հասել։

«Ամբողջը դուրս են գալիս Արցախից։ Ով անձնական մեքենա ունի սպասում են, ռուսների ուղեկցությամբ դուրս են գալիս։ Հիմա Շուշիի ճանապարհով մեքենաները գնում են, այստեղից լույսերը երևում են»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց Լիանան։

Երեկ ամբողջությամբ դտարկվել է  Մարտակերտ քաղաքը։  Բնակչուհիներից մեկը  հրաժեշտի տեսանյութ է հրապարակել քաղաքից և նկարագրում է, թե բնակիչներն ինչ վիճակում են։ «Ժողովուրդը դատարգյուն դառած, քոչերը կապած, կալոն կազմած, լոխ լաց ին իննան։ Սա ի՞նչ է, գժվեցինք էստեղ, հաջող մեր հարազատ Մարտակերտ, սիրտս դուրս է գալիս»,- ասում է բնակչուհին։

Նարեկ Կիրակոսյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest