Մեկ տարի առաջ այս օրը` 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, 224 զինծառայող անմահացավ հայրենիքի սահմանները պաշտպանելու համար։ Ադրբեջանական կողմը կեսգիշերին հարձակվել էր Սյունիքի, Վայոց Ձորի ու Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ բնակավայրերի վրա։ Շուրջ երկու ժամ Պաշտպանության նախարարությունը որևէ տեղեկություն չէր տրամադրում, հանրությունը ստեղծված իրավիճակի մասին լուրեր էր ստանում սահմանամերձ բնակավայրերի բնակիչների ֆեյսբուքյան հրապարակումներից։
«Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ»,-ժամը 01:00-ին առաջին տեղեկությունը հրապարակեց ՊՆ։
Չնայած, որ ՊՆ խոսնակը պարբերաբեր սկսեց դիրքային մարտերի մասին տեղեկություններ տալ, բայց, այնուհանդերձ, այդպես էլ պաշտոնապես չհրապարակվեց հայրենիքի համար զոհված տղաների անունները, հանրությունն այդպես էլ չտեղեկացավ, թե ում է պարտական հայրենիքի պաշտպանության համար։ Նշենք, որ Forrights.am-ն այցելել է մի քանի tտասնյակ տղաների ընտանիքներ և լուսաբանել նրանց սխրագործությունները։
Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի սեպտեմբերի 30-ին պատասխանելով այն հարցին, թե ինչու չեն հրապարակվում վերջին ադրբեջանական ագրեսիայի զոհերի անունները, տարակուսելի պատասխան էր տվել։ «44-օրյա պատերազմի փորձը հաշվի առնելով` մենք եկել ենք եզրակացության, որ ճիշտ է զոհվածների անունները ինստիտուցիոնալ նախատեսված մեխանիզմով հրապարակել։ Զինծառայողների ապահովության հիմնադրամում արձանագրվող ցուցակն է, անունները հրապարակվում են այնտեղ։ 44-օրյա պատերազմի զոհերի ամբողջական անունները նույնպես հրապարակվել են այնտեղ։ Կարծում ենք՝ ինստիտուցիոնալ մոտեցումն այդպիսին պետք է լինի։ Բայց զոհերի ցանկը չհրապարակելը չի նշանակում, որ գաղտնի է պահվում դա։ Բնականաբար, նույնականացված զոհերի ընտանիքները տեղեկացված են, եւ նաեւ իրենց ընտրությունն է… այսինքն, անունները կան, հրապարակվում են»,-հայտարարել էր Փաշինյանը։
Հայաստանի ղեկավարի այս հայտարարությունը խիստ մտահոգիչ համարեցին զինծառայողների իրավունքերի պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպանները։ Նրանց գնահատմամբ՝ ստացվում է, որ զինվորը որպես արժեք չի գնահատվում վարչապետի կողմից, քանի որ նրանց անունները հրապարակվում է ոչ այլ կոնտեքստով, ոչ թե բուն այն սխրանքի համար, որն իրականացրել են։
Նշենք, որ ամբողջ գիշերավ ընթացքում մարտերը շարունակվել են։ Ադրբեջանական կողմն ինտենսիվորեն կիրառել է հրետանային տարբեր միջոցներ, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և ԱԹՍ-ներ, թիրախավորել է ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները: Թիրախավորվել էր զբոսաշրջային Ջերմուկ քաղաքը։
Այս մարտական գործողությունների ընթացքում գերեվարվեցին նաև զինծառայողներ, որոնցից 11-ը սպանվեցին գերության մեջ։ Գերությունից վերադարձած 17 զինծառայողներից շատերը Forrights.am-ի հետ մարտական գործողություններից բացառիկ մանրամասներ են պատմել։ Նրանք նշել են, որ նահանջի հրամանը չի տրվել ժամանակին։ Զինվորներն, ըստ անհրաժեշտության, տեղակայման վայրը չեն փոխել, թիրախավորվել են թշնամու կողմից, ինչի պատճառով զոհվել են կամ գերեվարվել։
«ԱԹՍ-ների դեմ ավտոմատներով ենք կռվել, երկնքից կրակ է թափվել, միայն ավտոմատ ենք ունեցել, դրանով ի՞նչ պետք է անեինք։ ․․․ Մենք հյուծված ենք եղել, մեզ օգնության չեն հասել։ Ցերեկը խրամատ ենք փորել, գիշերը թշնամու դեմ ենք կռվել»,- Forrights.am-ի հետ զրույցում նշել են նրանք։
Պաշտպանության նախարարության, Զինված ուժերի և իշխանության վերին օղակների կողմից զինվորներն անտարբեր վերաբերմունքի են արժանացել։ Չեն տեսել որևէ աջակցություն։ «Մեր ուղղությամբ, մեր հետևից օգնություն չի եկել։ Աստղերից շատ անօդաչուներ էին գալիս, միայն ավտոմատներ էին մեր մոտ։ Դիրքերը նվիրում են, զինվորներին էլ հետը»,-գերությունից վերադառնալուց հետո նշել էր զինծառայողներից մեկը։
Պաշտպանական գերատեսչության անգործության հետևանքով որոշ զինծառայողներ գերեվարվել են նաև սեպտեմբերի 14-ին հայտարարված հրադադարից հետո՝ Ջերմուկի մատույցներում։ «Գերեվարվել ենք Ջերմուկ քաղաքից չորս կմ հեռավորության վրա՝ սեպտեմբերի 15-ի առավոտյան։ Շենքերը, լուսամուտներն, ամեն ինչ երևում էր, անտառն էր ու Ջերմուկը»։
Իսկ ինչ է փոխվել այսօր Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում՝ 2021, 2022, 2023 թվականներին տեղի ունեցած թշնամական ներխուժումերից հետո։ Forrights.am-ը զրուցել է Սյունիքի մարզի Ներքին Հանդի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի հետ։ Նա մեզ փոխանցել է, որ որևէ դրական տեղաշարժ չկա։
Պարոն Բաղդասարյան, ի՞նչ էր տեղի ունենում մեկ տարի առաջ և ինչ իրավիճակ է հիմա։
-Մեկ տարի առաջ պատերազմ էր, հողերը վերցրեցին, ջուրը կտրեցին։ Նույն իրավիճակը մնացել է, բան չի փոխվել։ Իրենց կուղմից գյուղը ամբողջությամբ դիտարկվում է։ Մեզ շատ մոտ են, 250 մետր է պոստը մեզանից հեռու։
Իսկ գյուղում տեղաշարժվելն անվտա՞նգ է։
-Դե, եթե դիտարկվում է, անզեն աչքով տեսնում ես, վտա՞նգ չի։
Որքա՞ն տարածք են Ներքին Հանդից օկուպացրել։
-Մի մասը վերցրել են, մի մասն էլ միջդիրքային է մնացել։ Բոլոր վարելահողերն, արոտավայրերը․․․ մոտ 250 հեկտար։ Գյուղատնտեսությամբ չենք զբաղվում, հող չենք մշակում, անասուն չենք պահում։
Ներքին Հանդը 55 բնակիչ ունի, համայնքի ղեկավարն ասաց, որ որևէ մեկը գյուղից չի հեռացել՝ անվտանգային խնդիրների պատճառով։
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: