Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային խմբի կացարանում զոհված 15 զինծառայողների գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել դատարան:
Մինչ այս՝ ս.թ. օգոստոսի 30-ին զոհված զինծառայողների ծնողները լիազոր ներկայացուցչի հետ հանդիպել են քննիչին՝ պահանջելով տրամադրել ողջամիտ ժամկետ՝ 22 հատոր գործի նյութերին ծանոթանալու և համապատասխան միջնորդություններ ներկայացնելու համար, որը քննիչի կողմից մերժվել է։ Նույն օրը միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ պահանջելով քննիչին հեռացնել տվյալ վարույթին մասնակցելուց՝ օրենքի կոպիտ խախտում թույլ տալու համար։
Տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը քննչական մարմինների այս գործելաոճն անհասկանալի ու անտրամաբանական է համարում՝ ընդգծելով, որ իրավապահ մարմինները այս հարցում գնացել են անթույլատրելի շտապողականության:
«Վերը նշված ծավալի քրեական վարույթի նյութերին ծանոթանալու նպատակով ընդամենը 3 օր տրամադրելը, քրեադատավարական նորմերի կոպիտ խախտումներով տուժող կողմի բազմաթիվ միջնորդությունները չքննարկելն ու անհետևանք թողնելը, նշանակված համալիր փորձաքննությունների եզրակացություններին չծանոթացնելը, դրանց վերաբերյալ համապատասխան դիրոքորոշում ներկայացնելու համար ողջամիտ ժամկետ չտրամադրելը վկայում է այն մասին, որ սույն քրեական վարույթով թե՛ քննչական մարմինը, և թե՛ դատախազությունը դրսևորեցին որևէ կերպ չարդարացված շտապողականություն և անհասկանալի շահագրգռվածություն գործը հնարավորինս սեղմ ժամկետներում դատարան ուղարկելու համար՝ կոպտորեն խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները, ինչպես նաև տուժողների իրավունքները»,- Forrights.am-ին ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը:
Նորիկյանն ընդգծում է, որ այս ամենը վկայում է, որ հնարավոր ամեն ինչ արվեց հանցագործությունը մինչև վերջ չբացահայտելու, մեղավոր անձանց ամբողջ շրջանակը չբացահայտելու, պաշտոնական վարկածը բյուրեղացնելու և հանրությանը հրամցնելու համար։
Զոհվածներից Հայկ Կիրակոսյանի հայրը ևս գործի նմանատիպ քննությունը աբսուրդային է որակում, պնդելով, որ այս գործն իսկզբանե ընթացել է օրենքի խախտումներով ու՝ «բացի պաշտոնական վարկածն առաջ տանելուց, չեն արել ոչինչ»:
«Ես էլ չգիտեմ՝ այս կառավարությանն ինչ անուն տամ, ինչ ասեմ իրենց, ամենավերջին բառերն էլ ասեմ, իրենց քիչ է: Առաջին օրվանից արած հիմար հայտարարության ուղղությամբ տարան գործը, հիմա էլ ոտնահարվում են թե՛ ծնողների իրավունքները, թե՛ կարծիքները, գործը մտցնում են դատարան՝ պատճառաբանելով, թե գործից ինչ-որ հատված է կտրվում, որ մտնի դատարան»,- Forrights.am-ին ասաց Գաբրիել Կիրակոսյանը:
Կիրակոսյանը վստահ է, որ, եթե իրենք թույլ տան այդ կերպ գործը մտնի դատարան, ապա գործը, ըստ իրեն, չի տարբերվելու ո՛չ Հոկտեմբերի 27-ի, ո՛չ Մարտի 1-ի գործերից։ Նա նաև մտավախություն է հայտնում, որ կարող են տասնյակ տարիներով պայքարել, բայց արդյունքի չհասնել:
«Պաշտոնական վարկածն առաջ քաշելուց զատ ոչինչ չեն արել, բառիս բուն իմաստով, քննիչն ամեն ինչ անտեսում է, ո՛չ մարդկանց առերեսում է անում, ո՛չ հարցաքննում, ամեն բան արեցին, որ պաշտոնական վարկածով գործը գնա դատարան, որ մի երկու թույլ օղակի գլխին ջարդեն ամենը, մի քանի տարի փակեն, գործն էլ վերջանա, գնա: Ծնողի կարծիքը, վիճակը, ապրումներն իրենց ընդհանրապես չի հետաքրքրում»,- նշում է Կիրակոսյանը:
«Նախապես ասել էինք, որ չենք բացառում կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդության ներկայացման հնարավորությունը, միաժամանակ՝ սպասելով նշանակված «Հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական ու շինարարատեխնիկական» համալիր փորձաքննության եզրակացությանը, սակայն ակնհայտ է, որ տուժող կողմն ապօրինի կերպով զրկվեց մինչդատական վարույթում իրացնել իր իրավունքները»,- ասում է տուժողների լիազոր ներկայացուցիչը:
Ծնողներն իսկզբանե չեն հավատացել պաշտոնական վարկածին ու զարմանում են, թե ո՛ր բանական մարդը կհավատա նման վարկածի, նրանց համոզմամբ սա ակնհայտ սուտ է, Կիրակոսյանն ընդգծում է՝ «անգամ Նիկոլի զոմբիներն այդ վարկածին չեն հավատում»:
«Որևէ հանդիպում չի եղել այս ողջ ընթացքում, դիմել էինք վարչապետի հետ հանդիպման, մեզ ոչինչ չտվեց, Պաշտպանության նախարարն ընդհանրապես որևէ կերպ ի հայտ չեկավ, կարելի էր մտածել, որ ինքն օրինակ՝ Առողջապահության նախարարն էր, բանակում նախադեպը չունեցող ողբերգություն է տեղի ունեցել, իսկ դա չբարեհաճեց նույնիսկ մի բառ ասի»,- ասում է Հայկի հայրը:
Կիրակոսյանը նեղսրտած ասում է, որ քննիչն իրենց երեք օր ժամանակ է տվել 22 հատորանոց գործին ծանոթանալու համար, որ գործն ուղարկեն դատարան, իսկ նման ծավալի գործին երեք օրում ծանոթանալը, նա համարում է ուղղակի անհնար: Բացի այս՝ նա ընդգծում է, որ նորմալ հարցաքննություն չի իրականացվել, որ կան ծնողներ, որոնց երբեք չեն հարցաքննել, կան մարդիկ, որոնց չեն էլ ցանկանում հարցաքննել ու միանգամաից մերժում են այդ մարդկանց, որոնք ցանկություն են հայտնում ցուցմունք տալ, իսկ այդ բոլորն արվում է նրա համար, որ «գործի ընթացքը չշեղվի ու գնա պաշտոնական վարկածով»:
Տուժող կողմը չի պատրաստվում հաշտվել իրենց իրավունքների բացահայտ խախտման հետ:
«Պատասխանատու կերպով հայտարարում ենք, որ սույն գործով ծածկադմփոցի որևէ փորձ, փաստական տվյալների որևէ կեղծման փորձ, և սույն գործի բացահայտման ուղղությամբ որևէ խոչընդոտի, ճշմարտությունը բացահայտելու դեմ ուղղված որևէ քայլի չի հանդուրժվելու։Մեր ուժերի ներածին չափով անելու ենք առավելագույնը՝ սույն գործի բոլոր ու իրական հանգամանքները բացահայտլու համար»,- ասում է Նորայր Նորիկյանը:
Հիշեցնենք, որ սույն գործով մեղադրանք էր առաջադրվել զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Եղիշե Հակոբյանին և երկու զինվորական պաշտոնյաների:
Քրիստինե Աղաբեկյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: