Կիրակի, օգոստոսի 20-ին Կողբացու փողոցի բնակարաններից մեկում տրանսգենդեր Ադրիանային սպանող տղամարդը ձերբակալվել է։ Նրան հայտնաբերել են Բավրայի անցակետում, ՀՀ սահմանը հատելու փորձ կատարելիս։ Այս մասին այսօր հայտել է ՀՀ ոստիկանությունը։ Եւ զոհը, և սպանության համար ձերբակալվածը Արմավիրի մարզի բնակիչներ են։
Ինչպես հայտնի է, Ադրիանայի դիակը հայտնաբերել են փրկարարները։
Ժամը 17։00 սահմաններում 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբացի փողոցի 1-ին շենքի 11-րդ հարկի բնակարաններից մեկի լուսամուտից ծուխ է նկատվում։
Նրանք ջարդել են բնակարանի դուռը, մարել են կրակը և հատակին հայտնաբերել են դիակ, դանակի բազմաթիվ հետքերով։ Հարևանները հայտնել են փրկարարներին, որ սպանվածը տրանսգենդեր էր։
Ադրիանան 28 տարեկան էր։ Սպանության գործով այս պահին քրեական վարույթ է նախաձեռնված։ Դրանով զբաղվում են իրավապահները և ԼԳՏԲ անձանց իրավունքների պաշտպան «Իրավունքի կողմ» ՀԿ փաստաբանները։
Սպանվածը տրանսգենդեր, 28-ամյա Ադրիանային «Իրավունքի կողմ» ՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը անվանում է «տրանսգենդեր կին», մինչդեռ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ նա նշվում է որպես 28-ամյա տղամարդ։ Ըստ Լիլիթ Մարտիրոսյանի, սպանվածը իր ընկերներից մեկն էր։
Դեռևս 2019 թվականին Լիլիթը մարդու իրավունքների ազգային օրակարգի շուրջ ընթացող խորհրդարանական լսումների ժամանակ տրանսգենդերների նկատմամբ կատարված հանցավոր արարքների թիվ էր հնչեցրել՝ 283: Ասում է, որ այսօր դեռևս նոր թվեր չունի, սակայն ընտանիքի, հասարակության կողմից տրանսգենդեր անձանց նկատմամբ բռնությունների պատկերն ավելի դաժան է, թվերն ակնհայտորեն աճել են։
«Վերջին երկու-երեք ամսում 4-5 նման դեպքեր են եղել։ Մի տրանսին մուտքում են ծեծել, մյուսին ոստիկանները թմրանյութեր որոնելու պատրվակով մտել են տուն և առգրավել են նրան պատկանող 27 հազար դոլարը։ Դրա մասին բարձրաձայնել ենք, բայց ոստիկանությունը չի ցանկանում դա հետ վերադարձնել։ Ի վերջո, այս անգրագետ հասարակությունը, անպատժելիության մթնոլորտը բերեց նրան, որ մարդուն սպանեցին տան մեջ», — Forrights.am –ի հետ զրույցում ասում է նա։
Լիլիթ Մարտիրոսյանի ներկայացմամբ, Արիանան, ինչպես տրանսգենդեր մյուս անձինք, ծանր ճանապարհ է անցել, սեռափոխության վիրահատություն։ Նա չի հասկանում, ինչու հասարակությունը չի ընդունում տրանսգենդերներին, մարդկանց, որոնք ծնվում են այլ մարմնով, և երբ գիտակցում են, որ իրենց մարմինը չի համապատասխանում իրենց գենդերաին ինքնությանը, ցանկանում են ապրել մյուս գենդերում։
«Ես տեսնում եմ մարդկանց մեկնաբանությունները այս դեպքի հետ կապված ու ապշում եմ դաժանությանը։ Գրում են՝ լավ են անում, սպանում են, վառեք, մորթեք։ Բա սա քրիստոնյա ազգի վա՞րք է։ Հիշո՞ւմ եք, որ ֆաշիստական Գերմանիայում կոչեր էին հնչում՝ սրան վառել, նրան վառել, աշխարհը մերն է, սա թշնամի է և այլն։ Հիմա նույնը կատարվում է Հայաստանում։ Մեր ազգը չի հասկանում, որ չի կարելի ֆաշիզմով, ատելությամբ ապրել։ Մենք ապրում ենք հիմա Հայաստանի ամենաբարդ, ամենադժվար տարիները», — ասում է Լիլիթը։
Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հաճախ մեղադրում են ԼԳՏԲ անձնաց խրախուսելու, պաշտպանելու համար, դուք զգո՞ւմ եք նման աջակցություն իշխանության կողմից։ Մեր հարցին «Իրավունքի կողմ» ՀԿ նախագահը պատասխանում է․
«Իրականում չկա նման բան։ Այդ կեղծ նարատիվները ստեղծված են, որպեսզի ԼԳՏԲ-ն խառնեն էս նոր իշխանության հետ, որպեսզի քաղաքական շեղումներ տան։ Սա ԼԳՏԲ թիրախավորման ձև է։ Բոլոր ժամանակներում այս համայնքը քավության նոխազ է եղել, միշտ փորձել են նրան խառնել քաղաքականությանը, նրա միջոցով շեղել հասարակությունը հիմնական թեմաներից։ Եթե ընտանիքում բռնություն է տեղի ունենում՝ ԼԳՏԲ անձինք են մեղավոր, հասարակության մոտ քաղաքական վայրեվերումներ են լինում, մենք ենք մեղավոր։ Ուզում եմ հասկանալ, ինչքա՞ն է այսպես լինելու։ Մինչդեռ հանցագործությունները ԼԳՏԲ անձնաց դեմ չեն բացահայտվում, հանցագործները չեն պատժվում»։
Լիլիթ Մարտիրոսյանը հիշեցնում է 2018 թվականին Ժակլին Ա-ի հետ տեղի ունեցած դեպքը․ փետրվարի 28-ի գիշերը նրան խոշտանգել էին, խեղդել էին, փորձել էին սպանել, այրել էին Մաշտոցի պողոտայում գտնվող վարձով բնակարանը, որտեղ նա ապրում էր:
Նկատենք՝ կրակը տրանսգենդերներին պատժելու առանձնահատուկ, միջնադարյան միջոց է, կարծես։
Տրանսգենդեր կնոջը տեղափոխել էին հիվանդանոց։ Վիրահատությունը տևել էր 9 ժամ: 6 օր նա եղել է կոմայի մեջ: «Այս գործը հիմա ՄԻԵԴ ում է, մենք ՀՀ դատական ատյաններում հաջողության չհասանք։ Դեպքը չդիտվեց որպես գենդերային հողի վրա խտրականություն։ Բռնարարը պատասխանատվություն չկրեց, թեև նրան գտել էին»։
Ժակլին Ա-ին ծեծողը ծնունդով Ախալքալակից է: Ամուսնացած։ Ունի մանկահասակ երեխա: Նա Ժակլինին պատմել է, որ Վրաստանում կենակցել է տրանսգենդերների հետ: Հատկանշական է, որ այս գործով և քննիչը, և դատախազը հանցագործի կողմից էին։ Քննիչը փորձել էր Ժակլինին համոզել, որ ինքն է իր տանը հրդեհ սարքել։ Հանցագործն անգամ չէր կալանավորվել։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: