«Նայում եմ աչքերին, ինձ թվում է՝ բան է ուզում ասի»,- որդու շիրիմի մոտ՝ արցունքները զսպելով ասում է պատերազում որդուն կորցրած մայրը։
Ապարանի զինվորական պանթեոնի լռությունն ընդհատվում է ծնողների՝ անմահացած որդիներին ուղղված խոսքերով, օդում պտտվում է ծխացող խունկի բույրը։
Հանուն հայրենիքի զոհված տղաների գերակշիռ մասը 18, 19 և 20 տարեկան են, նրանց կողքին փոխգնդապետ Վահագն Սարգսյանն է՝ ինչպես մարտի դաշտում։
Փոխգնդապետը զոհվել է Օմարում՝ Մռավի լեռնաշղթայում, մարտական կարևոր նշանակության դիրքը վերցնելուց հետո։ Forright.am-ի հետ զրույցում պատմում են ծնողները։
Փոխգնդապետ Վահագն Սարգսյանի զինվորական ուղին սկսվել է Քարվաճառում՝ Օմարից։ 25 տարի շարունակ ծառայել է Արցախի և Հայաստանի լեռնային վայրերում։ Երկարատև ծառայությունից հետո փոխգնդապետն անցել էր վաստակած հանգստի, սակայն, այն կարճ տևեց․ 2020-ին կրկին վերականգնում է ծառայությունն ու դարձյալ մեկնում Քարվաճառ։ Ծառայությունը վերսկսելուց մեկ ամիս էլ չանցած սկսվում է 44-օրյա պատերազմը։
«Պատերազմը սկսվեց, գնաց Օմար․․․ ես չպետք է թողեի, որ գնա, մեղավոր եմ։ Գնաց ու չվերադարձավ։ Ասում էր՝ ես պետք է գնամ, ես զինվորական եմ»,- Forrights.am-ի հետ զրույցում ասաց մայրը՝ Ռեբեկա Անտոնյանը։
Փոխգնդապետը Սարգսյանը ռազմական կրթությունը ստացել է Սանկտ Պետերբուրգի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանում, հետո շարուանկել Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Մայրը նշում է՝ որդին ուշադիր էր բոլոր զինվորների նկատմամբ, նրանց աչքաթող չէր անում։
«Օմարի հրամանատարը զորքը թողել, գնացել է, ինքը գրասենյակում նստած ուղղություն է տվել, բայց որ տեսել է հրամանատարը չկա, ասել է՝ 18 տարեկան երեխաներին ո՞ւր թողնեմ մենակ»,-ասում է մայրը, իսկ հայրը՝ Աշոտ Սարգսյանը լրացնում է․ «Այդ երեխաներին, որ հանել են դիրքեր հետները հրամանատար, ավագ չի եղել, ինք ասել է՝ ո՞ւր եք այսպես տանում, գնացել է հետները»։
Հայրն ասում է՝ փոխգնդապետ որդին ազնիվ էր, անկեղծ «կոռուպցիայի մեջ թաթախված չէ, դաշտերում ծառայեց, դաշտերում էլ զոհվեց»։
Վահագն Սարգսյանի մարտական ընկերներն են ծնողներին որոշ մանրամասներ պատնել փոխգնդապետի հերոսություններից։ «Իր ընկեները հետո պատմեցին, որ թևից վիրավորվել է, ասել են՝ իջեցնենք, չի թողել։ Ասել է՝ եթե շատ կվատանամ, զենքը հանեք, ինձ կրակեք, դուք գնացեք առաջ, չթողնեք դիրքերը․․․ԱԹՍ-ն խփել է․․․»,-ասաց մայրը։
Ծնողները որդու զոհվելու տեղեկությունը պատահական՝ Պաշտպանության նախարարության հրապարակած ցուցակից են իմացել։
«Գիշերը ժամը երկուսի երեքի կողմերը զոհվածների անուններն էին հայտարարում, հանկարծակի լսեցի տղայիս անունը, չգիտեմ ինչ էր կատարվում, գիշերն եմ իմացել»,-ասաց հայրը։
Վահագն Սարգսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
Նարեկ Կիրակոսյան
Մանրամասները՝ տեսանյութում։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: