Մերի Հարությունյանը այսօր գտել է ու սոցցանի իր էջում տեղադրել է 44-օրյա պատերազմում զոհված միակ որդու՝ Բղդոյի նկարները, որտեղ նա ուրախ, երջանիկ, ընկերներով շրջապատված զվարճանում է Վարդավարի օրը։ Մայկա չկա վրան։ Ուսերը մերկ են։ Ուսերի վրա երևում են դաջվածքները, որոնց միջոցով հետագայում ճանաչել էին Բղդոյի մարմինը։

Թվում է՝ ոչ թե 3 այլ 100 տարի է անցել 2020 թվականի հուլիսյան այն կիրակի օրվանից, մի ամբողջ կյանք։«Երանի, էն օրը, տղաս անհոգ ապրում էր, ամեն ինչ ուրիշ էր, եւ մենք էինք ուրիշ, և մեր երկիրը», — հառաչում է Մերին։

Բաղդասար Արմենի Ղարիբյանը քառօրյա և 44-օրյա պատերազմի հերոսներից է,  ծնունդով  Արմավիրի Ջանֆիդա գյուղից։ Կամավորագրվել է հոկտեմբերի 5-ին։ Ընդամենը 5 օրից զոհվել է Ֆիզուլիում։

Կռվի գնալուց Բղդոյին ճանապարհել է հայրն ու Ռուզիկ անունով  մի աղջիկ։ Բղդոն ճամփին աղջկան ասել է՝ հանկարծ չլացես, որ պապան էլ չլացի։

«Սև հովազների» հրամանատար, հանգուցյալ Ռուստամ Գասպարյանի կողքին է կռվել։ Իսկ մինչ այդ ընկերների հետ Շուշիից աղետից փախչող մարդիկ է տեղափոխել Հայաստան։

Հրաձիգ էր, իսկ հրաձիգներն այն օրերին  պահանջված էին։ Գնացել է ռազմաճակատ առանց սպասելու, որ կանչեն իրեն։ Զոհվել է Ֆիզուլիում, 2020 թվականի հոկտեմբերի 10-ին: Հարազատները երկար ժամանակ չեն կարողացել գտնել մարմինը։ Նրանք պատմում են, որ երբ բայրաքթարը պայթեցրել է մեքենան, որի մեջ վիրավոր Բաղդասարն էր, նրա վրա ուրիշ տղայի  բուշլատ է եղել։ Ուրիշ տղայի անվան տակ էլ Բաղդասարի մասունքները պահվել են Հերացու վրա, դիահերձարանում։

«Դրա համար էլ չէինք գտնում Բղդոյի մարմինը։ 11 օր ու գիշեր Հայաստանի բոլոր մորգերը ման ենք եկել՝ Գորիս, Մեծամոր, Աբովյան, ինչ ասես, որ չենք տեսել։ Մի տեղ տեսանք, որ ադրբեջանցիների ոտ ու ձեռքերը առանձնացրել էին մեր երեխեքի մասունքներից։ Որոնց վրա, որ կիսալուսին էր դաջված, արդեն պարզ էր, որ դա մեր երեխեքը չեն։ Դրանք մորգերում առանձին էին դնում։ Հետո իրանք փոխանակեցին մեր զինվորների մարմինների հետ։ Բղդոյի մարմինը ոչ մի տեղ չկար։ Արդեն հուսահատվել էինք, վերջը գտանք Հերացու վրա։  Ծանոթ փոխգնդապետ կար, ասեց՝ մի երեխա կա, անունը ուրիշ ա, Արթուր Ղարիբյան, դեմքը չկա, ուսերին դաջվածքներ են։ Փեսաս՝ Արմենը, միանգամից վատացավ, ասեց, ես զգում եմ՝ իմ երեխեն ա։ Գնացինք՝ տեսանք Բղդոյի նակոլկեքն են։ Մի ուսին մոր անվան առաջին տառն էր, մյուս ուսին՝ հոր։  Տենց էլ գտանք երեխուն։ Դեմքը չկար, վառվել էր, բայց ուսերից ճանաչեցինք», — պատմում է Բաղդասարի պապիկի եղբայրը՝ Հովհաննեսը։

Երբ Բաղդասարը մահացավ, մայրը՝ Մերին, Ռուսաստանում էր, արտագնա աշխատանքների, խոհարար էր աշխատում։ Ասում է, որ հենց սկզբից դեմ է եղել, որ որդին գնա ռազմաճակատ։

«Իր հետ կամավոր գնացած 7 տղա է եղել, 7 հոգանոց խումբ։ Դրանց մեջ 2 մասիվցի տղաներ կային, նրանք Բղդոյիս ընկերներին խաբար արեցին, որ Բղդոն էլ չկա։ Իր ընկերներից մեկն էլ եկավ մեր տուն, չոքեց դեմս, ասեց՝ կներեք ինձ, Բղդոն իմ կյանքը փրկել է, իսկ ես իրան չկարողացա փրկեմ։ Իր  ընկերներից իմացանք, թե ոնց ա մահացել։ Վիրավոր տղայի ձայն է լսել, գնացել է, որ փրկի, ինքն էլ է վիրավորվել, ոտքն է վնասվել։ Դրել են ավտոն, բեռնատարի պես ավտո է եղել, վիրավորներով լիքը, ԱԹՍ-ը վերեւից խփել է», — պատմում է Մերի Հարությունյանը։

Հիմա ամեն մանրուք Բղդոյի կյանքից նրան արժեքավոր է թվում։ Մանրամասն պատմում է, թե ոնց էր Շուշիից փախստականներ բերում, ոնց էին իրեն գումար առաջարկում, ոնց էր հրաժարվում, ասելով, որ փողի համար չի մարդկանց օգնում։ Վթարի  մասին է պատմում, որ Շուշիից գալուց ավտոն ջարդեց, իրեն՝ մորը, չասեց, հորն էլ խոստացավ, որ կռվից կգա, կսարքի ավտոն։

Որդու մահվան օրը Մերին զանգել է ամուսնուն, ասել է, որ սիրտը վատ բան է զգում, արդյոք ինքը խոսացել է որդու հետ։ Բղդոն մի անգամ էր տուն զանգել, ասել էր, որ ամեն ինչ լավ է, չանհանգստանան։ Բայց հոկտեմբերի 10-ին Մերին հանկարծ մեջքի սուր ծակոց է զգացել ու ընկել է։ Զանգել է ամուսնուն ու ասել, որ սիրտը վատ բան է զգում։ Նրան ասել են՝ Բղդոն վիրավորվել է, որ վեր կենա, գա։ Հետո պարզվել է, որ ոչ թե վիրավորվել, այլ մահացել է։ ԱԹՍ-ի հարվածից ավտոմեքնենան, որի մեջ եղել է Բղդոն, վառվել է։ Տղայի դեմքը ամբողջությամբ այրված է եղել;

«Ես գնացի Հերացի, բոլորը տղամարդիկ էին։ Ոչ մի կին չկար։ Ես սարսափեցի, ինքս ինձ հարցրեցի՝ պատրաստ եմ լսելու իմ երեխու անունը, եթե նա ստեղ եղավ։ Ես չէի ուզում լսել, որ ինքը մահացածների մեջ է, բայց ուզում էի մի լուր լսել իրենից։ Հայտարարեցին, որ 6 դիակ է մնացել, մեկը՝ Արթուր Ղարիբյան։ Էդ պահին 6 հոգու մարմիններ ցելոֆանի մեջ, երեխեքին բերին, դրին գետինը։ Ես նայեցի, սարսափեցի։ Վայ, ձեր մերը մեռնի, ես էս ինչի եմ նայում։ Ու չէի պատկերացնում, որ մեկը կարա իմ տղեն լինի։ Աշխատողը ասեց, դուք մի նայեք իրան, դուք հիշեք նրան այնպես, ոնց որ ինքը ձեր մեջ տպավորվել է։ Մարմինը ինձ չթողեցին, որ նայեմ։ Ճանաչելու մտավ  ամուսնուս քեռու տղան ու դոշի նկարներից  ճանաչեց։ Մինչև հիմա նա խելքի չի գալիս։ Էդ դաջվածքները՝ Մերի ու Արմեն, ուսերին անելուց, ինձ ասել էր՝ մամ, քեզ ձախ կողմն եմ դնում, սրտիս կողմը, պապային՝ աջից, պապան չի նեղանա։ Էդ Վարդավառի օրը ես հիշում եմ։ Իրա նկարների մեջից գտա։ Էդ Վարդավառի նկարով էլ իրեն ճանաչել են», — իր ապրած դաժան օրերն է հիշում Մերին։

Այսօր նա մտածում է, որ եթե որդին ողջ մնար, ավելի մեծ կռիվների մեջ կընկներ։ «Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելուց հետո իր ընկերը շուշա ջարդողների մեջ էր։ Հետո նա գնաց, մի քանի ամիս նստեց։ Իմ կարծիքով, իմ Բղդոն էլ  կլիներ նրանց մեջ, եթե տեսներ, թե ինչ է լինելու հետո։ Խ՞ի, եթե դու տալու էիր, շուտ տայիր, էսքան զոհերը չլինեին»։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest