«Ես ու Երվանդը մտածում ենք, որ Աստված ոչ անի, եթե կռիվ սկսվի, մեզ մի բան լինի, էս վիդեոն կտարածեք, մեզ բացակա չդնեք, մեր անունները չմոռանաք․․․»,- այս բովանդակությամբ մի տեսանյութ տարածվեց հունիսի 28-ից հետո, երբ թշնամական կողմը մահացու հարվածներ հասցրեց Արցախի ՊԲ-ի չորս զինծառայողի։ Նրանցից մեկը ժամկետային զինծառայող, հրետանավոր Երվանդ Թադևոսյանն է՝ Արցախի Բերձոր քաղաքից։ Նա տեսանյութում ասում է․ «Տնեցիք, դուք էլ շատ ծանր չտանեք, հայրենիքի համար է, լինող բանը լինում է․․․»։

«Այդ տեսանյութը երկու ամիս առաջ է նկարել»,-Forrighst.am-ի հետ զրույցում ասաց Երվանդի հայրը՝ Հովհաննես Թադևոսյանը։ Ընտանիքն այն չէր տեսել մինչև Երվանդի զոհվելուց հետո սոցցանցերում լայն տարածում չի գտել։  «Միջնեկ տղաս է տեսել, վրան խոսացել է, թե ինչու ես այդպիսի բան անում»,-ասաց հայրն ու նշեց որդին այս ընթացքում բազմաթիվ փորձություններով է անցել, սակայն, իրենց ոչինչ չի ասել։

Երվանդը ծառայում էր Մարտակերտի Սրխավենդ գյուղի մոտակայքում։ Ծնողների համար որդու կորուստն աննկարագելի ցավալի է եղել, երբ ադրբեջանական կողմը դիտավորյալ թույլ չէր տալիս Հայաստան տեղափոխել Երվանդի դին՝ պատճառաբանելով, թե նա ՀՀ քաղաքացի է։

«Երվանդի վատ լուրից հետո, մեկ էլ ամենավատ լուրն այն էր, որ չէին թողնում տեղափոխել այստեղ»,-Երվանդի հոր բառերը փոխարիվում են արցունքերով,- «Այդ օրերին ես ամենածայրահեղ քայլերին պատրաստ էի, միայն էրեխեն գար, հասներ»,-ասաց մայրը։

19-ամյա Երվանդը մի շարք նպատակներ ուներ, ընտանիքում սպասում էին Երվանդի վերադարձին, պետք է միասին շենացնեին տեղահանվելուց հետո Վերին Դվին գյուղում գնված նոր տունը։ Երվանդը չհասցրեց տեսնել նոր տունը, մայրն ասում է՝ նկարներ էին ուղարկում վերանորգման աշխատանքերից, սակայն, տղան ընտանիքի անդամների լուսանկարներն էր ցանկանում տեսնել։ Նոր տանն այժմ Երվանդի իրերն են դրված՝ բեկորից խոցված հեռախոսը, ծառայության ընթացքում ստացած պատվագիրը և հետմահու ստացած «Մարտական ծառայություն» մեդալը։

«Այնքան նպատակներ ունեինք, մեր ամեն ինչը իր հետ էր կապված, ինչ անում էինք ասում էինք՝ Երոն փետրվարին գա։ Ուղղակի գիտեինք, որ պետք է սպասենք մինչև գա, էլ չէինք նեղվում, որ արձակուրդ չէր գալիս, որ հեռում է, որ շրջափակման մեջ են։ Ոգևորված սպասում էր, որ իր եղբայրն ամառը պետք է գնա իր մոտ ծառայելու»,-ասաց մայրը՝ Աննա Փալանջյանը։

«Էն ժամանակ, որ մարդկանց երեխաների դիակները բերում էին, ուրախանում էին․․․ասում էի՝ խի՞ են ուրախանում, էրեխու դիակն են բերել, չէի հասկանում ինչ եմ խոսում․․․ չգիտեմ։ է՜հ․․․ ասում էի մի զոհված զինվորի ծնող լինի, գա, մի խորհուրդ տա, թե ոնց կարելի է դիմակայել, եթե հնարավոր է»,-Երվանդի հոր խոքերն են։

Երվանդը ծնողների հետ վերջին անգամ խոսել է հունիսի 27-ի գիշերը՝ 23:09 րոպեին։ Մոր խոսքով՝ որդու զանգն այդ ժամին զարմանք է առաջացրել, քանի որ տղան հերթափահության ընթացքում երբեք չէր զանգահարում։  «Երևի սիրտը վկայել է, այդ ուշ ժամին զանգահարել է մեզ։ Եթե հերթապահ էր լինում գրում էր, որ չի զանգի, մինչև հերթապահությունը չհանձնի։ Այդ օրն էլ գիտեի, որ չի զանգելու, բայց գիշերը զանգահարեց, շատ զարմացա, խոսեցինք, հեռախոսը դրեցի սեղանին ու ասացի՝ Աստված, պահապան եղի իմ տղուն, միշտ ասում եմ»։

Երվանդին բանակ ճանապարհել է Բերձորի տնից, քեֆ են արել ու կատարել Երվանդի՝ Արցախում ծառայելու ցանկությունը։

Հոր միակ ցանկությունն է, որ պաշտպանվի ու չհանձնվի այն տարածքները, որի համար որդին ու այլ տղաներ են զոհվել։  «Ցավալին այն է, որ ասում են անիմաստ զոհեր են, երբ զոհերը լինում են, բայց արդյունը չես տեսնում, դա շատ է դաղում։ Գոնե իմանամ, որ զոհվելուց հետո մի նպատակի ծառայել է, մենակ այնպես չլինի, որ էլի տարածքներ տան, կամ էդ զորմասը, գյուղը․․․անձամբ ես կհամարեմ անիմաստ։ Կանգնեց պաշտպանեց, հետո տվեցին, ոնց որ մնացածը, բայց ես ոչ ոքի չեմ մեղադրում, մենք գիտակցաբար ենք մեր տղային ուղարկել բանակ, բայց այսպիսի բանի չէիք սպասում»։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Pin It on Pinterest