«Անատոմիկ է դարձել, չես տեսնո՞ւմ, հինգ-վեց հոգի մարդ է երևում»,-ասում է Վարդենիսի կենտրոնում խմբված տաքսու վարորդներից մեկը՝ ընդգծելով, որ օրն ավարտվում է, բայց գոնե մեկ հաճախորդ չի ունեցել, հնարավոր է՝ երեկոյան տուն գնա առանց գումար աշխատելու։

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքը ադրբեջանական զինուժի դիտարկման ներքո է։ Անվտանգային խնդիրներին զուգահեռ խորացել են սոցալական հարցերը, երբ փակվեց Սոթքի ոսկու բաց հանքավայրը։ Վարդենիսցիներն ասում են՝ տուն կա, որ երկու աշխատակից ուներ հանքում, հիմա գործազուրկ են դարձել։

«320 հոգու ազատել են։ Իմ տղան էր աշխատում, եղբայրս, եղբորս տղան, աշխատում էին, որ գոյատևեին։ Իմ տղան երկու երեխա ունի, գործ չունի»,-ասում է նա ու անցում կատարում անվտանգային խնդիրներին․ «Վախենալով, խուճապի մատնված ապրում ենք։ Մարդիկ, որ նստում են տաքսի ասում են՝ գիշերը կարող ա գան մեզ փրթեն։ Մի շուն, որ հաչում է բոլորս իմանում ենք, չենք կարողանում քնել»։

Սոթքի ոսկու հանքի բաց հատվածի աշխատանքների դադարեցման մասին հայտնի դարձավ հունիսի սկզբին, երբ ադրբեջանական կողմն ինտենսիվորեն կրակում էր հայկական դիրքերի ուղղությամբ։ Վարդենիսցիներն այս հանքավայրի վերաշահագործումն իրենց համար թե անվտանգային, թե սոցալական երաշխիք են համարում։ «Հանքը, եթե բացեն, աշխատի՝ հույս կունենանք, որ մեզ չեն կպնի թուրքերը (նկատի ունի՝ Ադրբեջանի ԶՈւ-ն չի կիրակի,-հեղ․)։ Այսօրվա դրությամբ, որ տեխնիկան լրիվ իջեցրեցին, մարդկանց ազատեցին, ուրեմն այստեղ մի բան այն չէ, պատերազմի եզրին կանգնած ենք»,-ասում է Վարդենիսի բնակիչը։

Սահմանամերձ քաղաքում հետևում են թե ռուսական, թե արևմտյան հարթակներում ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններին։ Բնակիչները դժվարանում են ասել, թե որ գերտերության մայրաքաղաքում են հայանպաստ քննարկումներ ընթանում, սակայն, քննադատություններ կան Մոսկվայի վարած քաղաքականությանը․ «Ռուսը չկանգնացրեց պատերազմը, այդքան զոհ տվեցինք, ես ոչ Ռուսաստանից, ոչ էլ էն մյուսից հույս չունեմ»։

«Լավ բան չկա»,-ասում է մեկ այլ բնակիչ՝ անվտանգային ու սոցալական խնդիրների վերաբերյալ հարցերին ի պատասխան ու անմիջապես հավելում․ «Ինձ թվում է անվտանգային խնդիրները ոչ էլ լուծվելու են, 100 տարի, եթե չի լուծվել, հիմա կլուծվի՞»։

Նիկոլ Փաշինյանի վարչապետության տարիներին նվազագույն կենսաթոշակը 16 հազար դրամից դարձել է 36 հազար դրամ, բայց վարդենիսցի թոշակառուներին այս գումարը չի բավարարում՝ գնաճը խեղդում է։ «40 հազարով ի՞նչ անեմ, թոռ ունեմ, երեխա ունեմ, սիգարետ եմ ուզում ծխել, կյանքից եմ ուզում օգտվել»,-ասում է բնակիչը։

Վարդենիսում լսվում են սահմանամերձ Սոթքի, Վերին Շորժայի և մյուս բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցները․ ի՞նչ պետք է անի պետությունը, որ սահմանամերձ բնակավայրերում բնակիչներն իրենց անվտանգ զգան։ Վարդենիսցիները մատնանշում են չլուծված նվազագույն խնդիրները․ «Ճանապարհը նայի՝ ասֆալտ չկա, ինչո՞ւ պետք է Երևանում հարթ ասֆալտ լինի, այստեղ՝ ոչ։ Մի բան կա, որ չեն սարքում, կարող է, ես շատ գիտեմ, տվցվի, վերցնեն։ Անվտանգ ո՞նց զգանք մեզ»։

Վարդենիսի կենտրոնական հրապարակում արագ սննդի բիզնեսով զբաղվող մի բնակիչ էլ քաղաքը կիսով չափ անվտանգ է համարում, կիչով չափ՝ վտանգավոր։ «Պատերազմական իրավիճակ է, չեմ բացառում, որ պատերազմ կլինի, բայց չենք վախենում, կարևորը։ Մեր երկիրն է, պինդ կանգնած ենք մեր հողի վրա»։

Վարդենիսում չեն կարծում, որ Մոսկվայում խաղաղության շուրջ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն, քանի որ, ըստ բնակիչների, Ռուսաստանն ինքն է պատերազմ սկսել։ Չնայած կան կարծիքներ էլ, որ պետք է ՌԴ-ում շարունակել բանակությունները, միայն թե, ըստ բնակիչների, պետք է Ռուսաստանի ղեկավարը փոխվի։ «Ամերիկան ո՞վ է, որ մեզ ճանապարհ ցույց տա, նրանք քանդող, ճանապարհ ցույց տվող չեն»։

Մեկ այլ վարդենիսցի էլ՝ գո՞հ է կառավարության գործունեությունից, հարցին ի պատասխան մատնացույց է անում քաղաքի կենտրոնում իրականացված նոր ասֆալտապատումը, որը մեքենաների անիվների ընթացքից քանդվում է. «Վախը սրտներումս ապրում ենք, Աստված տա, որ խաղաղություն լինի։ Յաբախտի ապրում ենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

 

 

 

Pin It on Pinterest